Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑ Է ԿԱՑՎԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

Հունիս 13,2002 00:00

ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑ Է ԿԱՑՎԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ «Ուրիշի բիզնեսն անգամ օրենքի սահմաններում խափանելը համարում եմ անընդունելի»,- ասում է «ՆՏ» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը։ – «Նոյյան տապանն» էլ ընտրեց դատարանների միջոցով իր խախտված իրավունքները վերականգնելու ճանապարհը, թեեւ «Ա1+»-ի փորձը պիտի վկայեր, որ դա փակուղի է տանում։ – Ես այդպես չեմ կարծում ու ավելի լավատեսորեն եմ տրամադրված։ Ուզում ես՝ «քաղաքական» անվանիր եղած գործընթացը, ուզում ես՝ «քաղաքական պատվեր», միեւնույն է՝ խոսքը վերաբերում է իրավունքների խախտմանը։ Հարցն այն է՝ իրո՞ք մարդիկ գործել են օրինականության սահմաններում, թե՞ խախտվել են օրենքները։ Եվ այստեղ կարեւոր չեն դրդապատճառները, թե ինչու են խախտել։ Տվյալ դեպքում, ես էական չեմ համարում դիտարկել խնդիրը իշխանություն-ընդդիմություն-իշխանություն- ազատ մամուլ հակամարտության տեսանկյուններից։ Ես ցանկանում եմ ընդգծել՝ մեր իրավունքները խախտվել են եւ դրանք վերականգնելու մի ճանապարհ կա՝ իրավական։ – «Նոյյան տապանը» նախկինում էլ էր փորձել միայն այդ ճանապարհով լուծել իր հաղորդումների 35-րդ կապուղիով հեռարձակումը վերականգնելու խնդիրը։ Ու թեեւ կար դատարանի համապատասխան վճիռը՝ հարցը կրկին չէր լուծվել։ – Բանն այն է, որ այդ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել մարտի 16-ին, երբ արդեն հայտարարված էր մրցույթը 35 կապուղու համար։ Այն, որ դատական գործընթացի մեջ էինք՝ գիտեին նաեւ Ազգային հանձնաժողովում (նրանց ուղարկել էինք մեր եթերը վերականգնելու վճռի պատճենը)։ Իմ կարծիքով, բարի կամքի առկայության կամ բացակայության հարց էր (իրավախախտումը թող դատարանը որոշի)՝ այդ հաճախության համար մրցույթ կարող էին եւ չհայտարարել։ Կարող էին հետաձգել մինչեւ աշուն, երբ արդեն լուծված կլիներ մեր խնդիրը եւ մեր օգտին կայացված վճիռը հնարավոր կլիներ ի կատար ածել: Ինչեւէ։ Վճիռը մեր ձեռքին ունենալով՝ մենք իրոք չկարողացանք վերականգնել եթերը, քանի որ ընդամենը 2 շաբաթ հետո այդ կապուղին կարող էր նոր տեր ունենալ: Մենք դիմեցինք այդ նույն 35 կապուղու մրցույթին մասնակցելու համար, որպեսզի վերականգնենք մեր եթերն այդ ճանապարհով։ Այլ խնդիր է, որ իրոք գտնում ենք, որ մեր իրավունքները խախտված են, քանի դեռ կա դատարանի վճիռ, որը պետք է կատարվի՝ անհապաղ վերականգնել «Նոյյան տապան»-ի եթերը։ Եթե Ազգային հանձնաժողովը՝ հաշվի առնելով դատարանի վճիռը, 6 ամսով հետաձգեր այդ կապուղու մրցույթը, այդ ժամանակ ե՛ւ դատարանի վճիռը կկատարվեր, ե՛ւ մենք չէինք դիտարկվի որպես չգործող հեռուստաընկերություն։ – Այսուհանդերձ, այս փակուղին հաղթահարելու առավել արդյունավետ ճանապարհն արդյոք ա՞յն չէ, որ «ՆՏ»-ն ուղղակի փորձի հաղթել աշնանը կայանալիք նոր մրցույթներում եւ ստանա այլ կապուղի։ – Անկեղծ ասած, այստեղ մեծ խնդիր եմ տեսնում։ Ինչքան էլ օրենքն անկատար լինի կամ փորձենք «գայլային մրցակցության» տարրեր մտցնել մեր կյանքի մեջ եւ համարել, թե դա բնականոն է, զուտ բարոյական, մարդկային տեսակետից չեմ տեսնում տարբերակ, որ մենք խափանենք ուրիշի