Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսուչները ընտրովի մեքենաներն են կանգնեցնում

Հունիս 13,2002 00:00

Տեսուչները ընտրովի մեքենաներն են կանգնեցնում «Հակաստվեր» հասարակական կազմակերպության հրավերը երեկ հարկ չէին համարել ընդունել ՆԳՆ պետավտոտեսչության պատասխանատուները։ Հավանաբար, նրանք ասելիք չունեին։ Եվ ասելիք չունեն այն պատճառով, որ պետավտոտեսուչների գործունեությունն ամեն օր մեր աչքի առաջ է եւ այն ամենաթափանցիկն է «կարգազանց» վարորդներին գրպանելու հարցում։ Փոխարենը հրավերն ընդունել էին «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության միության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, տեղակալը՝ Վլադիմիր Ղազարյանն ու իրավախորհրդատուն՝ Վարդուհի Էլբակյանը։ «Հակաստվերի» հարցն ուղղված էր մասնակիցներին. օրե՞նքն է անկատար, թե՞ պարզապես օրենքի ոտնահարումը։ Ըստ «Հակաստվեր» հ/կ նախագահ Վագա Ամիրխանյանի, «Իրավական պետությունը սկսվում է փողոցից» եւ այդ առումով կարեւորվում են վարորդներ- տեսուչներ փոխհարաբերությունները։ «Աքիլլես» հ/կ նախագահի տեղեկատվությամբ՝ հանրապետությունում կա մոտ 227 հազար ավտոմեքենա, որից 180 հազարը՝ մարդատար։ Ինչո՞ւ ենք գրում «մոտ» արտահայտությունը, քանզի ՆԳՆ պատկան մարմինները խուսափել են կազմակերպությանը տեղեկատվություն տրամադրել։ Ավելին, ըստ 29.03.01թ. թիվ 35/382 գրության, ՆԳ նախարարի տեղակալ Ա. Մահտեսյանի գրության, «նախարարությունը նման տեղեկություններ տրամադրելը նպատակահարմար չի գտնում»։ Ի դեպ, «նման տեղեկությունների» մասին։ Ըստ նախարարի տեղակալի, այդ տեղեկությունները վերաբերում էին «տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ հայտնելուն», ինչը, կարծում ենք, պետական եւ ծառայողական գաղտնիք չէ եւ ՆԳՆ-ն պարտավոր էր այն տրամադրել կազմակերպությանը։ Առնվազն տարօրինակ էր նաեւ պատասխան գրության մեջ հետեւյալ ձեւակերպումը եւս. «ՆԳ նախարարությունը չի միջամտում հասարակական կազմակերպությունների գործունեությանը»։ Ստացվում է, որ տեղեկությունների տրամադրումը միջամտությո՞ւն է… Պրն Հովհաննիսյանը բերեց խիստ մտահոգիչ մի տվյալ էլ. վարորդները ամեն 3 տարին մեկ պետք է ենթարկվեն բժշկական զննության։ Վերջին 3 տարվա մեջ զննվել է 20 հազար վարորդ… Ըստ «Հակաստվերի» հյուրերի, տեսուչները ընտրովի վերաբերմունք ունեն վարորդների նկատմամբ. «Տեսուչը ընտրովի է կազմում արձանագրությունները։ Մենք չենք հանդիպի «000…» մակնիշի, խուճուճ համարներ ունեցող ավտոմեքենաների», ասում էին նրանք։ Խոսվեց նաեւ «մանրուք» թվացող մի փաստի մասին եւս. երբ վարորդներից (լիազորագիր ունեցող) պահանջվում է նոտարական վավերացում «ավտոմեքենա վարելու» փաստաթղթի համար։ ՀՀ ԱՆ նոտարիատի վարչության պետ Մ. Գաբոյանի պատասխանն ուղղված «Աքիլլես» հ/կ-ին՝ կարելի էր պարզապես միլիցիայի օրվա առթիվ բազմացնել եւ նվիրել պետավտոտեսուչներին։ Այնտեղ ասվում է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածի 2-րդ կետի համաձայն, նոտարական Ձեր պահանջվող գործարքները կնքելու համար է անհրաժեշտ լիազորագիրը կնքել նոտարական կարգով։ Հետեւաբար ավտոմեքենա վարելու լիազորագիրը նոտարական վավերացում չի պահանջում»։ Երեկ մեր հյուրերը տեղեկացրին, որ տպագրել եւ բազմացրել են «ճանապարհային երթեւեկության կանոններ» գրքույկը (5 հազար օրինակով) եւ «Հիշեցում վարորդին» (իրավաբանական օգնության համար, 15 հազար օրինակով) հուշաթերթիկը։ «Աքիլլես» կազմակերպության 2 հայց բավարարվել է եւ «կարգազանց» վարորդների՝ տեսուչների կողմից առգրավված վկայականները ետ են վերադարձվել։ Այնուամենայնիվ, հարեւան պետությունների հետ համեմատելիս, նկատելի է, ըստ Է. Հովհաննիսյանի, որ տուգանքների թիվը կրկնապատիկ, եռապատիկ բարձր է։ Հետեւաբար, մեր հյուրերը չբացառեցին, որ առաջարկություններ կանեն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու առումով։ Առայժմ գործում է. «վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իսկ շարունակվող իրավախախտումների դեպքում՝ այն բացահայտելու օրվանից 2 ամսվա ընթացքում» կետը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել