Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Հունիս 11,2002 00:00

ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ Արդեն առիթ ենք ունեցել գրելու, որ պարբերաբար անիրական խնդիրներ դնելը, դրանց շուրջ մեծ աղմուկ բարձրացնելը եւ ամեն անգամ չափազանց կանխատեսելի պարտություններ կրելն առօրյա կյանքում, ինչպեսեւ՝ մասնագիտական եւ քաղաքական բնագավառներում, լավագույն գործելակերպը չէ: Մասնավորապես, քաղաքական կյանքում դա նշանակում է՝ ջլատել քո կողմնակիցների ուժերը եւ հուսահատեցնել հասարակության այն մասին, որը տեսականորեն պատրաստ է քո ետեւից գնալ: Այդ գործելակերպն է որդեգրել Հայաստանում ներկայիս ընդդիմությունը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցություններն ակտիվացան ապրիլի սկզբին, երբ սկսեցին հանրահավաքներ կազմակերպել «Ա1+»-ի փակման դեմ: Սակայն երկրորդ իսկ հանրահավաքից նրանց մեծ մասը «Ա1+»-ի մասին մոռացավ եւ սկսեց խոսել օդանավակայանի, կոնյակի, սոցիալական ծանր վիճակի, չվճարվող թոշակների, խնայբանկում փոշիացած ավանդների եւ զանազան այլ խնդիրների մասին: Այսինքն՝ իրենց կարծիքով, «հեծնել» էին շատ հրատապ թեմաներ, որոնցով կարելի է բարձրացնել ժողովրդական բողոքի ալիքը: Ի վերջո, այդ գործընթացը հանգուցալուծվեց Քոչարյանի հրաժարականի պահանջով, այսինքն՝ անիրական նպատակով եւ անխուսափելի պարտությամբ: Ապրիլին սկսած հանրահավաքների արդյունավետությունը զրոյական էր: Այնինչ, պետք էր փոքրիկ հաղթանակ, ասենք՝ «Ա1+»-ի վերաբացումը, որով շահագրգիռ էին հազարավոր հեռուստադիտողներ: Հիմա նույն պատմությունը կրկնվում է իմփիչմենթի հարցում: Եթե հարցի մեխը «Հոկտեմբերի 27-ն» էր, ապա պետք էր կենտրոնանալ այդ խնդրի վրա: Նախ՝ ժամանակավոր հանձնաժողովի առաջ հարց դնել՝ արդյոք պետական մարմիններն արե՞լ են ամեն ինչ՝ ահաբեկչությունը կանխելու համար: Որքան հայտնի է, ազգային անվտանգության նախարարության վերաբերյալ քրգործում կան հակառակն ապացուցող բազմաթիվ փաստեր: Այնուհետեւ՝ ծանրակշիռ ապացույցներ գտնել (եթե կան), որ, ասենք, ԱԱ նախարարության հանցավոր անգործությունը հրահանգվել էր հենց նախագահի կողմից: Հետո միայն՝ խոսել իմփիչմենթի մասին: Իսկ հիմա ընդդիմադիր պատգամավորները էլի կխոսեն հազար ու մի բանից՝ արտագաղթից, էլեկտրաէներգիայի սակագներից, Ղարաբաղից: Արդյունքը կրկին կլինի զրոյական: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930