կայացրած բիզնեսը։ Մարդիկ աշխատում են, ներդրումներ են կատարում, եւ գալիս է մեկ ուրիշը, որը թղթի վրա գրված ծրագրով միայն ջուրն է լցնում ձեր տարիների քրտնաջան աշխատանքը, ներդրումները եւ դուրս է շպրտում շուկայից: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ ոչ թե ազնիվ մրցակցությամբ, այլ լոկ խոստումներով: Սա համարում եմ մեծ անբարոյականություն։ – Այսինքն, բարոյակա՞ն չէ նախագահ Քոչարյանի այն պնդումը, թե հեռուստաշուկայում էլ են պետք նոր դեմքեր։ – Համաձայն եմ, որ շուկայում պիտի լինի մրցելու հնարավորություն՝ ռեալ մրցակցություն, հստակ չափանիշներով, հավասար ֆինանսական ռիսկի պարագայում: Մրցույթը պետք է նախատեսի փոխհատուցում կամ պայմաններ նոր ընկերությունների համար, օրինակ, մինչեւ մրցույթը կատարել նույնքան ներդրումներ, որքան արել է նախորդը եւ հետո նոր հավակնել շարունակել նրա բիզնեսը։ Օրենսդրությամբ այս հարցը չի կարգավորվել, քանի որ, ըստ իս, օրենսդիրը չի պատկերացրել, որ իր ընդունած օրենքի ենթաօրենսդրական ակտերը այնքան կխեղաթյուրեն բուն օրենքը, որ մրցման մեջ կմտնեն գործող ընկերությունները գեղեցիկ ծրագրերի հետ: Եվ ստեղծվեց իրավիճակ, երբ գործող հեռուստաընկերությունները որեւէ ձեւով պաշտպանված չեն։ Եվ այդ վտանգը կախված է յուրաքանչյուր գործող հեռուստաընկերության վրա: – Անդրադառնանք այն հարցին, թե ինչու պարտվեցիք։ Թերեւս բնական էր, որ եթե իշխանության միջամտությամբ թույլ չտրվեց «ՆՏ»-ին անգամ ալիք վարձակալել, թույլ չէի՞ն տա 7 տարով տիրանալ ողջ կապուղուն։ – Երբ դուք խոսում եք քաղաքական երանգների մասին, դուք խոսում եք ոչ թե բուն երեւույթի, այլ դրա պատճառների մասին: Այս պահին մենք չենք ուզում պատճառները քննարկել, որովհետեւ մեզ համար միեւնույն է, թե ինչ պատճառով է այն կատարվել, եւ ով է այն կատարել՝ հասարակ քաղաքացի՞, պաշտոնյա՞, թե՞ իշխանավոր։ Մենք աշխատում ենք բացահայտել կատարված իրավախախտումը՝ մինչեւ այնտեղ, որտեղ հնարավոր է։ – Այսինքն, «ՆՏ»-ն է՞լ է մտադիր Եվրոպական դատարան հասնել։ – Անպայմա՛ն։ Իրավախախտումը պետք է արձանագրվի՝ հետագայում չրկնվելու համար։ Նկատի ունեմ հիմնականում մրցութային կարգը, որ ընդունել էր Ազգային հանձնաժողովը, որը, մեր կարծիքով, ամբողջությամբ հակասում է օրենքի ե՛ւ տառին, ե՛ւ ոգուն։ Նման կարգով անցկացված ցանկացած մրցույթ արդարացի լինել չի կարող: Մենք դատարանում վիճարկում ենք այդ կարգը: Ազգային հանձնաժողովը չի պահանջել օրենքով նախատեսված փաստաթղթերը, որ հավաստիանա՝ ուղղակի խոստումների՞ հետ գործ ունի, թե՞, ասենք, իրական գումարների կամ սարքավորումների, թեեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի շատ կետերով նախատեսված էին նման փաստաթղթեր, ասենք՝ օրենքի 49-րդ հոդվածով։ Մրցույթի կարգում շրջանցված են բոլոր այդ պահանջները, եւ ստացվել է խոստումների մրցույթ, որոնք կարող են ամրագրված չլինել որեւէ էական փաստաթղթով։ Ես ուսումնասիրել եմ 35, 37 եւ 44 կապուղու հաղթողների մրցութային առաջարկները եւ համոզվել, որ ոչինչ չպարտավորեցնող նամակներ են այն փաստաթղթերը, որոնցով խոստացվում է, թե պիտի լինեն ներդրումներ եւ այլն։ – Գիտենք, որ այդպես է «Շարմի» պարագայում։ «Շողակաթն» է՞լ է նման փաստաթղթեր ներկայացրել։ – Ավելի վատ է «Շողակաթի» պարագայում։ Եթե տնտեսապես դիտարկվեն նրանց խոստումները՝ իմաստն այս է. այսքան գովազդ կունենանք եւ աշխատած գումարը կներդնենք։ Ընդ որում, էլի չկա որեւէ փաստաթուղթ, թե այդ գումարն իրոք երաշխավորված է. կան ուղղակի գեղեցիկ ձեւավորված աղյուսակներ։ – Չե՞ք փորձել Ազգային հանձնաժողովից բացատրություններ ստանալ, թե ինչու եք պարտվել։ – Հարցն այն է, որ, ինչպես օրենքն է պահանջում, մենք չենք ստացել պատասխան, թե ինչու են մերժել մեզ տրամադրել արտոնագիր։ Եվ պետք է հիմնավորեին, թե դուք առաջարկել եք, ասենք, այսքան տոկոս սեփական հաղորդումներ, իսկ «Շողակաթն»՝ այսքան (ի դեպ, մեր սեփական հաղորդումների գերակայությունն ավելին է)։ Պիտի, չէ՞, ինչ-որ մեխանիզմ լինի, որ ասեն՝ հանձնաժողովը որոշել է, որ տեխնիկական հնարավորությունները գնահատում ենք այսքան միավոր, քանի որ այս հարցում նրանցն ավելի լավն է, քան ձերը։ Այդպես են անում Համաշխարհային բանկը, քաղաքակիրթ բոլոր կառույցները։ Եվ ոչ թե 5 բալանոց համակարգով գնահատում են 4 չափանիշ։ – Դատարանում «Ա1+»-ի մերժված միջնորդություններից մեկն էլ վերաբերում էր հենց գնահատման այդ մեխանիզմը պարզելուն։ «ՆՏ»-ն է՞լ դիմեց նույն միջնորդությամբ եւ մերժվե՞ց։ – Մենք հատուկ հարցրինք՝ կա՞ ինչ-որ չափանիշների փաստաթուղթ, որ ընդունել է հանձնաժողովը, տվել իր անդամներին, որ իմանան՝ ինչը, ինչի համար եւ քանի միավոր են գնահատում։ Մեզ պաշտոնապես պատասխանեցին, թե չկա նման փաստաթուղթ։ Այսինքն, այժմ կարող եմ պնդել, որ օրենքով ամրագրված գնահատման 4 չափանիշները փաստորեն պահպանված չեն։ – «Ա1+»-ի դատի ժամանակ Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարեցին, թե օրենքի 49 հոդվածն իրենց չի վերաբերում, այլ դիմումատուին։ – Իսկ մեր դատի ժամանակ նույն փաստաբանները հայտարարեցին, թե իհարկե՝ վերաբերում է հանձնաժողովին։ Այն, ինչ ասել էին «Ա1+»-ի դատի ժամանակ՝ անհեթեթ էր եւ անօրինականություն. ինչպե՞ս կարող է օրենքի մի հոդված չվերաբերել հանձնաժողովին։ Մեր դատավարության ժամանակ օրենքների, կոնվենցիաների շուրջ 14 հստակ խախտումներ ենք ներկայացրել։ Այս խախտումների պարագայում, բնական է, որ անգամ ամենակողմնակալ դատավորը պիտի չեղյալ հայտարարեր կայացած մրցույթները։ Մեր հայտարարած 14 խախտումներից եւ մեկը հերիք է, որ չեղյալ համարվի մրցութային կարգը՝ որպես հեռուստատեսության ոլորտի օրենքներին հակասող։ – Բայց դա արդեն տնտեսական դատարանի իրավասության խնդիրը չէ։ Արդարադատության նախարարությունը պետք է չեղյալ համարեր այդ ենթաօրենսդրական ակտը, որ հակասում է օրենքին։ – Այո։ Այլ խնդիր չկա։ Մենք ոչ օրենքն ենք վիճարկում, ոչ էլ համարում ենք այն թերի։ Մենք պնդում ենք, որ Ազգային հանձնաժողովն իր որոշումով ընդունել է մի մրցութային կարգ, որը խեղաթյուրել է օրենքի տառը եւ ոգին։ Եվ այդ կարգով անցկացված մրցույթը չի համապատասխանում այն պահանջներին, որոնցով, ըստ օրենքի, պիտի անցներ մրցույթը։ – Այսինքն, եթե արդար վճիռ լիներ, ոչ թե, ասենք, «Շարմը» կամ «Շողակաթը» պիտի պարտված ճանաչվեին, իսկ «Ա1+»-ն եւ «ՆՏ»-ն՝ հաղթանակած, այլ պիտի անվավեր հայտարարվեին այդ մրցույթնե՞րը։ – Այո։ Մենք գտնում ենք, որ անգամ իրենց պարտվելու եւ մեր հաղթելու դեպքում արդարությունը պահանջում է արձանագրել. Հայաստանում օրենքի նման խախտումներով չի կարելի մրցույթներ անցկացնել: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել