Լրահոս
Օրվա լրահոսը

Երնեկ ԱԺ լավատես պատգամավորին

Հունիս 11,2002 00:00

Երնեկ ԱԺ լավատես պատգամավորին Թվում է՝ մտավորականի կարգավիճակը բարոյական սահմանում է, հետեւաբար՝ ժամանակի ու պայմանների ազդեցությունից դուրս։ Ակամա այս մասին էի մտածում՝ դիտելով ԱԺ եզակի կին պատգամավորներից մեկի՝ Ալվարդ Պետրոսյանի հեռուստախոսքը՝ մեր կյանքում տեղի ունեցող դրական տեղաշարժերի շուրջ։ Պարզվեց, նրա գլխավոր փաստարկը Երեւանի փողոցներում երթեւեկող շքեղաշուք ավտոմեքենաներն են։ Ա՜յ քեզ տրամաբանություն։ Հարազատ ժողովրդի կենսամակարդակից կտրվածության ինչ աստիճան պետք է ունենալ՝ նման մտքի հանգելու համար։ Որ իշխանության հնարավորություններից օգտվող պաշտոնյաների որոշ մասը, իրոք, իրենց ունեցվածքն ու կենսամակարդակը աննրբանկատորեն ցուցադրում են՝ իրողություն է։ Բայց նաեւ փաստ է, որ մատնանշվող ավտոմեքենաների զգալի մասը մեր երկրում գործող դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, արտասահմանյան եւ տեղական բանկերի, այլ կառույցների ներկայացուցիչներինն է եւ մասամբ՝ մեր հարկատուների միջոցներով գնվող հայ պաշտոնյաներին սպասարկող փոխադրամիջոցները։ Ցանկացած բակում 1-2 անսարք ու վառելիք չունեցող ավտոմեքենա է կանգնած։ Անգամ արտակարգ դեպքերի ժամանակ հարեւանները միմյանց օգնելու հնարավորություն չունեն։ Այս տխուր իրավիճակի ապացույցներն են 300-400 դոլարով ավտոմեքենաները վաճառելը, որը հազիվ արտասահմանյան հեծանիվի գին է։ Հազարավոր տաքսիստներ օրը անց են կացնում ուղեւորի սպասելիս՝ նարդի ու շաշկի խաղալով եւ առանց լումայի տուն դառնալով։ Մեր համերկրացիները ըմբռնումով կմոտենային այս ամենին, եթե իրենց կյանքում, իրոք, բարելավման նշույլ նկատեին։ Ցավոք, այս է, որ նրանք չեն նշմարում եւ ուղղակի ողբերգական է, որ այն չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս մեր մտավորական իշխանամետ գործիչները։ Ոչ մեկը չի ասում, որ հանրության վերեւներում գտնվողները պետք է լավ չապրեն, բայց ոչ՝ մյուսների ստորացուցիչ վիճակի պայմաններում։ ԱՄՆ-ի հետպատերազմյան շրջանին նվիրված մի ուսումնասիրությունում ուսանելի փաստի հանդիպեցինք։ 1938-40 թվականներին 5 հարաբերականորեն աղքատ նահանգներում մեկ բնակչի հաշվով եկամուտը եղել է 249 դոլար, 5 հարուստ նահանգներում՝ 748 դոլար։ Հետպատերազմյան մի կարճ շրջան անց եռակի այս տարբերությունը կրկնակիի է հասցվել։ Իսկ եթե մեր օրերը վերցնենք, այն էապես է կրճատվել. աղքատ հռչակված նահանգներից, ասենք, Միսիսիպիում, Արկանզասում, Ալաբամայում մեկ բնակչի հաշվով տարեկան եկամուտը կազմում է 22-24 հազար դոլար, հարուստ դասվող Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Իլինոյսում՝ 32-34 հազար դոլար։ Հայ հանրությունն իր գերակշիռ մեծամասնությամբ այս թվերի մասին չի էլ երազում, բայց շատ կցանկանար, որ իր 3-4 տոկոսը կազմող վայելող հայրենակցի կողքին ինքն էլ ամիսը մի 50-60 դոլար ընտանեկան բյուջե ունենար։ Վիճակը շատ առավել անմխիթար է մարզերում ու լեռնային գյուղերում, ուր մարդիկ հաճախ անիծում են իրենց ճակատագիրը։ Հարստանալու ցանկության փոխարեն՝ մեր իշխանությունները միայն այն են անում, որ աղքատության նվազեցման ծրագրեր են կազմում։ Ցավոք, նրանցից երես է թեքել նաեւ Արարիչը, որի ապացույցն են այգիների ու դաշտերի տխուր պատկերները։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել