Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Հունիս 11,2002 00:00

«ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» Նորաստեղծ Ազգային երաժշտական ալիքը իր առջեւ նպատակ է դրել խտրականություն չդնել հայ երգիչ-երգչուհիների միջեւ եւ զերծ մնալ ռուբիկոնյան ոճից, որտեղ, իբր, ըստ հաղորդման պատասխանատուներից մեկի՝ Մերի Սանահյանի, հյուրընկալվում են միայն «մակարդակով եւ որակով» արտիստները։ Սակայն կա կարծիք, որ այդ «մակարդակովները» հիմնականում Արթուր Գրիգորյանականներն են։ Իսկ թե ինչո՞ւ «Արձագանք» ստուդիայից դուրս եկած արտիստները (բացառությամբ մի քանիսի) չեն հյուրընկալվում «Ռուբիկոնում», «Արձագանք» ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանն այս կերպ է բացատրում. ըստ նրա, «Ռուբիկոնը» Արթուր Գրիգորյանի ինկուբատորն է։ Թեեւ Մ. Սանահյանը պնդում է, որ նրանց, ովքեր ասելիք ունենում են, այնուամենայնիվ, հնարավորություն է ընձեռվում իրենց խոսքն արտահայտել «Ռուբիկոնի» միջոցով։ «Մեր երգիչ-երգչուհիները չեն կարող մասնակցել հանրապետությունից դուրս կազմակերպվող մրցույթներին (օրինակ, «Սլավոնական շուկա» եւ այլն), որովհետեւ ամեն ինչ ինքնուրույն ենք անում եւ պետությունը մեզ ոչնչով չի աջակցում»,- ասում է Ե. Պետրոսյանը։ Ըստ նրա, ի տարբերություն «Արձագանքի», Երգի թատրոնը լուրջ աջակցություն է ստանում պետությունից, որի համար պարտական է Ա. Գրիգորյանի ղարաբաղյան ծագմանը։ Չնայած Երգի թատրոնում էլ հավաստիացնում են, որ իրենք պետությունից ընդամենը չնչին գումարներ են ստանում։ Ինչեւէ, Երգի թատրոնի եւ «Արձագանքի» հակամարտությունը որոշ չափով պիտի մեղմացներ հենց ինքը՝ «Ռուբիկոն» հաղորդաշարը, որը պետք է եթեր տրամադրեր ցանկացած ոճի եւ «բանակի» երգիչներին՝ առանց տարբերություն դնելու նրանց միջեւ, առանց հաշվի առնելու, թե սա Ալլա Լեւոնյանն է կամ մյուսը՝ Սամվել Ծովակը։ Սակայն հակամարտությունը մեղմելու փորձեր կարծես թե չեն արվում նրա կողմից։ Ինչ վերաբերում է «մակարդակով» ու բարձրակարգ երգիչ-երգչուհիներին, ապա այդպիսիք հաստատ մեր երկրում դեռ չկան։ Որովհետեւ եթե նրանք իսկապես գոյություն ունենային, «օտարները» (Լեոնտեւը, Ալեգրովան, Պուգաչովան, Գազմանովը) մեր երկրում ավելի սիրված չէին լինի, քան հայաստանյան «մակարդակով» երգիչները։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ Կարծում ենք՝ Ա. Գրիգորյանի ծագումը Երգի պետական թատրոնին աջակցելու հետ ամենեւին կապ չունի, որովհետեւ «Արձագանք» ստուդիայի տնօրենը պետք է հիշի, որ նախկին իշխանությունները եւս Երգի թատրոնին պակաս ուշադրության չէին արժանացնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել