Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդականն ու ոչ ավանդականը՝ ձեռք ձեռքի

Հունիս 12,2002 00:00

Ավանդականն ու ոչ ավանդականը՝ ձեռք ձեռքի Երեկ Ժուռնալիստի տան կլոր սեղանի թեման էր «Ժողովրդական բժշկության դերը առողջապահության բնագավառում»։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հավաքվածներին ներկայացրին հազարամյակների պատմություն ունեցող բույսերի կիրառման, ինչպես նաեւ Հայաստանում դարավոր արմատներ գցած ժողովրդական բժշկության, դրա պահպանման եւ այն՝ հեքիմների միջոցով մեզ հասցնելու մասին։ Միաժամանակ նշելով, որ «վերջին 10, 12 տարիների ընթացքում աշխուժացած ժողովրդական մեթոդներով բուժող մարդիկ ուղղակի գրոհում են առողջապահության նախարարության շենք՝ պահանջելով լիցենզիա»։ Դահլիճում ներկա գտնվողները նաեւ առիթ ունեցան ծանոթանալու բժշկական գիտությունների թեկնածու, ավանդական բժշկությամբ զբաղվող բժիշկ Աշոտ Աշոտյանին, որն ի տարբերություն «գրոհողների», իր գործունեությամբ զբաղվելու համար առողջապահության նախարարության կողմից ուներ համապատասխան թույլտվություն։ Ա. Աշոտյանը նշեց, որ ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ Մասնագիտությամբ բժիշկ-վնասվածքաբան է։ Միաժամանակ երկար տարիներ զբաղվում է ժողովրդական բժշկությամբ։ Ըստ նրա, դեռեւս ուսանողական տարիներից հետաքրքրվել է ժողովրդական բժշկությամբ, հավաքագրել է ժողովրդական բժշկության ավանդույթները, ուսումնասիրել է Մատենադարանի բժշկական ձեռագիր աշխատանքները։ Բարձրանալով հեքիմական մակարդակից, զուգորդել է բուժման ավանդական եւ ոչ ավանդական մեթոդները։ Թեմայի քննարկման ընթացքում բժիշկ Աշոտյանի գործընկերները գոհունակություն հայտնեցին այն մասին, որ նա փորձում է գիտական հիմքերի վրա դնել այլընտրանքային բժշկությունը։ Բժիշկ -մասնագետների կարծիքով, մարդիկ այդպես ավելի հեշտ կկարողանան բժիշկ-գիտնականներին տարբերել, գնահատել, բուսաբուժությամբ կամ այլ մեթոդներով բուժող ինքնակոչ բժիշկներից։ Նա գտնում է, որ այսօր աշխարհում հրամայական պահանջ է դարձել դեղաբույսերի կիրառությունը։ Ըստ Ա. Աշոտյանի, դրանցից պատրաստված թուրմերը, քսուքներն օրգանիզմում չեն առաջացնում անցանկալի երեւույթներ եւ ոչ միայն բուժում են բուն հիվանդությունը, այլեւս օգնում են բուժելու հարակից հիվանդությունները։ Չցանկանալով գերադասել մեկը մյուսից, Ա. Աշոտյանը կարծում էր, որ ավանդական եւ ոչ ավանդական բժշկության մեթոդներն ուղղված են մեկ ընդհանուր նպատակի՝ բուժել մարդուն։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել