Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՂԱՐԿՎԱԾ ԿԱՇԱ՞ՌՔ

Հունիս 12,2002 00:00

ՔՈՂԱՐԿՎԱԾ ԿԱՇԱ՞ՌՔ Թերեւս այսպես կարելի է որակել մեր բուհերում տարածված այն երեւույթը, որ հատկապես ակտիվանում է քննությունների նախօրեին։ Դասախոսները, որ իրենց գրած գրքերի համար չունեն ուսանողներից բացի այլ սպառող, զբաղվում են գրքի վաճառքով հենց լսարանում, հատուկ ցուցակով, «նաղդ կամ նիսիա» տարբերակով եւ վայ նրան, ով կընկնի սեւ ցուցակի մեջ. այսինքն՝ կհամարձակվի չգնել սովորաբար 3 հազար դրամից ոչ էժան գրքերը։ Դա նշանակում է, որ ստուգարքը կամ քննությունը առնվազն կստանաք երրորդ կամ չորրորդ հնարավորությունից՝ հասկանալով, թե ի՜նչ ճակատագրական սխալ եք արել, որ չեք գնել ձեր դասախոսի գիրքը։ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Միսակ Դավթյանի հետ օրերս ունեցած հարցազրույցի ընթացքում նաեւ փորձեցինք տեղեկանալ, թե ինչպե՞ս է նա պայքարում այդ երեւույթի դեմ, քանի որ այս բուհից նման ահազանգերը բավականին շատ են։ Սակայն պարոն Դավթյանին միայն մի անգամ է նման ահազանգ հասել եւ, նրա հավաստմամբ, «ամենախիստ միջոցներն են ձեռնարկել, որ արգելվի դա»։ «Դասախոսը իրավունք չունի իր գիրքը վաճառել, մանավանդ ուսանողներին։ Եթե եղել է, դա գաղտնի է եղել, ոչ բացահայտ։ Երեւի դա մասսայական բնույթ չի կրում»,- ենթադրեց ռեկտորը՝ վստահեցնելով, որ ուսանողներից այս առթիվ բողոքներ չի լսել։ Ըստ ռեկտորի՝ «դա այն երեւույթը չէ, որի առաջը չկարողանանք առնել»՝ թեեւ փաստերը ճիշտ հակառակն են ասում։ Պարոն Դավթյանը նաեւ նկատեց, որ լավ օրից չէ, որ դասախոսները ստիպում են ուսանողներին գնել այդ գրքերը։ Դրանք, որոնց մեծ մասը ուսանողների համար նախատեսված դասագրքեր են, հրատարակվում են դասախոսների անձնական միջոցներով։ Ոչ մի լումա այս նպատակով պետությունը չի հատկացնում եւ հաճախ այդ գրքերը ամիսներով մնում են տպարանում, մինչեւ դասախոսը կարողանում է վճարել դրանց համար։ Իսկ վճարելու այլ հնարավորություն, քան այդ դասագրքերը ուսանողներին պարտադրելը, դասախոսները չեն գտնում։ Իհարկե, սա արդարացում չէ եւ ռեկտորն էլ ընդգծեց, որ պարտադրելու իրավունք ոչ ոք չունի եւ ուսանողը կամավոր պետք է որոշի՝ առնո՞ւմ է այդ գիրքը, թե՞ ոչ։ Մանավանդ որ, այս բուհում առանձնապես վճարունակ ուսանողներ չեն սովորում եւ դասախոսը միայն նրանց հաշվին իր կարիքները չպետք է հոգա։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել