Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍ

Հունիս 13,2002 00:00

ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, մայիսի 7-ին զինվորական դատախազը հերթական անգամ երկու ամսով երկարաձգեց «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով քրգործի նախաքննությունը: Զինվորական դատախազության Քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանը երեկ լրագրողներին ասաց, որ «նախաքննությունը եւ միաժամանակ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները ակտիվորեն շարունակվում են»: Կոնկրետ արդյունքներ, սակայն, չհրապարակվեցին: Նրա խոսքերով, անջատված մասով մի քանի վարկածներ դեռեւս ստուգման փուլում են. «Եվ եթե որեւէ վարկած չի հերքվել կամ չի հաստատվել՝ դեռեւս հիմք չի տալիս ենթադրելու, որ նախաքննությունը անարդյունավետ է»,- ասաց նա, ավելացնելով, որ վարկածների թվում են նաեւ անջատված մասի նախաքննության ընթացքում նոր ի հայտ եկածները: Ա.Հարությունյանի խոսքերով, մինչ այժմ հարցաքննված 100-ից ավելի անձանց թվում են նաեւ ամբաստանյալներից երեքը եւ նախկին մեղադրյալներից ոմանք: Քննչական վարչության պետը, սակայն, չմասնավորեցրեց, թե խոսքն ում մասին է: Նա տեղեկացրեց նաեւ, որ անջատված մասով ձերբակալվածներ չկան: Միաժամանակ, Ա.Հարությունյանի խոսքերով, «27»-ի դատավարությունն իրականացնող Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից պահանջվել են դատավարության ընթացքում հնչած որոշ ցուցմունքներ: Որոշումներ են կայացվել դատա-տեսա-ձայնագրառման երկու փորձաքննություն նշանակելու մասին: Երկու՝ որովհետեւ, ըստ Հարությունյանի, առաջին անգամ դատարանը մերժել էր նախաքննության ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված, քրգործին կցված տեսաժապավենը փորձաքննության տրամադրելու՝ Զինդատախազության խնդրանքը: Հավաստեց, թե անջատված մասով նաեւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են ընթացել «27»-ին Միհրան Մովսիսյանի առնչությունները ճշտելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել