Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԽՄԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌԸ

Հունիս 13,2002 00:00

ԲԱԽՄԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌԸ Խորհրդարանական տապալված եռօրյայից գոհ են թե իշխանամետ եւ թե ընդդիմադիր պատգամավորները: Առաջինները խորապես բավարարված են, որ թույլ չեն տվել քննարկել նախագահի պաշտոնանկության հարցը, եւ դրանով հավելյալ միավորներ են վաստակել «երկրի շեֆերի» մոտ: Երկրորդները գոհ են այն պատճառով, որ զավթել էին ԱԺ ամբիոնը եւ, ըստ էության, խոչընդոտել էին օրակարգային մնացած հարցերի քննարկումը: Եվ մինչ իրենցից գոհ պատգամավորները կամաց-կամաց հավաքում են ճամպրուկները՝ վաստակած հանգիստն աշխարհի լավագույն առողջարաններում անցկացնելու համար, կարելի է մի փոքր խորհել՝ արդյո՞ք նրանցից գոհ են ընտրողները՝ ՀՀ քաղաքացիները: Հակված եմ ենթադրելու, որ քաղաքացիները նրանցից դժգոհ են: 1995 թվականից ի վեր խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը ոչ միայն դադարել է արտահայտել հասարակության կամքը, այլեւ իր մտավոր մակարդակով զգալիորեն հետ է ընկել հասարակությունից: Մեր քաղաքացիների մտածող, կշռադատող մասը չի ընդունում, չի կարող ընդունել այս պատգամավորներին անկախ նրանից՝ նրանք իշխանության, թե ընդդիմության ճամբարում են (ի դեպ, նրանցից շատերն այդ ճամբարները մի 3-4 անգամ փոխել են): Իսկ ամենակարեւորը՝ մենք չենք հավատում այս պատգամավորներին: Մենք լսում ենք, թե ինչպես է, ասենք, Գալուստ Սահակյանը խոսում կանոնակարգից կամ (որոշ մտավոր ճիգեր գործադրելով) պետականությունից եւ ժողովրդավարությունից, բայց գիտենք, որ նրա ուշքն ու միտքը «մարշրուտկեքի» գծերն են, որոնք ինքն աշխատեցնում է, եւ հանուն այդ գծերի եկամտի կպատռի ցանկացած ընդդիմադիրի կոկորդը: Բայց, մյուս կողմից, ցանկացած ընդդիմադիր կպատռի պրն Սահակյանի կոկորդը՝ այդ գծերին տիրանալու համար: Ահա թե ինչի համար է կռիվը գնում: Խնդիրն, այսպիսով, ամենեւին Քոչարյանը եւ նրա իմփիչմենթը չէ: Խնդիրն ունեցածը չկորցնելը կամ չունեցածը ձեռք բերելն է: «Ինչո՞ւ Ալրաղացի Լյովիկը պիտի փող աշխատի ԱԱՆ «տանիքի» տակ, իսկ ես՝ ոչ»,- մտածում է ընդդիմադիր պատգամավորը: «Ո՞նց անեմ, որ շարունակեմ փող աշխատել ԱԱՆ «տանիքի» տակ»,- մտածում է Լյովիկը: Այստեղից էլ առաջանում է նրանց բախումը: Այստեղից էլ՝ նրանց բախման, մեղմ ասած, գռեհիկ ոճը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել