Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՍԿԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ԽՈՐԱՆՈՒՄ»

Հունիս 11,2002 00:00

«ԿԱՍԿԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ԽՈՐԱՆՈՒՄ» ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը երեկ փորձեց կրծքով պաշտպանել հանրապետության նախագահին։ Թեպետ, ըստ հավաստի աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանն այնքան անլուրջ է համարել իր պաշտոնանկության հարցը քննարկելու առաջարկը, որ նույնիսկ հարկ չի համարել ի պաշտոնե երկրի երկրորդ դեմքի հետ նստել եւ ստրատեգիան քննարկել։ Նախագահ Քոչարյանը հերթական անգամ մարտավարական սխալ թույլ տվեց՝ «անլուրջ» համարելով երեկ խորհրդարանում բավականին լուրջ եւ օրինականության պահանջով պայքարի մեջ մտած ընդդիմադիր քաղաքական ուժերի մտադությունները։ Այն պահից, երբ պարզ էր, որ Արմեն Խաչատրյանը չի ուզում հարցն օրակարգային հայտարարել, պատգամավորներ Ղուկաս Ուլիխանյանը, Սամվել Սաղաթելյանը, Արա Կետիկյանը, Ստեփան Զաքարյանը, Վարդան Մկրտչյանը, Արամայիս Բարսեղյանը, Նապոլեոն Ազիզյանը, Ալեքսան Կարապետյանը եւ Խորեն Սարգսյանը «գրավեցին» խորհրդարանի ամբիոնը եւ, փաստորեն, օգտվելով ՀՀ կանոնակարգ-օրենքով իրենց վերապահված իրավունքից, տապալեցին եռօրյայի առաջին նիստը։ Եթե այսօր եւ վաղը եւս ԱԺ նախագահը համառի եւ հարցն օրակարգային չհայտարարի, կտապալվեն նաեւ առաջիկա նիստերը եւ նախագահ Քոչարյանն իր պաշտոնանկության մասին խորհրդարանի ընդդիմադիր մասի առաջարկի հոգսը կամ, եթե կուզեք՝ սարսափը, կրելու է մինչեւ սեպտեմբեր՝ աշնանային նստաշրջան։ ԱԺ ղեկավարությունը, մեղմ ասած, նախանձելի վիճակում չէր. Արմեն Խաչատրյանի ձայնը դողում էր, Տիգրան Թորոսյանը գլուխը կանոնակարգից չէր բարձրացնում, հարմար պահին էլ այն մեկնում էր ամբիոնի մոտ կանգնած Արմեն Խաչատրյանին, իսկ Գագիկ Ասլանյանը, որն առաջին պահերին նիստը վարողն էր, փորձում էր ձայնին հանգիստ երանգ տալ, որ առանձնապես չէր հաջողվում։ Այնուամենայնիվ, նախագահի պաշտոնանկության հարցը քննարկվում էր խորհրդարանում, անկախ նրանից՝ Արմեն Խաչատրյանն այն մտցրեց, թե ոչ։ Ելույթների համար հերթագրվել էր 22 պատգամավոր, որից 6-ը (ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր») դեմ էին հարցի քննարկմանը, մնացած ելույթ ունեցողները՝ կողմ։ Շավարշ Քոչարյանի կարճ ելույթը կարելի է համարել գլխավոր միտքը. «Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը ոչ իրավական է, ոչ տրամաբանական, խնդիրը քաղաքական է։ Քաղաքական լուծումը կայացված է եւ մնացած վեճերն ընդամենն ուղղված են արդարացնելու այդ քաղաքական վճիռը, որոշումը։ Մյուս կողմից մի բանի վրա եմ ուշադրություն հրավիրում. խորհրդարանում կա մեծամասնություն, որն ակնհայտորեն դեմ է նախագահի իմփիչմենթին եւ կայացնում է որոշում, որը թույլ չի տալիս այդ հարցի քննարկումը։ Ուշադրություն եմ հրավիրում մի հանգամանքի՝ այսպիսի մոտեցումներով էլ ավելի են խորանում կասկածները, որոնք կան հասարակության մեջ, եւ ես ընդամենը գնահատական եմ տալիս այդ քաղաքական որոշմանը։ Այդ որոշումը ամենեւին չի նպաստում, որ այդ կասկածները վերանան»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ինքն իրեն գերազանցեց ուրիշներին վիրավորելու «կուլտուրայի մեջ». «Քաղաքական վճիռ չի կարելի համարել հիվանդ երեւակայության հետեւանքները։ Եվ մի փորձեք լղոզել, խոսք ունեք ասելու՝ եթե որոշ մարդիկ կան՝ իրենց կյանքում կարողացել են «պապաներով» ապրել, հիմա նորից որոնում են «պապաներ», դա ուրիշ խնդիր է։ Իսկ որբերի համար, այո, կարող ենք մե՛նք «պապա» լինել»։ Պարզապես անհնարին է չնկատել, որ իր այս ելույթով Գալուստ Սահակյանն ինքը ի՛ր «պապային» հավատարմության խոսք ասաց։ Խորեն Սարգսյանը, իր ասելով, պարզապես ստիպված էր դիմել Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին. «Մի օրով գլուխ բարձրացրեք։ Էս ո՞ւմ եք բերել պառլամենտ»։ Պատգամավորներից մեկի դիպուկ դիտարկմամբ՝ «էշելոններով» խորհրդարան եկածները չէին համարձակվում նույնիսկ շնչել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ներկայությամբ, իսկ հիմա, իրենց իսկական կենդանակերպը թաքցնելով, փորձում են «առյուծ» երեւալ։ Արամայիս Բարսեղյանը, որ շարունակ պահանջում էր, որ Արմեն Խաչատրյանը հարցը հայտարարի օրակարգում, կոչ արեց չխախտել օրենքը. «Եթե դուք խախտում եք օրենքը, դուք դառնում եք քավության նոխազ, եւ ձեզ ոչ մի ժամանակ ներում չի լինելու։ Այս անգամ Տեր Աստվածը ձեզ չի օգնելու»։ Արմեն Խաչատրյանն իր հերթին Արամայիս Բարսեղյանին խոստացավ դասեր տալ Աստծո մասին։ Ֆիլարետ Բերիկյանը հայտարարեց. «Այսօր փորձում են շարունակել «27»-ը, որովհետեւ «27»-ն ուղղված էր այս երկրի կործանմանը, մեր ընկերների մեծ մասը զոհվեց, մնաց իշխանության մի բեւեռը, որը միայնակ մնալով պետք է փորձեր ինչ-որ բան կանոնակարգել, այսօր փորձում են հարվածել նաեւ դրան։ Մեկ էլ մի կարեւոր բան՝ հայ իրականության մեջ արյան շահարկում չի ընկալվում, եւ եթե նախագահին իմփիչմենթ պիտի հայտարարվի, ապա միայն այն բանի համար, որ այս դահլիճում հնչում են շատ անպատասխանատու հայտարարություններ եւ ոչ մեկն իրավական հետեւանք չի ունենում»։ Ելույթների շարքում թերեւս հետաքրքրություն ներկայացնողներն էին նաեւ Աղվան Վարդանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ելույթները։ Աղվան Վարդանյանը բառացիորեն ասաց. «Իրավական տեսանկյունից այս հարցն օրակարգում չի կարող լինել, որքան էլ մի քանի հոգի անգիր անեն 22 հոդվածի 4-րդ կետը։ Նախագահի իմփիչմենթի խնդիրը հատուկ կարգ ունի։ … Իրավական որեւէ հիմք չկա, բայց կա քաղաքական հարց՝ մարդիկ ուզում են նախընտրական շրջանում երեւալ, խոսել, նույն բանը տասն անգամ կրկնեն, բացարձակ հիմնազուրկ ելույթներ ունենան։ Իրենց իրավունքն է, բայց ամենն անել ժողովրդի անունով, պետականության անունով, պետության անվտանգության անունով, սոցիալական հարցերի անունով, արդեն իսկապես ժամանակն է, որ սրան մեր հասարակությունն արժանի պատասխան տա։ Փորձեք, կրկին փորձեք, նույն բանը տասն անգամ ասեք։ Կան Սահմանադրական մեխանիզմներ, մի անգամ էլ փորձեք ստորագրություն հավաքել։ Բայց օրենքը խախտել այս դահլիճում, այս պառլամենտում, ձեզ չի հաջողվելու»։ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ հանրապետության նախագահի պաշտոնանկության համար իրենք բավարար իրավական եւ քաղաքական հիմքեր չեն տեսնում. «Դրանից զատ վստահելի չի կարող համարվել այն երկիրը, որտեղ 5 տարվա ընթացքում երկու անգամ արտահերթ իշխանափոխության փորձ է կատարվում»։ Խորհրդարանի դահլիճը գրավված մնաց մինչեւ օրվա վերջ, ի վերջո, ընդդիմությունը հասավ իր նպատակին, եւ նիստը տապալվեց։ Ու երբ Սերգեյ Իսրայելյանը հաղորդեց Արմեն Խաչատրյանին՝ «Ես ձեզ վստահեցնում եմ, ոչ մի ինփիչմենթ էլ չի լինելու, հանգստացեք, դուք ինքներդ առաջին հերթին։ Չի լինելու, հանգստացե՛ք, պարոն Խաչատրյան», տեղից պատգամավորներից մեկն ինքն իրեն մռմռաց. «Էդքան վստահ մի ասա, բա որ եղավ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930