Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց փողի՝ ի՞նչ երազանք»

Հունիս 11,2002 00:00

«Առանց փողի՝ ի՞նչ երազանք» Դուդուկով նվագել են միայն արական սեռի ներկայացուցիչները, ինչպես, օրինակ, Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանը, Գեւորգ Դաբաղյանը եւ ուրիշներ։ Իսկ երբ հանդիպեցինք դուդուկահար(ուհի) Սիրանույշ (Լիլիթ) Հովսեփյանին, դա ուղղակի ապշեցուցիչ էր։ Վեց տարեկանից նա տարված է դուդուկով։ Բացի սրանից, տիրապետում է բժշկության, մեքենավարի, վարսավիրության, կոշիկի մոդելավորման եւ այլ մասնագիտությունների։ Գրում է նաեւ բանաստեղծություններ եւ երաժշտություն։ Նա ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուդի եւ շվիի բաժինը միանգամից։ Այնուհետեւ՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի շվիի բաժինը, իսկ դրա հետ մեկտեղ նվագել է դհոլ։ Ավարտելուց հետո մեծ պայքարով ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի (վճարովի) դուդուկի բաժինը, ինչը այդ հաստատության ողջ կենսագրության ընթացքում առաջին եւ միակ դեպքն է, իսկ որպես երկրորդ գործիք Սիրանույշը դհոլ է նվագում։ Այժմ նա սովորում է Գեւորգ Դաբաղյանի դասարանում։ – Ինչպես պատահեց, որ ընտրեցիք դուդուկի բաժինը։ Եվ եղե՞լ են, արդյոք, աջակցողներ։ – Սկզբնական շրջանում ինձ համար հաղորդում պատրաստեց միայն «Ա1+» հեռուստաընկերությունը։ Եղան անհատներ, որ օգնեցին ինձ ուսումս շարունակել, որոնց ես չեմ էլ ճանաչում։ Այնուհետեւ նամակներով դիմեցինք հանրապետության ղեկավար անձանց, բայց ապարդյուն։ Նրանք էլ այդ խնդրանքները իրենց վրայից «գցեցին» համապատասխան գերատեսչությունների վրա։ Իսկ ես այս գործիքը ընտրեցի, որովհետեւ շատ էի սիրում։ Ինձ բավականին օգնեցին Արմեն Ղազարյանը եւ Գրիգոր Խաչատրյանը, որոնց շնորհիվ էլ ընդունվեցի կոնսերվատորիա եւ պարտական եմ ամբողջ կյանքում։ – Կնոջ հմայքը նպաստո՞ւմ է դուդուկահար կամ դհոլահար լինելուն։ – Այժմ, երբ ինձ տեսնում են այդ երկու գործիքներով նվագելիս, ուղղակի զարմանում են։ Բայց եթե այդ ուժն ու եռանդը կա մեջդ, ուրեմն պետք է այն ծախսես ինչպես ինքդ ես ուզում։ Ես կարծում եմ, որ ուժեղ եմ ու պատրաստ եմ հաղթահարելու ամեն ինչ։ Բացի դհոլից ու դուդուկից, ունեմ նաեւ շուրջ տասը այլ երաժշտական գործիքներ։ Նվագում եմ նաեւ շվի, դաշնամուր, կլառնետ, սրինգ, ուդ, զուռնա, դեպլեկ, դհոլ (կոպալով) եւ այլն։ Այս բոլոր թվարկած գործիքներից էլ ունեմ անձնական, որոնցից շատերը նվիրել են։ Ցանկությունս միայն այն է, որ գնեմ սաքսոֆոն, որը շատ եմ սիրում նվագել։ – Արդյո՞ք այս բոլոր նվագարանները մեկը մյուսին լրացնում են։ – Ավելի շատ խանգարում են, դհոլը դուդուկին խանգարում է, որովհետեւ դհոլահարի մատները ավելի կոշտ են, քան դուդուկահարինը։ Բայց չեմ կարող մի գործիքից հրաժարվել՝ մեկը նախընտրել, մյուսը աչքաթող անել։ Նվագելը վերը նշված գործիքներով, անշուշտ, դժվար է եւ ֆիզիկական ուժ է պահանջում, մեկ-մեկ հոգնում եմ։ Սակայն դա չի խանգարել, որ համերգներով հանդես գամ հանրապետության գրեթե բոլոր մարզերում եւ Վրաստանում։ – Իսկ ի՞նչ կցանկանայիք ավելի շատ ունենալ, տեսնել եւ իմանալ։ – Ներկայումս ամեն ինչ չափվում է միայն փողով։ Ուստի ցանկանում եմ շատ փող ունենալ, առանց որի երազանքներդ կիսակատար կմնան։ Այս բոլոր ուսումնական հաստատություններում սովորելու համար ինձ օգնել են բազմաթիվ կազմակերպություններ։ Թաղապետերից մեկը նույնիսկ կրթաթոշակ է նշանակել։ Իսկ իմ մյուս ցանկությունն այն է, որ ազգանվանս համապատասխան դուդուկահար դառնամ, Վաչե Հովսեփյանի հետնորդը լինեմ, ինչի համար պետք է պայքարել ու հաղթահարել բոլոր դժվարությունները։ Դեռ շատ բան ունեմ իմանալու եւ սովորելու իմ դասախոս Գեւորգ Դաբաղյանից։ Իսկ երաժշտական աշխարհում ոչինչ հեշտությամբ չի տրվում։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել