Եվս 350 գործազուրկ Էսսե՝ նվիրված Խանջյան եւ հարակից փողոցները տրամվայի թիվ 1 եւ 2 երթուղուց զրկելուն եւ գծերը իսպառ ավերելուն Այն մարդիկ, որոնք մի ծեղ անգամ չեն դրել տրամվայի գծերը կառուցելու գործում, առանց խղճի խայթ զգալու այն ավերեցին եւ տեղը «բոստան» դարձրին։ Տարիներ շարունակ հնարավոր է եղել տրամվայի երթեւեկելուն զուգընթաց շատ հանգիստ մտնել Օղակաձեւ զբոսայգի, բայց այսօր հնարավոր չէ, որովհետեւ մարդկանց մի խումբ նորից է ուզում հարստանալ, եւ նրանց համար պետք է հող նախապատրաստել։ Ինչ փույթ, թե թիվ 1 եւ 2 երթուղիները փակելով, գործազուրկների բանակը մի քանի տասնյակով էլ ավելացավ։ Եվ ո՞վ է այսօր մտածելու մեր հանապազօրյա հացի մասին, չէ՞ որ ինչպես «նոր հայերի», այնպես էլ մեզ նման աշխատավոր ժողովրդի երեխաները ուտել են ուզում։ Մենք տեսնում ենք եւ կույր չենք, որ իշխանավորները ցանկանում են Երեւան քաղաքում ուղեւորափոխադրումների մենաշնորհը հանձնել երթուղային տաքսիների գծերի տերերին, որպեսզի նրանք ավելի շատացնեն իրենց հարստությունը։ Եվ այս գործընթացը սահմանափակվելու է այն ժամանակ, երբ իսպառ կփակվեն տրամվայի երթուղիները, գործազուրկ դարձնելով եւ փողոց նետելով եւս 350 մարդու, իսկ մեր նախագահի ծրագիրը նոր աշխատատեղեր բացելն է։ Նվիրված եւ սրտացավ վերաբերմունքով մենք խավարի ու ցրտի տարիներից պահպանեցինք 75 տրամվայ, որոնց միջին շահագործումը 20 տարի է, եւ հասցրինք այսօրվան, որպեսզի հավաքակայաններում կանգնած մնա՞ն, նոր երթուղիներ չբացելու հետեւանքով։ Ինչպե՞ս կարելի է 40 դրամանոց տրանսպորտի փոխարեն պարտադրել սոցիալապես անապահովներին եւ մշտական տոմսեր ունեցողներին օգտվել 50 կամ 100 դրամ երթուղային տաքսուց։ Հետաքրքիր է, տրամվայի տնտեսությունը փակել ձգտողները երբեւիցե օգտվե՞լ են տրամվայի ծառայությունից։ Մենք «կուլ տվեցինք» 1 եւ 2 երթուղիները փակելու գործընթացը, տեսանք, որ Երեւան քաղաքում գործազուրկների հսկայական բանակից եւ ոչ մեկին հարմար չգտան հրավիրել քանդման աշխատանքներ կատարելու եւ դրա դիմաց սնունդ ստանալու, այլ կանչեցին Ղարաբաղի շինարարներին, իրենց տեխնիկայով հանդերձ։ Իշխանավորները եւ նորահարուստները ստեղծում են արտագաղթը արագացնելու պայմաններ, որպեսզի իրենք միայնակ վայելեն Հայաստան աշխարհի բարիքները, եւ փողոց են շպրտում մեզ, որպեսզի մենք էլ համալրենք աղքատների շարքերը։ Ի՞նչ փույթ, թե մենք հաց վաստակել ենք ուզում մեր աշխատանքով։ «Տրամվայ» մասնաճյուղի կոլեկտիվի անդամներ, (41 ստորագրություն)