Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան հանդիպման առաջին «ծաղիկները»

Հունիս 08,2002 00:00

Մոսկովյան հանդիպման առաջին «ծաղիկները» Բուշ-Պուտին հանդիպումից հետո միջազգային ասպարեզում զգալիորեն բարելավվեց վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ոլորտում։ Առաջին հերթին վերջապես տեղից շարժվեց ՌԴ-ին «շուկայական տնտեսությամբ երկրի» կարգավիճակի շնորհման խնդիրը, որը ձգձգվում էր ԽՍՀՄ փլուզումից ի վեր։ Արդյո՞ք այդ անվանումը այդքան կարեւոր էր Ռուսաստանի համար։ Պարզվում է՝ այո։ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Գերման Գրեյֆի հավաստմամբ, Ռուսաստանը այդ «անվանման» պատճառով կորցնում էր տարեկան մոտ 25 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանը համարվում էր «սուրոգատային տնտեսությամբ երկիր» եւ նրա դեմ կիրառվում էին հակադեմպինգային միջոցառումներ՝ այսինքն, ռուսական ապրանքների մուտքը եվրոպական եւ ամերիկյան շուկաներ խոչընդոտվում էր բարձր մաքսատուրքերով։ Այժմ էլ Եվրամիության մասնագետները փորձեցին ստիպել Ռուսաստանի կառավարությանը բարձրացնել ներքին սպառման էլեկտրաէներգիայի սակագինը, որը զգալիորեն ցածր է միջազգային մակարդակից, սակայն ռուս փորձագետները կարողացան հաստատել (ի հակառակ հայ փորձագետների), որ այդ սակագները արդարացված են եւ չեն ազդում արտաքին շուկաների վրա, քանզի այնտեղ էլեկտրաէներգիան եւ էներգատարները վաճառվում են միջազգային գներից ոչ ցածր։ Այս անգամ կարողացան համոզել, իսկ առաջ չէր ստացվում… Ինչպես հայտնի է, Հայաստանն էլ է ձգտում դառնալ համաշխարհային կազմակերպության անդամ եւ ձեռք բերել «շուկայական երկրի» կարգավիճակ։ Եթե առաջին դեպքում հարցեր չկան, ապա երկրորդում պարզ չէ, թե ինչի համար է դա արվում, քանզի Հայաստանը համարյա չունի արդյունաբերություն (այսինքն՝ եւ մրցունակ արտադրանք), եղածն էլ թալանվում է, իսկ գործին պիտանի արտադրական հոսքային գծերը տարբեր պատրվակներով դեմոնտաժվում եւ արտահանվում են արտասահմանյան երկրներ։ Սովետական Միության փլուզումից ի վեր «ազատ, անկախ» Հայաստանի՝ մեկը մեկին փոխարինող կառավարությունները հետեւողականորեն իրականացնում են երկրի արդյունաբերության վերացման՝ միջազգային կազմակերպությունների կողմից թելադրված ծրագիրը։ Տեղական արտադրողը, որին ճնշում են էլեկտրաէներգիայի եւ կապի բարձր սակագները, ուռճացված հարկերը եւ հարկային տեսչության չինովնիկների կաշառակերությունը, ստիպված է փակել արտադրությունը եւ փոխադրել մի այլ երկիր։ Կամ խանութ բացել, ավելի լավ՝ կազինո, հասարակաց տուն, վերջապես։ Դրանք վերջերս անվանվում են «հանգստյան» կամ «ժամանցի» կենտրոններ։ Երկրորդ «ծաղիկը» Ալմա Աթայում տեղի ունեցած Ասիական երկրների համաժողովն էր։ Արդեն տասը տարի է, ինչ նախագահ Նազարբաեւը ջանում է նման ֆորում անցկացնել, բայց հաջողվեց միայն այժմ։ Հավաքված երկրները պայմանավորվեցին համագործակցել տնտեսական եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ Ոչ ֆորմալ լիդերի դերը ստանձնել էր Ռուսաստանը։ Ինչո՞ւ ոչ՝ աշխարհի ընդհանուր առաջատարի դերին հավակնում է ԱՄՆ-ն, Եվրոպայում լիդերի շապիկի համար պայքարում են Գերմանիան եւ Ֆրանսիան։ Իսկ Ասիայում դա կարող է լինել եւ Ռուսաստանը, եթե կարողանա բավարարել Չինաստանի եւ Հնդկաստանի ամբիցիաները եւ եթե չխանգարի ԱՄՆ-ն։ Առայժմ կարծես թե չի խանգարում։ Ալմա Աթայում Պուտինը ստանձնել էր նաեւ Հնդկաստանին եւ Պակիստանին հաշտեցնողի դեր, ինչը, թվում է, նույնպես համաձայնեցված է Բուշի հետ։ Հիշեցնենք, որ այդ երկու երկրները կանգնած էին պատերազմի շեմին՝ Հնդկաստանի վիճահարույց մահմեդաբնակ Քաշմիր նահանգի պատճառով։ Կողմերն ընդունեցին Պուտինի միջամտությունը եւ երկարատեւ զրույցներից հետո հայտարարեցին, որ պատրաստ են լուծել բոլոր վիճահարույց հարցերը միայն բանակցությունների միջոցով։ Հնդկաստանի վարչապետը ճշտեց, որ անհրաժեշտ պայման է համարում Քաշմիրում մահմեդականների կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունների բացառումը։ Եթե հետագա լարվածության զարգացումը հաջողվի կանխել, Ռուսաստանը իհարկե մեծ քաղաքական դիվիդենդներ կշահի։ Սպասենք, թե երբ ինչ նոր պտուղներ եւս կտա ռուս-ամերիկյան վերջին շրջանի մերձեցումը եւ ինչքանով այն կլինի երկարատեւ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել