Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառը տնտեսական չէր

Հունիս 12,2002 00:00

Պատճառը տնտեսական չէր Մինչ այժմ էլ լինում են պնդումներ, թե «Նոյյան Տապանի» եւ «Արարատ-Լոտոսի» միջեւ, որից հեռուստաընկերությունը վարձակալել էր 35 կապուղին, վեճը զուտ երկու տնտեսվարող սուբյեկտների միջեւ էր՝ զուրկ քաղաքական որեւէ ենթատեքստից։ Թեեւ կան նաեւ հակառակը պնդողներ, թե «Արարատ-Լոտոսը» իշխանության ճնշման ներքո պահանջեց դադարեցնել «Նոյյան Տապանի» լուրերի եւ «5-րդ խոսափող» հաղորդման հեռարձակումը։ «Առավոտի» խնդրանքով, «Նոյյան Տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը եւս մեկ անգամ պարզաբանեց այդ խնդրի էությունը. «Ոչ մի տնտեսական վեճ մեր միջեւ չի եղել երբեւէ՛, ընդհանրապե՛ս։ Ուղղակի 2001 թ. օգոստոսին մեր գործընկերը մեզ հայտնեց, որ իր վրա ճնշում են եւ եթե համագործակցում ենք, այն կարող է շարունակվել միայն առանց մեր սեփական հաղորդումների»։ Մեր հարցին, թե ովքե՞ր էին ճնշողները, պրն Հարությունյանը պատասխանեց. «Ինձ անուններ չի հայտնել գործընկերս։ Նրա ասածից հասկացել եմ, որ խոսքը վերաբերում է բավական հզոր իշխանական կառույցի միջամտությանը։ Թե ով եւ ինչպես՝ որոշակի չի ասվել»։ Ի դեպ, «Արարատ-Լոտոսը» նաեւ գրավոր նամակ էր հղել «Ն.Տ.»-ին, պահանջելով դադարեցնել վերոհիշյալ հաղորդումները, պնդելով, թե դրանք հակասում են… նաեւ «Մամուլի մասին» օրենքին։ Վերջնականապես փարատելու համար կասկածները, թե այդ վեճում տնտեսական որեւէ նրբերանգ կար, Տիգրան Հարությունյանը հիշեցրեց նաեւ այս պատմությունը։ «Մեր համագործակցությունը սկսվեց այսպես՝ մեզ առաջարկեցին գնել այդ ընկերությունը, որն ուներ հեռարձակման արտոնագիր։ Ըստ երեւույթին գիտեին, որ բազմիցս դիմել էինք կապի նախարարություն՝ կապուղի ստանալու համար, բայց տարբեր պատրվակներով միշտ մերժում էին մեզ»։ «Արարատ-Լոտոսը» ֆինանսապես չէր կարողացել ապահովել եթերը, չուներ բազմաթիվ թույլտվություններ ու հնարավորություններ։ Եվ «Ն.Տ.»-ն սկզբի համար միայն 3 տարով համագործակցության (ներդրումների 50-50%-ի սկզբունքով) պայմանագիր էր կնքել՝ հետո ընկերությունը գնելու պայմանավորվածությամբ։ «Արարատ-Լոտոսն» իր 50% ներդրումը սկզբից եւեթ չէր կարողացել ապահովել՝ գումար չունենալու պատճառով։ Եվ դրա դիմաց սկսել էր «Ն.Տ.»-ին վաճառել իր ողջ տեխնիկան։ 2001-ի սեպտեմբերին ավարտվում էր նաեւ արտոնագրի ժամկետը։ Բայց երբ միայն այդ 3 ամսվա արտոնագրի համար «Ն.Տ.»-ն ցանկացել էր շուրջ 50 հազար դոլարով գնել այդ ընկերությունը, որը ո՛չ գույք ուներ, ո՛չ էլ տեխնիկա՝ հետեւել էր մերժում։ «Ցանկացած գործարար, եթե միայն տնտեսական հարց լիներ սա, պիտի երկու ձեռքով կառչեր այդ հնարավորությունից,- ասաց Տիգրան Հարությունյանը։- Նրանք ոչինչը վաճառում էին բավական թանկ գնով։ Բայց ճնշում կար մեր գործընկերոջ վրա, որպեսզի չհեռարձակվեն «Նոյյան Տապանի» հաղորդումները։ Եվ նա անջատեց մեր հաղորդակը՝ ի վնաս իր գրպանի եւ ընդհանրապես՝ բիզնեսի։ Տնտեսական վեճի տեսակետից՝ սա անբացատրելի քայլ է, իսկ քաղաքական ճնշման պարագայում՝ միանշանակ բացատրելի»։ Ա. Ի. Հ. Գ. «Նոյյան տապանի» գլխավոր տնօրենի հարցազրույցը՝ մրցույթով եւ իրենց արտոնագրից զրկելու ետ հետագա իրադարձությունների մասին՝ կարդացեք վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել