Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՁՈՒ ԵՆ ԱԾՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՐՊԱՆՈՒՄ

Հունիս 11,2002 00:00

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՁՈՒ ԵՆ ԱԾՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՐՊԱՆՈՒՄ «Ուրախությամբ պիտի նշեմ, որ դեպքի օրը ավտովթարից մահացել է 3 մարդ, իսկ իմ պաշտպանյալը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք» (պաշտպանական ճառից)։ Փաստաբանական գործունեությունը մեզանում բազմաթիվ գնահատականների տեղիք է տալիս։ Քաղաքացիներն իրենց իրավական շահերի պաշտպանությունը վստահում են գործող փաստաբանական երեք միությունների անդամներին, որոնք, ինչպես հայտնի է, գործում են «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում։ Որպեսզի պատկերն ավելի առարկայական լինի, հարցում անցկացրինք մայրաքաղաքի Էրեբունի-Նուբարաշեն եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանների նախասրահներում սպասող շարքային քաղաքացիների հետ (25-ն էին)։ Հարցը հետեւյալն էր. «Վստահո՞ւմ եք արդյոք փաստաբաններին։ Վճարովի՞, թե՞ անվճար ծառայություն են մատուցում ձեզ, ձեր գնահատականն այդ կապակցությամբ»։ Սամվել Սարգսյան. – Ես դատական սպասվելիք նիստի հետ կապ չունեմ։ Պարզապես ընկերոջս եմ սպասում։ Վստահե՞լ փաստաբանին, թե՞ չվստահել՝ դա նրանց խնդիրն է, ովքեր փաստաբան են վարձում եւ իրենց շահերն ունեն։ Անձամբ ես չեմ վստահի։ Որովհետեւ այն գումարը, որը կտայի նրան, կտամ այլ… տեղ եւ հարցս կլուծեմ։ Փաստաբանին չեմ վստահում, որովհետեւ նա շատ հաճախ խաղում է հակառակորդի դաշտում։ Հռիփսիմե Մանուկյան. – Չորրորդ փաստաբանն եմ «բռնել», գործս առաջ չի գնում։ Մեկը փող էր շատ ուզում գործը չարած, արդյունքը չտեսած՝ չկարողացա տալ, մեկը զբաղված է այլ գործերով եւ իմ նիստերին չի գալիս, ասելով, թե խոսել է դատավորի հետ։ Պարզվեց դատավորին չի էլ ներկայացել։ 1998-ից ցանկապատի հարցով (հարեւանիս) եմ զբաղված։ Չի լուծվում։ Թաղապետարան-հարեւան-դատարան ենք պարեցնում։ Կուզեի, որ անվճար լիներ, որովհետեւ իսկապես գումար չունեմ։ Սակայն վճարովիի ձեռքից չեմ պրծնում, ուր մնաց՝ անվճարի… Անունն է անվճար, իրականում լավ էլ փող են ուզում։ Հովսեփ Դարբինյան. – Աստված չանի փաստաբանների ու դատավորների հետ գործ ունենաք։ Փաստաբան չունեմ։ Չեմ էլ ունենա։ Նստած-ելած տղա եմ, եղա՞վ։ Ո՞ր փաստաբանին հավատամ. էն որ ձո՞ւ է ածում դատավորի գրպանում։ Անվճար ծառայությունը այ, այս մուտքի մոտ կանգնելն է, մնացածը՝ բարեւից մինչեւ կալանավայր՝ փող… Ռոզա Սարգսյան. – Ընտանեկան վեճի հետ կապված եմ գտնվում այստեղ։ Դատարանի տեղը չգիտեինք, էդ էլ իմացանք։ Փաստաբա՞ն… մի ջահել աղջիկ է, առավոտից իրիկուն վազվզում է։ Բայց ո՞վ է հաշվի առնում խեղճին։ Չգիտեմ որ միությունից է։ Ծանոթս խորհուրդ տվեց իրեն բռնել։ Տեսնենք ի՞նչ կստացվի։ Գումար չեմ տվել։ Դեռ չունեմ։ Ինքն էլ ինձ չի խեղդում։ Անահիտ Օհանյան. – Ընկերուհուս որդու կապակցությամբ եմ գտնվում դատարանում։ Քրեական գործով։ Փաստաբան ունի, ոչ թողնում են խոսի, ոչ էլ շարժվի։ Որքան գիտեմ, փող վերցնում է, այն էլ թղթերը բազմացնելու համար։ Լավ փաստաբանը լավ փող է։ Հիմա ինձ ասեք. էս խեղճուկրակ ընտանիքը կարո՞ղ է Ռշտունու կամ Ջանոյանների նման փաստաբան վարձել։ Չեն կարող։ Ժողովուրդը փող չունի։ Ու դրա համար էլ, երբ գործը հասնում է դատարան, նրանց մեծ մասը կորցնում է… Մելս Պողոսյան. – Փաստաբանիս անունը կգրե՞ք թերթում, որը ինձ խաբեց։ Տղայիս 15 տարի տվեցին։ 15 րոպե մոտը չի եղել. ո՛չ մեկուսարանում, ո՛չ դատարանում։ Այդքան էլ փող տվել եմ (անմեղության կանխավարկածը պահելով չենք հրապարակում Պողոսյան ընտանիքի պաշտպանի անունը- Ռ. Մ.)։ Փափուկ բարձ դրեց գլխիս տակ։ Հետո էլ, երբ գնացի գումարը հետ վերցնելու՝ չտվեց… Հարցման մասնակիցների գերակշիռ մեծամասնության կարծիքով, հայ փաստաբանները լինում են գրպանային. նրանք դատավորի կամ մեղադրողի, կամ քննիչի հետ են։ Հետեւաբար, նրանց վստահել կամ կարծել, որ նրանք ներկայացնում են իրենց վստահորդի շահերը, մեղմ ասած, անլուրջ կլինի։ Ինչ վերաբերում է անվճար փաստաբանական ծառայությանը, նրանք գտնում էին, որ Հայաստանում անհնար է իրականացնել այդ։ Որպես օրինակ, նրանք բերում են պետպատվերի կարգով իրականացվող պաշտպանությունը, որը ձախողված է ի սկզբանե։ Անվճար փաստաբանական գործունեությունն առաջին հերթին հարվածում է փաստաբանի իմիջին։ Այն պետք է լինի փաստաբանի եւ քաղաքացու կամքով, կամավոր։ Իսկ «նշանակովի անվճար» երբեք չի ստացվի, հավատացեք։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել