Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ ՊԱՏԵՐԻՑ ԱՆԴԻՆ

Հունիս 11,2002 00:00

ԱԺ ՊԱՏԵՐԻՑ ԱՆԴԻՆ ԱԺ-ն երեկ շրջափակված էր ոստիկաններով։ Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանին հարակից այգու բոլոր նստարանները, սրճարանները եւ անգամ… կարուսելները զբաղեցրել էին ՆԳ աշխատակիցները։ Եվ այս ամենը՝ 350-500 ցուցարարների համար, որոնք Դեմիրճյան փողոցում հավաքված՝ բարձրախոսով լսում էին, թե ինչ է կատարվում ԱԺ պատերի ներսում։ Նրանք չէին կարողանա պատգամավորներին վնասել, քանզի սաղավարտներով ու «դուբինկաներով» ոստիկանները վաղօրոք փակել էին ԱԺ մուտքը։ Ցուցարարները միայն հեռվից էին կարողանում իրենց «սրտի խոսքն» ուղղել յուրաքանչյուրին, ով դուրս կգար ԱԺ մուտքից եւ փոքրիշատե պատգամավորի տեսք կունենար։ Ծափերով դիմավորում էին միայն ընդդիմադիր պատգամավորներին, որոնք ընդմիջումներին դուրս էին գալիս եւ բարձրախոսով պարզաբանումներ տալիս հավաքվածներին։ ԱԺ նիստի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից։ Մեր հարցին, թե կանխատեսելի՞ էր, որ ԱԺ նախագահը կհայտարարի՝ իբր «27»-ի հանձնաժողովի եզրակացությունը չի համապատասխանում այն խնդիրներին, որ ԱԺ որոշմամբ առաջադրվել էր այդ հանձնաժողովին, պրն Սարգսյանը դրական պատասխանեց. «Կանխատեսելի էր, թե ԱԺ նախագահն ինչ պատրվակներ է բերելու։ Նաեւ հստակ տեղեկատվություն ունեինք՝ բացի կանխատեսումներից»։ Արամ Սարգսյանը վստահեցրեց, թե իրենք մշակել են նաեւ քայլերի հաջորդականությունը. «Մի քիչ համբերություն ունեցեք՝ կտեսնեք»։ Զրուցեցինք նաեւ երեկվա նիստում որոշ կուսակցությունների դրսեւորած պահվածքի մասին։ Ասենք՝ ՀՀԿ-ի, որի պատգամավորները 2000-ի ապրիլին միացել էին Քոչարյանի պաշտոնանկման ստորագրահավաքին։ Ու թեեւ Գալուստ Սահակյանը մամուլում հայտարարում է, թե «Հանրապետականը» երբեք ետ չի կանգնում իր որոշումից, ու մենք մեր դիրքորոշումները չենք փոխում», բայց փաստն այն է, որ ՀՀԿ-ն հրաժարվեց Քոչարյանին պաշտոնանկ անելու մտադրությունից՝ հենց որ հայտնի դարձավ Անդրանիկ Մարգարյանին վարչապետ նշանակելը։ Արդյոք դա՞ չէր այդ պաշտոնի նշանակման գինը, եւ արդյոք այժմ էլ ակնհայտ օրինախախտումներով պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանին քննարկումներից, ՀՀԿ-ն չի՞ փորձում ապացուցել, թե այդ գինն այժմ էլ դեռ սղաճ չի ապրել։ «Ակնհայտորեն ՀՀԿ-ին դուր է գալիս իշխանություն լինելը։ Իսկ սկզբունքներն այլ հարց են։ Հենց այդ պարզ պատճառով էլ դուրս եկանք այդ կուսակցությունից։ Մեզ համար այն ժամանակ էլ էր ակնհայտ, որ նրանք չեն պայքարելու գաղափարների համար եւ ուղղակի հարմարվելու են,- ասաց Արամ Սարգսյանը։- Բայց չեմ կարող պնդել, թե Քոչարյանի պաշտոնանկությունից հրաժարվելը գին էր, եւ Անդրանիկ Մարգարյանը վճարեց այն։ Չեմ կարող պնդել, որ նա ինձ հանելուց հետո համաձայնեցրել էր նախագահի հետ, որ ինքն է վարչապետ լինելու»։ Ուշագրավ էր նաեւ «Օրինաց երկրի» պահվածքը. խորհրդարանական ճեպազրույցներում այդ խմբակցության ներկայացուցիչը՝ Սերգո Երիցյանը, հայտարարեց, թե կողմ են քննարկմանը, խոսեց, թե մութ կետեր չպիտի լինեն։ Սա առիթ տվեց վերլուծությունների, թե պաշտոնանկման նախաձեռնությունը կարող է ձեռնտու լինել իշխանության որոշ ներկայացուցիչների։ Բայց ինչ-որ բան փոխվեց, եւ «ՕԵ»-ի ղեկավարը սկսեց բոլոր ամբիոններից հավաստիացնել, թե իրենք պաշտոնանկման քննարկումներին էլ կողմ չեն։ «Այո, իշխանության որոշ թեւերի ձեռնտու է այս գործընթացը։ Որոշակի ասեմ՝ ձեռնտու է ե՛ւ վարչապետին, որն օր օրի թուլանում է, իսկ նախագահը՝ ուժեղանում։ Ձեռնտու կլիներ նաեւ Սերժ Սարգսյանին, եթե պաշտոնանկության հարցն առկախ մնար մինչեւ աշուն։ Կսկսեին առեւտուր անել՝ մեծամասնությունը, ԱԺ խմբերն ու խմբակցությունները ու կբարձրացնեին իրենց կշիռը։ Եթե դրան չեն գնում եւ միանգամից են ուզում ապացուցել նվիրվածությունը նախագահին՝ իրենց խնդիրն է,- ասաց Արամ Սարգսյանը։- Իսկ «Օրինաց երկրի» պարագայում այն, որ նրանք սկզբնապես կողմ էին քննարկմանը՝ ավելի մեծ անակնկալ էր, քան այն, որ հետո նահանջեցին»։ Ի դեպ, ԱԺ մուտքի մոտ հավաքվածներն առանձին անդրադառնում էին նաեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի պահվածքին. «ՀԺԿ-ից հեռացվելուց հետո էլ մնում ես աթոռիդ՝ բա դրա դիմաց պիտի, չէ՞, մանրումեծ ծառայություններ մատուցես մեծամասնությանը», «Ի՞նչ կարող ես պահանջել նրանից՝ ոտով-գլխով պարտական է Նաիրի Հունանյանին. նա չլիներ՝ Արմեն Խաչատրյանը երբեւէ ԱԺ նախագա՞հ կդառնար»։ Այս արձագանքները փոխանցեցինք Արամ Սարգսյանին. «Շա՛տ ծանր մեղադրանքներ են Արմեն Խաչատրյանի ուսերի համար։ Նրա պահվածքը համարում եմ բնական։ Իրեն հրահանգել են։ Հստակ հրահանգել են նաեւ ԱԺ մեծամասնությանը։ Եվ նրանք կատարում են այդ հրահանգը… Մեղք են ուղղակի այդ մարդիկ, որ ստիպված ենթարկվում են։ Ե՛վ Արմեն Խաչատրյանի, ե՛ւ նրանցից յուրաքանչյուրի ներսում ինչ է կատարվում՝ լավ գիտեմ։ Իսկապես շատ ծանր ու խեղճ վիճակում են»։ Հարց եղավ, թե այս ամենից հետո Արամ Սարգսյանը չի՞ համոզվում, որ մեր երկրում սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ ոչինչ փոխել եւ անիմաստ են «Քոչարյան, հեռացի՛ր» կոչերը՝ նա չի հեռանալու։ Եվ պարզվեց, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն օրինապահ է եւ ապստամբության կամ հեղափոխության կողմնակից չէ։ Իսկ երբ հիշեցրինք, որ «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանն ասուլիսում հայտարարել էր, որ եթե պաշտոնանկության հարցն ԱԺ-ում չլուծվի՝ ժողովրդին չի մնա այլ ելք, քան ապստամբության դիմելը, Արամ Սարգսյանն ասաց. «Եթե կուսակցության քաղխորհուրդը որոշի, որ պիտի ապստամբենք՝ կապստամբենք»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել