Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՄԵՄԱՏԵ՛Ք

Հունիս 12,2002 00:00

ՉՀԱՄԵՄԱՏԵ՛Ք Քաղաքական այն ուժերը, որոնք կարծում են, թե «Հոկտեմբերի 27»-ը չկանխելու համար Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու չէ, փաստարկ են դարձրել, թե որեւէ մեկի մտքով չանցավ պահանջել Պուտինի հրաժարականը՝ «Կուրսկ» սուզանավի խորտակումից հետո կամ Բուշի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսել՝ «Սեպտեմբերի 11-ից» հետո։ Իհարկե, գյուտ է «27»-ը սուզանավի հետ համեմատելը, բայց անգամ «Կուրսկի» խորտակումից հետո իրենց պաշտոններից ազատվեցին Հյուսիսային նավատորմի հրամանատարից մինչեւ դիվիզիայի հրամանատարներ։ Պաշտպանության նախարարը եւ նավատորմի գլխավոր հրամանատարը հրաժարական ներկայացրին։ Իսկ ԱՄՆ-ում, հայտնի է, դեռ շարունակվում է Կոնգրեսի նախաձեռնած (3 մլն դոլար բյուջեով) հետաքննությունը, թե ինչու Հատուկ ծառայությունները չկանխեցին «Սեպտեմբերի 11-ը»։ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը թեեւ նշեց, որ անլուրջ է «27»-ը «Կուրսկի» հետ համեմատելը. «Բայց համենայն դեպս, անգամ այդ սուզանավի խորտակումից հետո ՌԴ-ում վերանայվեց անվտանգության ողջ համակարգը, որ պարզվի, թե ինչի հետեւանք էր կատարվածը, եւ մեղավորները պատժվեցին։ Պիտի հիշեցնեմ նաեւ, որ Բուշին այսօր մեղադրում են, թե տեղյակ է եղել նախապատրաստվող ահաբեկչությանը, ու նա պետք է այժմ նույնպես վերանայի անվտանգության իր համակարգը։ Հայաստանում չի՛ եղել նման որեւէ փաստ»։ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ հավելեց. «Պետք է հաշվի առնել, թե այս դեպքերից յուրաքանչյուրում որքանով է վտանգվել երկրի անվտանգությունը։ «Կուրսկի» պարագայում ՌԴ պետության անվտանգությունը չի տուժել, թեեւ զոհեր են եղել։ Բայց անգամ այս պարագայում պատասխանատվության ենթարկվեցին բազմաթիվ պաշտոնատարներ։ ԱՄՆ-ում էլ, ճիշտ է, սեպտեմբերի 11-ին շուրջ 4 հազար մարդ զոհվեց, բայց չվտանգվեց պետության ղեկավարման համակարգը։ Բուշը համընդհանուր մոբիլիզացիա հայտարարեց եւ ռազմական դրություն։ Եվ մինչ այժմ պարզում են պատասխանատուներին։ Իսկ «Հոկտեմբերի 27»-ն այլ դեպք է. սրանք եղել են Հատուկ ծառայությունների տեսադաշտում, ամենուր հայտնել են իրենց հետագա քայլերի մասին»։ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը մատնանշեց հիմնական տարբերությունը Հայաստանում եւ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում կատարվածների միջեւ՝ նախագահների պահվածքը. «Նրանք երկուսը գործողություններ ձեռնարկեցին կարգավորելու երկրի վիճակը, իսկ Հայաստանի նախագահի «շնորհիվ» վիճակն ավելի ծանրացավ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել