Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոստիկաններն էլ են մարդ»

Հունիս 13,2002 00:00

«Ոստիկաններն էլ են մարդ» Ասում են Արաբկիրի ՆԳԲ ոստիկանները Խորհրդարանական այս եռօրյայի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի շենքին հարող Դեմիրճյան փողոցը, ԱԺ մուտքն ու, թերեւս, նաեւ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների պաշտպանության գործն իրենց վերահսկողության տակ էին առել Արաբկիրի ՆԳ բաժնի ոստիկանները, որոնք արգելապատնեշներ էին դրել փողոցի երկու ծայրերում էլ ԱԺ մուտքից բավականին հեռավորության վրա: Վերջիններիս գործողությունները, բնականաբար, համակարգում էր ՆԳ փոխնախարար, գեներալ Հովհաննես Վարյանը: Երեկ, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ-ում ծավալված իրադարձությունները բարեհաջող ավարտ ունեցան, այսինքն՝ ներսում որեւէ «չեպե» չգրանցվեց, գարնանային նստաշրջանն էլ համարվեց ավարտված, հասկանալի էր, որ ընդդիմությունը, գոնե առայժմ, Դեմիրճյան փողոցում այլեւս անելիք չունի: Մենք դիմեցինք ՆԳ փոխնախարարին, այսպես ասած, ամփոփելու անցած երեք օրերին փողոցում տեղի ունեցածը՝ իրավական տեսանկյունից: Բնականաբար վերջինիս ուղղված առաջին հարցն այն էր, թե արդյո՞ք այդ օրերին Դեմիրճյան փողոցում կազմակերպված ակցիայի ընթացքում հասարակական կարգի խախտումներ գրանցվել են: «Այո»,- եղավ պարոն Վարյանի պատասխանը: Պարզվեց, որ, ըստ ՆԳ փոխնախարարի՝ հասարակական կարգի խախտում է փողոցում չարտոնված հավաք անցկացնելը, երթեւեկության ճանապարհը փակելը: Լրագրողի ոչ այն պնդումը, թե երթեւեկությունը ոստիկաններն իրենք են փակել, նաեւ՝ Սահմանադրության համապատասխան ու արդեն հանրահռչակ հոդվածի մեջբերումը նախարարին չստիպեցին փոխել կարծիքն ու իր հերթին մեջբերել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքն ու դրա համապատասխան հոդվածը: Հովհ. Վարյանը՝ իբրեւ հասարակական կարգի խախտում, մատնանշեց նաեւ բարձրախոսներով երկրի ղեկավարների հասցեին հնչած «հայհոյանքները»: «Ընդդիմությունն իրավունք ունի բարձրախոսով պահանջներ ներկայացնել, բայց ոչ հայհոյել»,- հայտարարեց նա, ու նույնիսկ մեր պնդումները, թե այդպիսի դեպք, գոնե անցյալ 3 օրերի ընթացքում չի եղել, չհամոզեցին պրն Վարյանին, որը պնդեց. «Եղել են»: Թերեւս, տեղին է հիշեցնել, որ Ռ.Քոչարյանի կողմից, ինչպես՝ ընդդիմության, այնպես էլ՝ առանձին գործիչների հասցեին պարբերաբար հնչեցվող, մեղմ ասած, ոչ բարյացակամ որակումները, չգիտես ինչու, նույնքան խստորեն չեն դատապարտվում մեր իրավապահների կողմից: Գուցե պատճառն այն է, որ ոչ ոք դրանից կամ նրանից չի վիրավորվում կամ չի՞ բողոքում: Ինչեւէ: Վերադառնանք պարոն Վարյանի հետ մեր զրույցին: Վերջինս կարծիք հայտնեց, թե իր պրակտիկայի ընթացքում 1 քմ տարածքում երբեք այնքան հիվանդ մարդ չի տեսել, որքան այս երեք օրերի ընթացքում: Առիթը բաց չթողնելով՝ հարցրինք, թե նրա «աչքաչափով» երեկ քանի՞ մարդ կար Դեմիրճյան փողոցում: Բացառիկ դեպք էր, բայց այս անգամ պրն Վարյանի եւ լրագրողների նշած թիվը զարմանալիորեն մոտ էին իրար՝ 200-ից ավել: Ի դեպ, պրն Վարյանի խոստովանությամբ, Արբակիրի ՆԳ բաժնի ճիշտ նույնքան ոստիկան էլ, ներառյալ՝ 6 օպերլիազորներ, բերվել էին հասարակական կարգը պաշտպանելու: ՆԳ փոխնախարարը խոստովանեց, թե ինքն անցած օրերի ընթացքում անկարգությունների հրահրման վտանգ էր զգում՝ հաշվի առնելով ոչ միայն առանձին «հիվանդ» կանանց՝ «արյուն թափելու» անհրաժեշտության, նաեւ՝ ընդդիմադիր գործիչների ապստամբության դիմելու հնարավորության մասին հայտարարությունները. «Նաեւ այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք»: Մեր այն հարցին, թե դժվա՞ր է այդ պայմաններում աշխատելը, ՆԳ փոխնախարարը խոստովանեց. «Այո: Դժվար է, որովհետեւ երկու կողմում էլ մերոնք են»: Հիշեցինք «Զանգեզուր» հայտնի ֆիլմի համապատասխան դրվագը եւ փոխնախարարի ու իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կանգնած ոստիկանների վիճակը մեզ նախանձելի չթվաց: Դեմիրճյան փողոցում աշխատանքային օր անցկացրած լրագրողների աչքից անցած երեք օրերի ընթացքում չէր վրիպել նաեւ, որ ոստիկանները ծառայության արանքում մեկ-մեկ էլ «շունչ էին քաշում» ԱԺ-ին հարակից այգու սրճարանում, անգամ կարուսել էին նստում: «Նրանք էլ են մարդ, հոգնում են»,- նետեցին պրն Վարյանի եւ մեր զրույցին ներկա մի բարձրաստիճան սպա: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել