Ալեքսան Հարությունյանիվիճակը նախանձելի չէ Փաստաբան Յունոշեւը պատասխանում է իր հասցեին հնչած մեղադրանքներին Որքան «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը հետեւողական է դատարանում իր արած միջնորդությունների իմաստով, եւ որքան դրանք հասցեագրված ու դիպուկ են լինում, այնքան մեծանում են նրան չեզոքացնելուն, վարկաբեկելուն ուղղված գայթակղությունները: Հայաստանյան իրականության մեջ դա միանգամայն ընկալելի երեւույթ է: Ընդամենը վերջերս թերթերից մեկն իր ավանդական «բամբասանքում» ակնարկեց, թե Օ.Յունոշեւը լրտես է: Ռուս փաստաբանին առնչվող մի խորհրդավոր հայտարարություն էլ անցյալ շաբաթ արեց նախագահ Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանը: Նա հետին թվով անդրադարձել էր փաստաբան Յունոշեւի միջնորդություններին՝ ձեռք բերել 99-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած օրերին ՊՆ-ում Ալ.Հարությունյանի արած եւ «27»-ի կազմակերպմանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առնչությունների մասին հայտարարության տեսագրությունը, նաեւ՝ վերանայել նրա մասով անհիմն կարճված քրգործը: Ալ.Հարությունյանը՝ բացի կոտոշավոր, չհասկացված ու չսիրված «կազյոլի» մասին արած երկիմաստ հայտարարությունից, ինչն, ի դեպ, կոնկրետ հասցեատիրոջ իմաստով ոչ միանշանակ ընկալման է արժանացել, Օ.Յունոշեւի առնչությամբ նաեւ ակնարկել էր՝ «Կարծում եմ, այդ անձնավորությամբ եւ նրա գործունեությամբ պետք է ավելի լրջորեն զբաղվել՝ կապված «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով տարվող նախաքննության հետ: Կրկնում եմ՝ առավել ուշադրության են արժանի նրա գործունեությունն ու պահվածքը այդ ամիսների ընթացքում»: Մենք դիմեցինք Օ.Յունոշեւին՝ իրեն ուղղված կեսկատակ-կեսլուրջ մեղադրանքին արձագանքելու համար: Նա դժկամությամբ, բայց ասաց. «Ես ինձ թույլ չեմ տա իջնել Ալ.Հարությունյանի բառապաշարի մակարդակին, բայց այն, որ նա միայն երկու օր մտածելուց հետո եւ խիստ ինքնատիպ ոճով անդրադարձավ իմ հայտարարությանը, կարծում եմ, խոսում է նրա մտավոր ընդունակությունների մասին: Իսկ Ալ.Հարությունյանին ես հասկանում եմ: Նա այսօր հայտնվել է շատ անհարմար եւ աննախանձելի իրավիճակում՝ ընտրություն կատարել երկու հնարավոր տարբերակների միջեւ կամ ընդունել, որ ՊՆ-ում հայտարարելով «27»-ի կազմակերպմանը Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի առնչությունների մասին՝ ինքը բարձրաստիճան այդ պաշտոնյաներին զրպարտել է կամ հաստատել այդ փաստը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Առաջին դեպքում, ի դեպ, նրան սպառնում է քրեական պատասխանատվություն, առավել եւս՝ որ մենք ականատես ենք Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին կասկածելու համար 7 տարի ազատազրկման դատապարտված Մ.Սաղաթելյանի դատավարությանը: Իհարկե, ես չեմ ուզում դրանց միջեւ զուգահեռներ անցկացնել, որովհետեւ Մ.Սաղաթելյանի կասկածները դեռ հիմնված են քրգործի նյութերի ուսումնասիրության, նաեւ՝ հենց Ալ.Հարությունյանի հիշյալ հայտարարության վրա: Մ.Սաղաթելյանը բարեխղճորեն ուսումնասիրել է այդ ամենն ու եզրահանգում արել, ինչը կարող էր անել ցանկացած նորմալ մարդ: Բայց ի տարբերություն Ալ.Հարությունյանի՝ Մ.Սաղաթելյանը դատապարտվել է: Իսկ Ալ.Հարությունյանը, որեւէ ճնշման տակ չլինելով հանդերձ, ինքնակամ է գնացել ՊՆ եւ նման հայտարարություն արել: Երբ ասում եմ՝ հասկանում եմ Ալ.Հարությունյանին, նկատի ունեմ հենց այն, որ նրա ոչ տղամարդավայել դիրքորոշումն ու իմ հայտարարության հետ որեւէ կապ չունեցող պարզաբանումը հենց այդ ընտրության անհնարինությամբ են պայմանավորված: Իսկ ընդհանրապես, միշտ ուրախ եմ ավելի ուժեղ եւ լուրջ ընդդիմախոս ունենալ, առավել եւս՝ իրավական դաշտում իրավական լեզվով բանավիճելու համար: Բայց եթե մարդիկ փորձեն իմ հանդեպ իրենց դատողություններում ու գնահատականներում դուրս գալ այդ հարթությունից, հավաստիացնում եմ՝ ես ի վիճակի եմ նրանց հակահարված տալ: Այնպես որ, լավ կլինի՝ նույնիսկ չփորձեն դա անել»,- հայտարարեց փաստաբան Օլեգ Յունոշեւը: Վերջինիս՝ Ալեքսան Հարությունյանի մասով կարճված քրգործին առնչվող տեսակետները կներկայացնենք առաջիկայում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