Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻ՞Չ ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ

Հունիս 11,2002 00:00

ՄԻ ՔԻ՞Չ ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ «Ինձ ասացին՝ ընդմիջումից հետո կգաս տանդ որոշումն ու բանալիները ստանալու։ Ընդմիջումից հետո եկա, ասացին՝ բանալիները չկան, չես կարող ապրել այդ տանը»,- պատմում է փախստական Սուսաննա Սարուխանյանը։ Մինչեւ բանալիների մասին ավետելը, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությունում Ս. Սարուխանյանը ստորագրել է վարչության եւ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) ներկայացուցչության համատեղ հանձնաժողովի որոշման տակ։ Այդ ստորագրությամբ փախստականը հաստատել է, որ ստանում է որոշմամբ իր ընտանիքին հատկացվող Նուբարաշենի 1-ին նրբանցք, 1-ին մասնաշենքի թիվ 75 բնակարանը (համապատասխանաբար՝ եւ բանալիները)։ Ինչպես ասացինք, ընդմիջումից հետո նրան մերժել են տալ այդ բանալին։ Առավել եւս մերժել են վերադարձնել կամ որեւէ կերպ անվավեր ճանաչել մեկ ժամ առաջ դրված ստորագրությունը։ Ս. Սարուխանյանը պնդում է, որ որոշումը չեղյալ հայտարարելու մասին իրեն հայտնել է վարչության պետ Գագիկ Եգանյանը, մինչդեռ վերջինս միանձնյա իրավասու չէր չեղյալ հայտարարելու հանձնաժողովի որոշումը։ Վարչության պետ Գագիկ Եգանյանը մեր հարցադրումներին պատասխանելիս հատկապես շեշտեց, որ ՓԳՀ-ի հետ իրենց համատեղ հանձնաժողովի ընտրած հանրակացարանների ցանկում (որտեղից պետք է փախստականները տեղափոխվեն նոր բնակարաններ) Ս. Սարուխանյանի բնակության հանրակացարանը չի եղել։ Ընդհանուր սկզբունքներով Նուբարաշենի վերոնշյալ շենքի բնակարանները բաշխելուց որոշ ժամանակ անց վարչությունում պարզել են, որ բնակարաններից մեկը բնակեցված չէ (պրն Եգանյանը ներկայացրեց նաեւ բնակարանի չբնակեցվածությունը պարզելու իրենց մեթոդները)։ Եվ ահա իրենք որոշում են «լավություն անել» տարիներ ի վեր հնարավոր բոլոր պետական ատյաններում իր բնակարանի հարցը բարձրացրած Ս. Սարուխանյանին։ Վերջինս հավաստիացնում է, որ իրեն բնակարան տալու մասին վարչությունում մտածեցին միայն այն բանից հետո, երբ ինքը գրեց Բելա Քոչարյանի գրասենյակ եւ այնտեղից միջնորդություն եկավ վարչություն։ Պրն Եգանյանը ցույց տվեց Ս. Սարուխանյանի՝ 2 տասնյակի հասնող դիմումները տարբեր ատյաններ։ «Եթե կարողանայինք, մինչ այդ էլ կտայինք»,- ասաց պրն Եգանյանը։ Նա նաեւ հերքում է, թե միանձնյա է որոշումը չեղյալ հայտարարել։ Բայց ամենահետաքրքիրն առջեւում է։ Երբ պրն Եգանյանին հարցրինք նաեւ Ս. Սարուխանյանի ստորագրած որոշման մասին, նախ նա հերքեց, թե գրավոր փաստաթուղթ է եղել, ապա թե՝ փախստականը ստորագրել է այն, հետո հանձնարարեց մեր զրույցին ներկա փախստականների եւ բռնի տեղահանվածների բաժնի պետ Արա Հարությունյանին պատմել ինչն ինչոց է։ Ըստ Ա. Հարությունյանի, Ս. Սարուխանյանին բանալիների մասին հայտնելուց եւ որոշումը ստորագրել տալուց հետո իրենց աշխատակիցները գնացել են բնակարանի նախկին տիրոջ մոտ՝ վերցնելու բանալին։ Վերջինս, իմանալով, որ իրեն զրկում են բնակարանից, անմիջապես տեղափոխվել է այնտեղ։ Մինչ այդ բնակարանատեր փախստականը՝ իր երեք անչափահաս երեխաների հետ ապրելիս է եղել երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տարածքում միայն այն նպատակով, որ այնտեղ ապրելով նաեւ աշխատի եւ գոյության միջոցներ հայթայթի։ Մեր այն դիտարկումը, թե այդ ամենը պարզել պետք էր մինչեւ Ս. Սարուխանյանին բնակարան հատկացնելու մասին որոշում կայացնելը եւ, առավել եւս, այդ մասին նրան հայտնելը, Գ. Եգանյանի համար կարծես թե անսպասելի չէր. «Ես էլ իմ աշխատողներին ասել եմ, որ պետք էր բոլոր հարցերը պարզել։ Որ իրենք մի քիչ լավ չեն աշխատել»։ Հետո նաեւ պատճառաբանեց, եթե կարելի է պատճառաբանել անչափահաս երեխայի, մոր եւ երկու չափահաս եղբայրների հետ 14 տարի հանրակացարաններում անցկացած կնոջը բնակարանի բանալին համարյա ձեռքը դնելը եւ հետ վերցնելը. «Կյանքն այնքան չմոդելավորվող, չկանխատեսվող իրավիճակներ է դնում առաջդ։ Փախստականների հետ լինում են նաեւ այսպիսի ոչ օրդինար իրավիճակներ»։ «Լավություն անելու»՝ փախստականների վարչության ցանկության մասին են երեւի ասում՝ «ղՏՑպսՌ ՍՈՍ սցփՔպ, տՏսցփՌսՏրՖ ՍՈՍ ՉրպչՊՈ»։ Ասենք, լավությունը չստացվեց, ինչո՞ւ չեն փախստականին տալիս մի փաստաթուղթ, որով չեղյալ համարվի նրան բնակարան տալու մասին որոշումը։ Ա. Հարությունյանն ինչ-որ երկար եւ անհամոզիչ բացատրություններ տվեց, թե ինչպես են հանձնաժողովի անդամները հավաքվում, որոշում կայացնում, հետո, չգիտես ինչու, չեն ստորագրում իրենց նիստի արձանագրության տակ, հետո նորից են հավաքվում կամ երեւի առանձին-առանձին ստորագրում արձանագրության տակ եւ պատճենը տալիս փախստականին։ Երեւի դա կյանքում էլ շատ դժվար ու երկար պրոցես է, որովհետեւ մինչեւ այսօր Ս. Սարուխանյանին ոչ ոք փաստաթուղթ չի տվել, որ ի վերջո իրեն բնակարան չի հատկացվել։ Մինչդեռ բաժնի պետ Ա. Հարությունյանը մայիսի 31-ի մեր հանդիպմանը խոստացել էր առնվազն հունիսի 3-ին դա անել։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել