ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ Այն, ինչ երեկ, նախորդ օրը, վստահ ենք՝ նաեւ այսօր, կատարվել ու կատարվելու է խորհրդարանում, կարելի է կոչել երկու բառով՝ կեղտոտ խաղեր։ Օրենսդիր մարմինն ավելորդ անգամ ապացուցեց, որ իր կազմով ու մակարդակով չի համապատասխանում իրեն վերապահված դերին։ Բառացիորեն բոլոր պատգամավորներն իրենց խաղն են խաղում եւ սեփական անձի, սեփական «թայֆայի» խնդիրներն են լուծում։ Իսկ այն, որ պետության երկրորդ դեմքը՝ Ազգային ժողովը, դառնում է ծաղրուծանակի առարկա, որտեղ կարելի է քաշքշվել, ծեծվել, հայհոյել եւ հայհոյանք լսել, ոչ մեկին չի հետաքրքրում։ Թերեւս նման խորհրդարանը նախագահի ճաշակով է, քանի որ երեկվա նրա հայտարարության մեջ (կոնյակի գործարանում) միտք չհնչեց խորհրդարանը ցրելու մասին։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին ժամանակին ոմանք մեղադրում էին այն բանում, որ վերջինս նիստերը վերածում է խեղկատակության։ Այսօր պարզվում է, ԱԺ խոսնակի նման պահվածքը օգտակար է հենց մեղադրանք հնչեցնողների համար։ Արմեն Խաչատրյանն այնքան միամիտ չէ, որքան թվում է, եւ շատ հանգիստ, առանց աչքը թարթելու կատարում էր սցենարով իրեն վերապահված դերակատարությունը։ ԱԺ ամբիոնը երեկ եւս շարունակում էր պաշարված մնալ։ Սակայն այս անգամ ամբիոնին էին մոտեցել նաեւ հանրապետական մի քանի պատգամավորներ եւ փորձում էին Ղուկաս Ուլիխանյանին, Սամվել Սաղաթելյանին, Արամայիս Բարսեղյանին եւ մյուսներին հեռացնել ամբիոնից։ Հենրիկ Աբրահամյանը նույնիսկ համարձակվեց քաշքշել իր գործընկերոջը՝ նույնպես անձեռնմխելի Արամայիս Բարսեղյանին։ Ընդդիմադիր պատգամավորները մտադիր չէին թողնել մարտի դաշտը։ Օրվա կեսին անսպասելի «բորբոքվեց» պատգամավոր Լեւոն Սարգսյանը (նույն ինքը՝ ալրաղացի Լյովիկը)։ Մոտենալով ամբիոնին, վերջինս էլ իր հերթին հրմշտեց եւ հարվածեց Արամայիս Բարսեղյանին։ Սկսվեց իրարանցում, մեկ րոպե առաջ դահլիճ մտած պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Երեւանից) նախ ձեռքը մեկնելով ամբիոնի մոտ կանգնածներին, ասաց. «Մի իշաոտնուկ բերեիք, օբշի նստեիք»։ Հետո, ականատես լինելով Լեւոն Սարգսյանի պահվածքին, բորբոքվեց, սկսեց բղավել՝ հայհոյելով ԱԺ նախագահին։ Կարելի է ասել, որ Հակոբ Հակոբյանն այս վարվելակերպով մարտն իր վրա վերցրեց եւ կանխեց խորհրդարանի ամբիոնի մոտ թեժանալու վտանգ պարունակող կռիվը։ Աղմուկը երկար ժամանակ չէր դադարում։ Այս ամենը տեղի ունեցավ ԱԺ նախագահի եւ խորհրդարանական մեծամասնության պահվածքի պատճառով։ Արմեն Խաչատրյանը նույնիսկ համարձակություն չունեցավ պատասխանել Հակոբ Հակոբյանի անվայելուչ խոսքերին, թեկուզ կարգի հրավիրելու պես։ Բոլորը սուսուփուս կուլ տվեցին այս ամենը եւ որքան էլ զարմանալի է, չէին ամաչում իրար աչքերի մեջ նայել։ Ավելին սպասել խամաճիկների այս խորհրդարանից, թերեւս, միամտություն է։ Պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայհոյանքների արանքում հասցրեց ասել՝ «թասիբ չունեք, ամեն ինչ կուլ եք տալիս», ու պատգամավորական մանդատը նետեց դեպի նախագահություն։ Սամվել Սաղաթելյանը օդի մեջ որսաց մանդատը։ Շավարշ Քոչարյանն իզուր էր փորձում խոսնակին ողջամտության կոչ անել. «Դուք երեկ բազմաթիվ անգամ ասացիք՝ նախագահի իմփիչմենթն այնպիսի կարեւոր հարց է, եւ այլն, եւ այլն։ Այնպես որ, եղած առաջարկը՝ խորհրդակցություն հրավիրելու մասին, տրամաբանական է, դուք դա վաղուց պետք է անեիք։ Եթե դուք դա չեք անում, ապա ես կոչ եմ անում խմբակցությունների ղեկավարներին, իրենք ինքնուրույն հավաքվեն, եւ եթե ԱԺ նախագահը խուսափում է իր պարտքը կատարել, բարձրացնեն նախագահի վստահության հարցը»։ Շավարշ Քոչարյանն արդեն անջատված խոսափողից բղավեց. «Պարոն Խաչատրյան, քանի կար Կարեն Սերոբովիչ Դեմիրճյանը, նա հատուկ հրավիրում էր։ … Դուք չեք հրավիրում, որովհետեւ դուք ղեկավարվում եք ոչ թե խորհրդարանի կոլեկտիվ կամքով, այլ՝ նման պահվածքով վիրավորում եք խորհրդարանը եւ ընտրողներին»։ Գալուստ Սահակյանը եւս փայլուն էր կատարում իր «հանձնարարությունը»։ Կարծում ենք, նա պատահաբար չհիշեցրեց. «Կարգազանցության մասին 45 հոդվածը հետկիրառման ուժը կորցնում է, կանոնակարգ-օրենքից ծավալները դուրս են գնացել։ Դրա համար մեկ անգամ եւս հորդորում եմ գործընկերներին, որոնց հետ բավական երկար ճանապարհ ենք անցել, նորից պիտի անցնենք։ Մենք չենք թողնելու, որպեսզի խաթարվեն ԱԺ-ի աշխատանքները»։ Այնուամենայնիվ, աշխատանքները խաթարված էին, եւ թեպետ հանրապետականները հավաքվել էին ամբիոնի մոտ, ոչինչ չէին կարողանում անել, քանի որ Սամվել Սաղաթելյանը թույլ չէր տալիս, որ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը խոսի։ Պատգամավորներից մեկի երեւակայությունը թույլ տվեց առաջարկել, որ բնապահպանության նախարարը հարցը ներկայացնի ՀՀ նախագահի համար նախատեսված միկրոֆոնից։ Արմեն Խաչատրյանն ասաց, որ, հասկանում է. «Կարելի է ամբիոնն էլ բերել ստեղ-տանել», սակայն դեռ ապավինում էր իր «գործընկերների գիտակցական մոտեցմանը»։ Արմեն Խաչատրյանը կարծես պատրաստ էր նոր հայհոյանքներ լսել, քանի որ շարունակում էր իր պահվածքով գրգռել դահլիճի մի մասին։ ԱԺ նախագահը բոլորովին հաշվի չառավ նաեւ առաջարկներն այն մասին, թե հարկավոր է փակ նիստ հրավիրել կամ խումբ-խմբակցությունների ղեկավարների հրավիրել խորհրդակցության։ Ընդհանրապես այն ամենը, ինչ երեկ կատարվում էր խորհրդարանում, նման էր խուլի եւ համրի հայտնի անեկդոտին. երբ մեկը խոսում է, մյուսը իրենն է անում։ Այսպես շարունակվեց մինչեւ օրվա վերջ։ Արմեն Խաչատրյանն իրար ետեւից խախտում էր կանոնակարգը։ Երեք օրինագծեր առանց քննարկման նա դրեց քվեարկության։ Քվորում չլինելու պատճառով հարցերը «չէին անցնում»։ Թերեւս, հասկանալով, որ կանոնակարգը հետզհետե առավել կոպիտ ձեւերով է խախտվում, Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, իսկ Տիգրան Թորոսյանն ավելի ուշ՝ պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ բազմաթիվ անհեթեթություններին եւս մեկն է ավելացել, որեւէ արտառոց բան չկա։ Կողմերը փոխադարձաբար իրար մեղադրում էին երկիրը քանդելու մեջ եւ իրար էին նետում արդեն վաղուց անտեր մնացած պատասխանատվության բեռը։ Համլետ Հարությունյանը նախորդ օրվա պես ջանք չէր խնայում, որ «համապատասխան տեղերում» իրեն լսեն. «Ինչ վերաբերում է նախագահի իմփիչմենթին. «այսօր այդ հարցը գոյություն չունի։ Գոյություն ունի միտինգի տեղափոխումը օպերայի հրապարակից ԱԺ, որը հնարավորություն է տվել կանոնակարգը»։ Պրն Հարությունյանը շարունակեց ավելի մատրոսովաբար. «Թիկունքից հարվածելու նման մի կետ են միացրել, գաղտագողի, ես կասեի՝ դավաճանաբար (խոսքը կանոնակարգի 22 հոդվածի 4-րդ կետի մասին է.- Մ. Ե.), վեց հոգով, 10 հոգով, 150 հոգով նախագահի իմփիչմենթ են ուզում։ Սա խայտառակություն չի՞ մեր հանրապետության համար»։ Մանուկ Գասպարյանը տեղից ճշտեց. «Նախագահի իմփիչմենթը ուզում են ոչ թե վեց հոգի, այլ բազմահազարանոց ժողովուրդը։ Ժամանակը գա՝ դրանց հետ դուք կհանդիպեք»։ Սեմյոն Բաղդասարյանը երեւի սեփական կուսակցական անցյալը մոռանալով, դիմեց ամբիոնի մոտ հավաքվածներին. «Սա երկիր է, սա պետություն է, այստեղ կա բարձրագույն պաշտոն եւ կա բարձրագույն ամբիոն։ Սա բարձրագույն ամբիոնն է։ Այսպես վարվել երկրի բարձրագույն ամբիոնի հետ չի կարելի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Արմեն Խաչատրյանը երեկ՝ օրվա վերջում, հայտարարեց, որ այսօր ԱԺ տարածք մտնող բոլոր պատգամավորները պարտավոր են հանձնել զենքը։ Թերեւս, իզուր չէ նախագահ Քոչարյանը երեկ հայտարարել. «Եթե տեսնենք շատ է ձգձգվում, իհարկե, միջամտելու ենք։ Ցույց ենք տալու, որ կարգը պարտադիր է նաեւ պատգամավորի համար»։