Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմություն վասն մի նամակի

Հունիս 12,2002 00:00

Պատմություն վասն մի նամակի «Առավոտի»՝ 11.05.2002թ. հրապարակման մեջ նշել էինք, որ դեռեւս փետրվարին Վանաձորի բնակչուհի Աիդա Ասատրյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ բողոքելով տեղական իշխանությունների կողմից իրեն հալածանքների ենթարկելու հանգամանքից։ Փետրվարի 22-ին նրա բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունից վերահասցեագրվել էր Լոռու մարզի դատախազություն, որտեղից էլ մայիսի 10-ի դրությամբ Ասատրյանը դեռ տեղեկություն չէր ստացել։ Թերեւս, «Առավոտի» մայիսի 11-ի հրապարակման արդյունքում Ասատրյանը մայիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստանում է պատասխան նամակ, որն արդեն հիվանդին ուշացած ջուր տվողի կարգավիճակում է։ Չէ՞ որ Ասատրյանը նամակ էր գրել, երբ դեռ իրեն անհիմն կալանքի չէին ենթարկել, ինչն էլ, թերեւս, կանխազգալով եւ կանխելու նպատակով Ասատրյանը ահազանգել էր «վերեւներին»։ Ասատրյանի հավաստմամբ՝ հենց «վերեւներին» ահազանգելու համար էլ իրեն մեկուսացրին։ «Բողոքի պատասխանը ինձ բռնելն էր»,- համոզված է Ասատրյանը։ Մինչ դատախազությունը «մի՜ն… երկո՜ւ…», ՆԳ մարմինները՝ «մե՛կ, երկո՛ւ, մե՛կ, երկո՛ւ» եւ կալանքի որոշումը պատրաստ է։ Սունդուկյանը կասեր՝ «Դե գնա ու մեկուսարանումը փիքր արա աշխըրքի բաները կամ դատախազին, նախարարին ու նախագահին նամակ գրի… Ո՞վ իս դուն, ի՞նչ իս դուն»։ ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունից մայիսի 21-ի գրությամբ Ասատրյանին… տեղյակ են պահում, որ «Ձեզ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր 222 հոդվածի 3-րդ մասով եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 28.02.2002 ուղարկվել է Լոռու մարզի 1-ին ատյանի դատարան։ Վերջինիս 7.03.2002թ. դատավճռով Ձեր նկատմամբ կիրառվել է ՀՀ քրօրի 40 հոդվածը եւ դուք դատապարտվել եք տուգանքի 25 հազար դրամի չափով»։ Փաստորեն, դատախազությունը հնարավոր է համարում, որ Ասատրյանը կարող էր չիմանալ, որ իրեն տուգանքի են ենթարկել։ Նամակում նաեւ փորձում են վերջակետ դնել այն հարցին, ինչի կապակցությամբ 1998թ. սկսած բողոքի ցույց էր կազմակերպում Ասատրյանը, դժգոհելով մանկապարտեզի սեփականաշնորհումից։ «Վանաձոր քաղաքի թիվ 51 մանկապարտեզը, ՀՀ երկաթուղու պետի 24.04.95թ. 109 հրամանով լուծարվել է։ Նույն թվի ապրիլի 26-ին ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարի 190 կարգադրությամբ մանկապարտեզը տրվել է Լոռու մարզի ճանապարհաշինական շահագործման ՓԲԸ-ին»,- հայտնում են դատախազությունից։ Դատախազության նամակում նշված այլ «ինտիմ» մանրամասների, որոնք արձագանք են Ասատրյանի այլ դժգոհությունների՝ կապված մանկապարտեզը հյուրանոցի վերափոխելու հետ, չենք անդրադառնում։ …«Ի՜նչ եմ գրել՝ ի՜նչ են պատասխանել»,- դժգոհեց Ասատրյանը՝ նամակի կապակցությամբ։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել