Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԿԵԳՈՐԾԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ

Հունիս 12,2002 00:00

ԱՊԱԿԵԳՈՐԾԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՊԱԿԻ Է Դատարաններում ժամանակին այսպիսի շրջիկ մի ցուցմունք էր հիշվում. «Տուժողը սուտ է ասում, որ ես նրա կովին հարվածել եմ ոտքերով։ Որպեսզի ապացուցվի տուժողի սուտասանությունն ու փրկվի անմեղությանս կանխավարկածը, խնդրում եմ կովին կցել քրեական գործին»։ Ապակեգործ Ռաֆիկ Հովսեփյանի ճշտությունն էլ որպեսզի ապացուցվի, Աշտարակ քաղաքում գտնվող նրա կրպակը, հավանաբար, կցվեր իր հետ կապված գործի նյութերին։ Իսկ թե ինչո՞ւ, պարզ դարձավ մեզ նրա հետ կատարվածը լսելիս… Աշտարակցի Ռաֆիկ Հովսեփյանը 1983-89թթ. աշխատել է որպես ապակեգործ։ Ապակու կտրման կետը կամ մինի-արտադրամասը տեղավորված էր թիվ 20 կրպակում, ինչը նա վերանորոգել է իր անձնական միջոցներով։ 1989-ին Ռ. Հովսեփյանը հրավիրվում է աշխատանքի հանրապետությունից դուրս (որպես գեղարվեստական-գունավոր ապակիների վարպետ)։ Կրպակը հանձնում է փեսային, պայմանով, որ այն տնօրինի, մինչեւ իր վերադարձը։ Փեսան աշխատեցնում է այն իր ընկերների օգնությամբ, ավելին, տարածքը ձեւակերպվում է երրորդ անձի՝ Գագիկ Սիմոնյանի կոոպերատիվի վրա։ «Անկախ մեր ցանկություններից, օբյեկտը դարձել էր ընկերություն, որն աշխատեց մինչեւ 1992թ.»,- պատմում է ապակեգործը։ 1994-ին Ռ. Հովսեփյանը վերադառնում է Աշտարակ, գրպանում, ինչպես ինքն է ասում, «բավականին մեծ գումար» (5000 դոլար)։ Նա մտադիր էր կրկին աշխատեցնել իր օբյեկտը։ Սակայն… պարզվում է, որ օբյեկտն իրենը չէ։ «Բանալին աղջկանիցս վերցրել էին խաբեությամբ, իբր թե անձնական իրեր ունեն տեղափոխելու խանութից եւ այն աշխատեցրել էին իմ պատենտով»։ Հետագայում հանել էին նոր պատենտ։ «Որպեսզի տհաճ միջադեպեր» չլինեին, Ռ. Հովսեփյանը 300 դոլար գումար է դնում դարձյալ՝ աշխատելով նրանց հետ 3-4 ամիս։ Պետական տուրքերը մուծվում են նրա անունով եւ ինքը ճիշտ էր այնքան, որքան ճիշտ է, որ ապակին սուր եւ կտրող է։ Ապակու կտրման կետը հետագայում դառնում է գրենական պիտույքների խանութ։ Այդ ժամանակ էլ Ռ. Հովսեփյանը տեղեկանում է, որ տարածքը 25 տարով (36 քմ) վարձակալության է տրվել։ «Այդ անցած տարիների ընթացքում «տերը»՝ Գ. Սիմոնյանն ինձ չի մոտեցել, չի դիմել, թե օբյեկտն իրեն է պատկանել», շարունակում է (չգիտենք նախկին, թե ներկա անվանենք) սեփականատերը։ Վերջինս հայտնվել է դատական ատյաններում «հարկադիր» հայցվորի կարգավիճակով։ Ի դեպ, վերջինիս կարծիքով գործում առկա փաստաթղթերը եղել են կեղծված եւ այդ կապակցությամբ նա դիմել է ՆԳԲ՝ «զգուշացնելու համար մինչեւ դատի վերջանալը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Աշտարակից մի քաղաքացի զանգեց խմբագրություն եւ ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար իրեն խորհուրդ են տվել «երաշխավորագիր» վերցնել կուսակցություններից որեւէ մեկից։ Այս խաբեությունը չէին արել կուսակցությունները, այդ էլ կանե՞ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել