Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկածողների» զանգվածային որս՝ ԱԺ-ում

Հունիս 12,2002 00:00

«Կասկածողների» զանգվածային որս՝ ԱԺ-ում Այսօր, թերեւս, մենք դրա ականատեսները կլինենք Արդեն երկու օր շարունակ խորհրդարանական մեծամասնությունը՝ ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի ղեկավարությամբ, օրինաստեղծ գործունեություն ծավալելու փոխարեն՝ զբաղված է օրենքների «բռնաբարությամբ»: Իսկ ավելի կոնկրետ, սույն մեծամասնությունը երկուշաբթի օրվանից ի վեր շարունակում է ամեն գնով տապալել ԱԺ նիստերը միայն այն բանի համար, որ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը՝ «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության հիման վրա շրջանառության մեջ դրված որոշման նախագիծը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը լսելու եւ ՍԴ դիմելու մասին, խորհրդարանում չքննարկվի: Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը միանգամայն հիմնավոր եւ օրինական է, բխում է ԱԺ կանոնակարգ-օրենքի 22 հոդվածի 4-րդ կետի պահանջներից եւ ենթակա է արտահերթ կարգով եւ առանց քվեարկության օրակարգում ներառվելու: Երեկ սակայն ԱԺ դահլիճում եւ նախասրահներում ծավալված զարգացումներից պետք էր ենթադրել, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուքից բացի կարող են նաեւ պատգամավորների՝ առնվազն 72-ժամյա, ձերբակալություններ լինել. այն 10-11 պատգամավորների, ովքեր ի նշան բողոքի գրավել են ԱԺ դահլիճի ամբիոնն ու պահանջում են օրենքով սահմանված կարգով նախ օրակարգ մտցնել եւ քննարկել Ռ.Քոչարյանի պաշտոնանկության հարցը: Այդպիսի սցենարի հնարավորությունը միանգամայն իրական է, առավել եւս եթե հաշվի առնենք այն, որ դեռ երեկ ԱԺ միջանցքներում հայտնվել էին հատուկ նշանակության ուժեր՝ կարմիր բերետավորներ, որոնց անգամ լուսանկարել թույլ չէին տվել՝ վերջիններիս հրահանգելով մտնել իրենց հատկացված սենյակները: Նման զարգացումների մասին երեկ միանգամայն թափանցիկ ակնարկներ արեց ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին սպառնալով, թե ամբիոնը «գրկելու» եւ նիստը խանգարելու համար կարող են պատժվել եւ պատասխանատվության ենթարկվել: Նույնի մասին ակնարկեց նաեւ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հիշեցրեց կանոնակարգի համապատասխան հոդվածը կարգազանց պատգամավորներին սանձելու մասին: Որ այսօր ԱԺ-ում ստեղծված փակուղին հաղթահարելու համար իշխանությունները ոչ մի ողջամիտ քայլ չեն ձեռնարկի՝ բացի ներքաղաքական իրավիճակը նորովի սրելուց ու եւս մի քանի կասկածողի բանտարկելուց, փաստեց ՀՀ ոչ լեգիտիմ եւ աշխարհի ամենակայունասեր նախագահ Ռ.Քոչարյանը՝ Երեւանի կոնյակի գործարանում տված իր հարցազրույցով: Վերջինս, փաստորեն, հերթական ու համապատասխան հրահանգ իջեցրեց իրավապահ մարմիններին՝ իր պաշտոնանկության հարցի քննարկումը օրինականության շրջանակներում պահանջող պատգամավորներին, ըստ էության, մեղադրելով խուլիգանության մեջ, որոնց պետք եղած դեպքում իշխանությունները կարող են նաեւ պատժել: Ռ.Քոչարյանը նաեւ զորակցություն հայտնեց արդեն երկու օր շարունակ օրենքը բռի կերպով խախտած խորհրդարանական մեծամասնությանը՝ հայտարարելով, թե ԱԺ խոսնակը օրենքը խախտած կլիներ, եթե նրա պաշտոնանկության քննարկումը թույլ տված լիներ: ԱԺ-ում այսօր ձերբակալություններ կլինեն, թերեւս: Բայց հարց է՝ դա ձեռնտո՞ւ կլինի Քոչարյանին, թե՞ կարագացնի նրա տապալումը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել