Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 12,2002 00:00

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՆԵԼԻ ՍՐՏՈՎ ՉԷ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2001-2002 թվականների համերգաշրջանի հերթական ելույթը ղեկավարեց գերմանացի դիրիժոր Պիեռ-Դոմինիկ Պոնելը։ Ինչեր ասես, որ տեղի չի ունեցել ու ունենում երաժշտարվեստում, ինչպես ընդունված է ասել՝ երաժշտական քաղաքականության մեջ։ Թեպետ, դիրիժորը պնդում է, որ չի զբաղվում երաժշտական քաղաքականություն կոչվածով, որովհետեւ չի ընդունում այն, սակայն չի թաքցնում, որ այնուամենայնիվ զբաղվել է նրանով։ Այսպես. 1992 թվականին նա հրավիրվել է Մինսկ՝ որպես Բելառուսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Չորս տարի աշխատելուց հետո, «պրեզիդենտ Լուկաշենկոյի որոշմամբ, նվագախմբի գլխավորի պաշտոնը պետք է զբաղեցներ տեղացի դիրիժոր, իսկ ինձ մնում էր պարզապես հեռանալ»։ Մաեստրոյի ստեղծագործական, իսկ մինչ այդ՝ ուսումնառության տարիները անցել են սահուն, սակայն այսպիսի տարօրինակ դիպված… Տեղեկացնենք, որ դիրիժորին բախտ է վիճակվել չորս տարի ուսանել Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ՝ Զալցբուրգում եւ Բեռլինում։ Սա դիրիժորի երրորդ հանդիպումն էր ՀՖՆ-ի հետ եւ նրա կողմից Շոստակովիչի թիվ 4 սիմֆոնիայի նուրբ եւ բարձր գեղարվեստական մեկնաբանությունը, արտիստական խառնվածքը, որ ապահովեցին համերգի բարձր մակարդակը։ Մաեստրոն իր «գործիքի»՝ նվագախմբի, իր տեխնիկական ու մտավոր զինանոցի ամենաբազմազան միջոցներով արտահայտեց մեծ կոմպոզիտորի մտքերն ու հույզերը, մի խոսքով՝ ասելիքը եւ հետեւյալ համեմատությունն արեց. «Այս սիմֆոնիայի ֆինալը, ուր իրար են հաջորդում ողբերգականն ու ծիծաղաշարժը, վերամբարձն ու առօրեականը՝ ստեղծելով կյանքի ընդհանուր համայնապատկեր, ուրվագծում է հայ ժողովրդի ճակատագիրը՝ ե՛ւ անցյալը, ե՛ւ այսօրը։ Ինչու եմ այսպես հաստատ ասում, որովհետեւ տարիներ առաջ, հենց առաջին հանդիպումից, պարզապես սիրեցի Հայաստանը, տաղանդավոր հայ ժողովրդին։ Հետեւաբար կարդացել եմ նրա պատմությունն ու ինձ համար արդեն միեւնույն չէ հայերիդ ներկան ու ապագան»։ Ի դեպ, տարօրինակ է եղել այս սիմֆոնիայի ճակատագիրը նույնպես։ 1936-ին պրեմիերային պատրաստվելու պահին, կոմպոզիտորի որոշմամբ, փորձերը դադարեցվում են։ Պատճառը՝ ստեղծագործության շուրջ առաջացած ծայրահեղ անբարենպաստ մթնոլորտն էր եւ ոչ միայն։ Եվ 25 տարի անց՝ 1961-ին է կայացել սիմֆոնիայի պրեմիերան։ Այսպես, առանց չափազանցնելու եւ անցյալում, եւ այսօր էլ տարօրինակ դիպվածներ պատահել ու պատահում են արվեստագետների ստեղծագործական կյանքում… Այս անգամ, դիրիժորի խոսքերով. «Չորս տարվա բացակայությունից հետո ինձ համար հայտնաբերեցի նոր ՀՖՆ՝ երիտասարդացած կազմով ու կատարողական բարձր կուլտուրայով, որի համար շատ ուրախ եմ։ Եվ գիտե՞ք ինչ է կատարվում ինձ հետ՝ դեռ այստեղ՝ արդեն կարոտում եմ Հայաստանը։ Ճիշտ է՝ ժամանակս սուղ է, աշխատում եմ Շտուտգարդի ՍՎԸ-ի, Ստրասբուրգի, Մոնտե Կառլոյի, Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, բայց կաշխատեմ տարիների մեծ ինտերվալ այլեւս չտալ, անգամ չկորցնել մի փոքր առիթ՝ Հայաստանի ու բնականաբար ՀՖՆ-ի հետ հանդիպելու համար»։ Մեր կարճատեւ հանդիպման ավարտին Պիեռ-Դոմինիկ Պոնելը իր խոսքն ավարտեց այսպիսի ուրախ նոտայով. «Գիտե՞ք, արդյոք, թե ի՜նչ գինի ու ի՜նչ աղջիկներ ունեք…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել