Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խաղեր՝ տնտեսական թեմաներով

Հունիս 11,2002 00:00

Քաղաքական խաղեր՝ տնտեսական թեմաներով Վերջերս մամուլում, ԱԺ Վերահսկիչ պալատի տվյալների հիման վրա, ՀՀ վարկային պարտավորությունների մասին վերլուծություն էր հրապարակվել: Ամենաժողովրդական լեյտմոտիվով՝ վարկային միջոցները փոշիացվում են խորհրդատվությունների վրա, ներկայացված էր վարկային միջոցների բաշխումն ու իրացումը մի քանի ԾԻԳ-երում: Ընտրությունը կասկածահարույց կերպով ուշագրավ էր: ՀՀ-ում իրականացվող շուրջ երկու տասնյակ վարկային ծրագրերից ընտրվել էին երկու-երեքը. «Անշարժ գույքի գրանցում»-ը (որի խորհրդատվական ծառայությունների համար նախատեսված գումարները ընդհանրապես ուղղվել են այլ կանոնադրական նպատակների) եւ «Դատաիրավական բարեփոխումները» (որը հանուն խորհրդատվության գումարներից եւս մի $100-200 հազար խնայելու՝ արդեն կես տարի համաձայնության չի գալիս ծրագրի «Հասարակական իրազեկում» բաղադրիչի իրականացման շուրջ): Սա դեռ մի կողմ, քանի որ վերլուծության թիրախը կարծես վարկային համաձայնագրերն էին, ոչ թե դրանց կատարումը: Վարկային ծրագրերի չառնչված ընթերցողին իրազեկելու համար, թե ինչի մասին է խոսքը, ինչպես ասում են՝ թվերի լեզվով անդրադառնանք վերը հիշատակված ծրագրերին: Ի դեպ դրանց տեքստերը ցանկացած լրագրողի մատչելի են՝ Ազգային ժողովից կամ Սահմանադրական դատարանից: «Անշարժ գույքի գրանցում» վարկային ծրագիր. հիմնագումարի տեղաբաշխման հիմնական 4 հոդվածներն են՝ 1, Տեխնիկական ծառայություններ- 3 մլն 988 հազ. SDR, համարժեք է մոտ $ 5 մլն 314 հազ.: Ինչպես պարզաբանված է համաձայնագրում, «Տեխնիկական ծառայություն» են համարվում դաշտային հանույթների եւ սեփականության տվյալների հավաքման ծառայությունները, արբանյակային պատկերահանումը, օդալուսանկարչությունը եւ այլն, համակարգչային եւ չափագրական սարքավորումների սպասարկումը: 2. Ապրանքներ- մոտ $ 533 հազար: Հատկացված է բուն տեխնիկական միջոցներ-սարքավորումների ձեռքբերմանը: 3. Խորհրդատվական ծառայություններ եւ ուսուցում- մոտ $780 հազար: Ի դեպ, ԾԻԳ-ից պարզաբանել էին, թե Համաշխարհային Բանկի համաձայնությամբ խորհրդատվություն ընդհանրապես չի գնվել եւ գումարն ամբողջությամբ ուղղվել է այլ կանոնադրական նպատակների: Այլ կերպ ասած, իրականության աղավաղում են թե՛ Վերահսկիչ պալատի տվյալները, թե՛ դրանց վրա հենված վերլուծությունը: Վերահսկիչ պալատի տվյալները հերքելը կամ սեփական ինքնագործունեությունը ներկայացնելը կարծում ենք ԾԻԳ-ի պարտականությունն է, եթե ընթերցողին շփոթությունից զերծ պահելու նպատակ ունի: 4. «Տեղեկատվական կենտրոնի» եւ տարածքային ստորաբաժանումների ընթացիկ ծախսեր- $593 հազար: Կոմիտեն ունի 49 տարածքային ստորաբաժանում: Չտեղաբաշխված գումարները կազմում են 526 հազ. SDR, համարժեք է մոտ $702 հազ.: Վերջին եւ նվազագույն մասնաբաժինը՝ շուրջ $68 հազ. հատկացված է «Ծրագրի իրականացման գրասենյակի» ընթացիկ ծախսերին: Ընդ որում, այդ $68 հազարը ոչ միայն ԾԻԳ-ի 3 տարվա տնտեսական ծախսումների լիմիտն է, այլեւ ներառում է աուդիտորական ստուգումների դիմաց վճարները: Մինչդեռ մամուլի վերլուծության մեջ 68 հազ.-ը հավասարեցվել է 900 հազարի, կամ տեխնիկական ծառայությունը չի տարբերվել խորհրդատվական ծառայությունից՝ արդյունքում հասնելով անհեթեթության, թե 780 հազ. կազմում է 8 մլն-ի 65%-ը: Նույն կարգով էլ «Դատաիրավական բարեփոխումների» վարկային ծրագիրն է վերլուծվել: Այս ծրագիրը կազմված է 7 բաղադրիչներից, յուրաքանչյուրը իր հերթին գոյանում է «աշխատանք, ծառայություն, ապրանք» մասնաբաժիններից: Բաղադրիչներից 4-ը բնույթով խորհրդատվական են՝ «Արդարադատության կառավարում», «Դատավորների եւ դատական աշխատակազմերի վերապատրաստում», «Դատավճիռների գործադրման բարելավում», «Հասարակական իրազեկում»: Հիմնականում թվարկված բաղադրիչներն են գոյացնում հիմնագումարի 23%-ին մոտեցող խորհրդատվական ծախսերը: Մինչդեռ վերլուծաբանը 35% է հաշվարկել: Ինչպե՞ս: Երեւի թե, օրինակ, ճարտարապետա-նախագծային աշխատանքներն է համարել խորհրդատվություն, առանձնացնելով շինարարությունից եւ գումարելով, ասենք՝ «Արդարադատության կառավարում» բաղադրիչին: Պարզապես քիչ է հավանական, որ որեւէ վերլուծաբան թվերն այսչափ սխալ ընթերցի: Եթե հատուկ միտում չունենա: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել