Լրահոս
Օրվա լրահոսը

Կորեայում հիացած էին Կոմիտասով

Հունիս 12,2002 00:00

Կորեայում հիացած էին Կոմիտասով Կամերային երաժշտության տանը կայացավ Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Գայանե Գեղամյանի մենահամերգը՝ Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի ընկերակցությամբ։ Միանգամից ասենք, որ երգչուհին շատ լավ է զգացել, որ ընդհանրապես իր արվեստի մշտական ուղեկիցը տքնաջան աշխատանքն է, որ առանց համառ կատարելագործման անհնար է պատկերացնել արտիստի որեւէ առաջաքայլ։ Նա այդպես է ըմբռնում իր՝ արվեստագետի խնդիրը։ Միշտ մտահոգված է նոր ծրագրերով, նոր գործերով։ Ամենակարեւորը՝ չի շլանում հաջողություններով։ Իսկ վերջիններս ուղեկցում են նրան հենց երգչական կարիերայի սկզբից։ 80-ականներին մասնակցությունն ու հաջողությունը հանրապետական, ապա Գլինկայի անվան մրցույթներին, 90-ականների սկզբին՝ հրավերը կոնսերվատորիա, որպես վոկալի դասախոս, ասածի վկայությունն են։ Իսկ վերջերս Գ. Գեղամյանը դարձավ Կորեայում կայացած 20-րդ փառատոնի ոսկե գավաթակիր։ Երգչուհու խոսքերով. «Փառատոնը հինգ փուլից էր։ Յուրաքանչյուր կատարող իր ծրագրում պետք է ունենար արիաներ եվրոպական կոմպոզիտորների օպերաներից, ռոմանսներ, կորեական ժողովրդական եւ իր ազգը ներկայացնող երգեր։ Հայկական երգը ներկայացրի Կոմիտասով։ Անկեղծ ուզում եմ ասել, որ թե՛ ժյուրիի անդամները եւ թե՛ ունկնդիրը գիտեին գնահատել լավ երաժշտություն, անմիջապես հափշտակվեցին Կոմիտասով։ Պատկերացնում եք, թե ինչպես Կորեայում ընկալվեց ու ընդունվեց մեր Կոմիտասը»։ Արդեն տարիներ շարունակ երգչուհու մենահամերգների ծրագրերից չի բացակայում մեծն Կոմիտասը։ Օպերային թատրոնում իր աշխատանքների հետ կապված, երգչուհին ասաց. «Պատրաստում եմ միանգամից մի քանի դերերգեր եւ ակնկալելով ձեր հարցը, ասեմ՝ շտապելու ոչինչ չունեմ։ Օպերային արվեստում այս կամ այն կերպարը ստեղծելիս պետք է հավատարիմ մնալ հեղինակի մտահղացմանը, կատարողական բոլոր կարողությունները ծառայեցնել կերպարի բովանդակությանը, նրա գաղափարի համոզիչ արտահայտմանը։ Բեմում՝ դերակատարման ժամանակ, ամբողջ բեմական վարքագծի մեջ ոչ մի շեղում չպետք է թույլ տաս, որ անհարիր լինի կերպարի էությանը, երգն ու խաղը պետք է միաձուլել… Տեսնո՞ւմ եք, դյուրին չէ»։ Ամերիկայում թողարկվել են երգչուհու երկու CD-ները, ուր ընդգրկված են ամերիկյան ժամանակակից կոմպոզիտորների՝ Դանիել Բուրվասերի, Ջոել Ֆեյգինի, Իզաբել Բելի ստեղծագործությունները։ Իսկ ֆրանսահայ կոմպոզիտոր Էժեն Ալեսյանի «Աղթամար» CD-ում, մի շարք գործիքային ստեղծագործությունների կողքին, տեղ են գտել Գ. Գեղամյանի երկու գործերը՝ գրված Շեքսպիրի սոնետների հիման վրա։ Երգչուհու ստեղծագործական կյանքին հավելենք, որ կոնսերվատորիայի երիտասարդ դասախոսն իր դասարանում ունի երկու միջազգային մրցույթի դափնեկիր։ Իսկ մենք արդարության դեմ չմեղանչելու համար ասենք՝ երիտասարդ երգչուհի Գայանե Գեղամյանը ավելի հայտնի է արտերկրում, քան մեզ մոտ։ Տարօրինակ է՝ բայց փաստ։ ԼԻԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել