Մշակույթը՝ խաղից դուրս Երկու պատկեր հայոց հոգեւոր մայրաքաղաքից Առաջին անգամ այցելելով Էջմիածին քաղաքի գավառագիտական թանգարան՝ հաճելիորեն զարմացանք։ Թվում էր՝ ինչ կարող է լինել գավառագիտական թանգարանից ավելի պրոզայիկ։ Բայց պարզվեց, որ սխալվում ենք։ Այնքան հետաքրքիր եւ իմացությամբ են մատուցված ցուցանմուշները, ճաշակով ձեւավորված (գորգերով ու կարպետներով) հսկայական սրահը, որ ասես մի ամբողջական քնարական-պատմական պոեմ ես ընթերցում։ Իսկ ճանաչողական շատ բան կա՝ պեղումներից հայտնաբերված հնագույն ժամանակների արժեքավոր գտածոներից մինչեւ քսաներորդ դարասկզբի կենցաղային իրեր, գեղեցիկ էքսպոզիցիաներ։ Թանգարանի աշխատակազմը, բազմափորձ տնօրեն Հասմիկ Հակոբյանի ղեկավարությամբ, աշխատում է սիրով ու նվիրվածությամբ։ Բայց, ցավոք, պրոզա, այնուամենայնիվ, կա. թանգարանի առաստաղի մի մասը եւ պատի մի ամբողջական հատված խոնավությունից քայքայվում են։ Բանն այն է, որ թանգարանը շենքային մեծ համալիրի մի մասն է միայն, իսկ ջրհորդանի անսարքության պատճառով անձրեւաջրերը հոսում են այնտեղ։ Թերեւս մեծ միջոցներ հարկավոր չեն հարցը կարգավորելու համար, բայց քաղաքապետարանը դրանք չունի։ Մարդիկ դեռ չեն ստացել հուլիս ամսվա աշխատավարձը։ Չկարծեք, թե սա վրիպակ է, խոսքը 2001 թվականի հուլիս ամսվա մասին է։ Բայց աշխատում են, ինչպես նշեցինք, սիրով ու նվիրվածությամբ ու նաեւ… ցավով, որովհետեւ գումարների բացակայության պատճառով թանգարանային ֆոնդը հարստացնելու համար պատմական արժեք ներկայացնող շատ նմուշներ թանգարան չեն հասնում։ Այսօր, երբ մեր հանրապետության ազգաբնակչությունն իր գոյությունը պահպանելու համար առաջնորդվում է մի հիմնական՝ «Ամեն ինչ վաճառքի» սկզբունքով, շատերը չնչին գնով վաճառում են տանը պահպանված պապենական հին իրերը, կահույքը։ Դրանց մեծ մասը կորչում կամ ոչնչանում է։ Իսկ կարելի էր ձեռք բերել։ Մի՞թե սա ցավալի չէ։ Էջմիածնում գտնվող մեկ այլ մշակութային օջախ՝ բանաստեղծ, մանկավարժ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը նույնպես լավ օրեր չի ապրում, այն կիսավթարային վիճակում է, հիմնավոր նորոգման կարիք ունի եւ այդ պատճառով էլ ցուցադրությունն ամբողջական չէ։ Կարելի է ասել, որ թանգարանը ե՛ւ գործում է, ե՛ւ չի գործում։ Աշխատակիցները ձեւականորեն հերթապահում են, եթե շատ խնդրեք՝ կարող են թույլ տալ դիտել որոշ բաներ, բայց չկան կանոնավոր հաճախումներ, էքսկուրսիաներ չեն կազմակերպվում։ Բանաստեղծի տուն- թանգարանը, որը Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի մասնաճյուղն է համարվում, վերջին շրջանում արձանագրել է միայն մի «նվաճում». շինության տանիքի վերանորոգումը։ Եթե դա էլ չլիներ, տունն անձրեւներից երեւի կփլուզվեր։ Ու չնայած աշխատողներին այստեղ աշխատավարձը ժամանակին են վճարում (շնորհակալություն նախարարությանն ու պարոն Շառոյանին), նրանք նման «աշխատանքից» գոհ լինել չեն կարող։ Այսքա՞ն էլ անկախ մշակույթ… Կ. ՎԱԼԵՐՅԱՆ Հ. Գ. Հովանավորների հարցին միտումնավոր չանդրադարձանք, քանի որ հնարավոր չէ երգչուհի Անահիտ Մանուկյանից ավելի լավ ասել («Առավոտ», 1 հունիսի 2002թ.)։