Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԻՍՏՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ, ՄԻՆՉԴԵՌ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԵՐ

Հունիս 13,2002 00:00

ՆԻՍՏՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ, ՄԻՆՉԴԵՌ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԵՐ Ազգային ժողովի յոթերորդ գարնանային նստաշրջանն անփառունակ ավարտ ունեցավ։ Եռօրյայի վերջին օրը եւս ընդդիմադիր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները պաշարված պահեցին խորհրդարանի ամբիոնը։ 30 րոպե ընդմիջում հայտարարելուց հետո ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն իբրեւ թե շարունակեց տապալված նիստը։ Մի քանի օրինագծեր դրվեցին քվեարկության, եւ «անցան» 80 կամ 79 «կողմով»։ Պարզապես պետք է արձանագրել, որ տապալված եռօրյայի միակ դրական բանն այն էր, որ բազմաթիվ պատգամավորներ, ովքեր դեպքից դեպք էին այցելում խորհրդարան եւ նույնիսկ չգիտեին քվեարկության կոճակի տեղը, ի վերջո, եկան եւ կոճակ սեղմեցին։ Ընդմիջումից հետո Արմեն Խաչատրյանը փորձեց անցնել հաջորդ հարցին, պաշարված ամբիոնին մոտենալն անիմաստ էր։ ԱԺ նախագահը, որը երեկ առավել մարտունակ էր տրամադրված, դիմեց «օկուպանտներին». «Դուք շարունակելո՞ւ եք զբաղեցնել ամբիոնը»։ Պատասխանը միանշանակ դրական էր։ Վերջապես Արմեն Խաչատրյանը ժամանակին արեց այն, ինչ երկու օր շարունակ անում էր չափազանց ձգձգումով՝ նիստը հայտարարեց «ընդհանրապես ընդհատված»։ ԱԺ նախագահը, պարզվում է, ռեբուսներ առաջարկելու վարպետ է։ Թե ինչ է նշանակում «ընդհանրապես ընդհատված»-ը, ոչ ոք չկարողացավ հասկանալ։ ԱԺ նախագահը թերեւս պիտի նիստը եւ 7-րդ նստաշրջանը հայտարարեր ավարտված։ Բայց այս անգամ փորձենք ըմբռնումով մոտենալ՝ մարդ է, գուցե այս անգամ սխալվեց միայն բառի ընտրության հարցում։ Խորհրդարանում ստեղծվեց մի իրավիճակ, երբ կողմերից յուրաքանչյուրին թվում է, թե ինքն է հաղթել։ Ընդդիմադիրները՝ հղում կատարելով կանոնակարգին, վստահ են, որ իրենք իրենց գործն արել են, նիստը չի կայացել եւ իրենց առաջարկը՝ նախագահի պաշտոնանկության հարցը քննելու մասին տեղափոխվում է աշնանային նստաշրջան, այսինքն՝ սեպտեմբեր, մեծամասնությունն էլ փորձում է ասել, թե իրենց հաջողվեց նիստ անել եւ նույնիսկ օրինագծեր անցկացնել։ Այս ամբողջ թատրոնը կարծես Հակոբ Պարոնյանի գրչի տակից դուրս եկած լինի, երբ ազգային երեսփոխաններից մեկը դիպուկ նկատել է՝ «յոթ նիստ ըրինք եւ յոթ նիստին մեջ բան մը չըրինք»։ Այս ամենի գնահատականը մեզ հետ զրույցում տվեցին ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորները։ Խորեն Սարգսյանը, որը նույնիսկ հիվանդ ոտքով մարտի դաշտը չէր լքում, ասաց, որ իրենք իրենց խնդիրը կատարել են, սակայն մտադիր չեն նույնը կատարել նաեւ արտահերթ նիստերի կամ նստաշրջանի ժամանակ, քանի որ դրա իրավունքն իրենք չունեն ըստ կանոնակարգի. «Մենք ոչ թե նիստն ենք բոյկոտել, բոյկոտել ենք ԱԺ նախագահի կամակատար լինելը։ Ես ազնվությամբ, մինչեւ անցած օրերը, գիտեի, թե մեր ԱԺ նախագահը Խաչատրյան Արմենն է, եւ ինքը կարող էր նիստը շարունակել կամ չշարունակել։ Բայց այս երեք օրը ես ամբիոնի մոտից նայում եմ, տեսնում եմ, որ Գալուստ Սահակյանն է նիստը ղեկավարում։ Ասում է՝ փակի, Արմենը փակում է, ասում է՝ բաց՝ բացում է»։ Երեկ տեղի ունեցած քվեարկությունները չի կարելի օրինական համարել, եթե ԱԺ ղեկավարությունը դրանք փորձի օրինական ընդունված օրինագծեր համարել, ընդդիմադիր խորհրդարանական ուժերը պատրաստ են այդ հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Խորեն Սարգսյանի մեկնաբանությամբ եւս. «օրինական ոչինչ չի կատարվել. ո՛չ հարցի ներկայացումը, ո՛չ քվեարկությունը։ Արվել է հետեւյալը՝ մենք ուժով ենք, ինչ ուզենք՝ կանցկացնենք։ Սա երկրին պատիվ չի բերում։ Այն պատիվը, որի մասին խոսում են ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ մեծամասնությունը։ Երկրի պատիվը մենք ենք պահում, ցավոք, վերագրվում է իրենց»։ Պատգամավոր Ստեփան Զաքարյանը եւս հաստատեց, որ ԱԺ նախագահը երեք օր շարունակ առաջնորդվում էր ընդդեմ ԱԺ կանոնակարգի. «Ես ասել եմ, որ այս ամեն ինչի մեղավորը առաջինն Արմեն Խաչատրյանն է։ Այստեղ խոսում են ճնշումների, ազդեցության մասին։ Ոչ, ինքն է մեղավոր, որովհետեւ ինքն է խախտել օրենքը։ Հետո, եթե արդարանա, ասի՝ իրեն սա կամ նա էր հրահանգ տվել, դա չի խնդիրը։ Նա պարտավոր էր ԱԺ-ի նիստերն անցկացնել օրենքի սահմաններում։ Նա այդ բանը չի արել եւ վաղ թե ուշ պետք է օրենքին պատասխան տա։ ԱԺ-ն որեւէ այլ մարդու մեղադրելու խնդիր չունի։ Եվ նույնիսկ իմփիչմենթի հարցն էլ չի, սա կանոնակարգի հարց է»։ Իր՝ նախորդ օրերին ավելի երկար ամբիոնի մոտ գտնվելը Գալուստ Սահակյանն այսպես բացատրեց. «Խմբակցության հիմնական սկզբունքային դիրքորոշումն այն էր, որ անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել, եւ խորհրդարանը կարողանար հաղթահարել նաեւ այս միջադեպը։ Իմ ամբիոն բարձրանալը կապված էր դրա հետ, այսինքն՝ լարվածությունը թուլացնելու համար։ Որովհետեւ, ինչպես տեսաք՝ կրքերը բորբոքվելու ճանապարհով էին գնում, եւ պարզապես պատասխանատվության զգացումն ինձ բարձրացրեց ամբիոն»։ Խորհրդարանի յոթերորդ նստաշրջանի տապալված հերթական եռօրյայում ակնհայտորեն ընդդիմությունը մասամբ հասավ իր նպատակին՝ կարողացավ մինչեւ վերջ պնդել իր պահանջը՝ նախագահի պաշտոնանկության առաջարկը օրակարգային դարձնելու մասին, սակայն չկարողացավ օրակարգային դարձնել։ Մեծամասնությունն իր հերթին փորձեց ցույց տալ, թե կարող է, իր ասելով, 7-10 հոգու պահանջը շրջանցել, սակայն չկարողացավ։ Առաջիկայում թեժ ամառ է սպասվում, եւ խորհրդարանը պարզապես ստիպված կլինի տժժալ արտահերթ նստաշրջանից արտահերթ նիստեր։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել