Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ – 2

Հունիս 08,2002 00:00

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ – 2 Գարնանային ջրեր Սեփականաշնորհման 94-95 թվականների ծրագրի մեջ ընդգրկված «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը սեփականաշնորհվում է: Ի սկզբանե ապօրինություններով լի բազմաթիվ գործարքներից հետո ձեռնարկության 50 տոկոսի բաժնետեր Ջերմուկի քաղաքապետ Աշոտ Արսենյանը, խախտելով ՀՀ օրենքը, բաժնետիրական ընկերության մասին օրենքն ու «Ջերմուկ» ՓԲԸ-ի կանոնադրությունը, իր 50 տոկոսը վաճառում է երկու սփյուռքահայերի: 33 տոկոսի բաժնետեր է դառնում բելգիացի Գեւորգ Օսկանյանը, իսկ 17 տոկոսի բաժնետեր` Կիպրոսում բնակվող Հակոբ Սաբունջյանը: Առք ու վաճառքի պայմանագրերն էլ ձեւակերպվում են օրենքի խախտումով: Ըստ Գեւորգ Օսկանյանի՝ Արսենյանին իր բաժնեմասը զիջելու դիմաց վճարվել է 2 մլն 300 հազար դոլար: «Հայկական պետությանը այս հաշիվներից ընդամենը 800 հազար ներկայացվեց: Աշոտ Արսենյանը, այսպիսով, որեւէ կապիտալ շահույթի հարկ (15%) չվճարեց»,- գրում է Օսկանյանը: Մնացած 50 տոկոսի բաժնետեր Կայծակ Զեյթլյանը փորձում է դատարանի միջոցով պաշտպանել բաժնետիրոջ իր իրավունքները: Այս ընթացքում քաղաքապետ Արսենյանը հնարավոր բոլոր միջոցներով խանգարում է ձեռնարկության աշխատանքներին: Նպատակը հայտնի է դառնում հետագայում: Արսենյանը Օսկանյանին իր բաժնեմասը վաճառելուց խոստացել էր ապագայում չզբաղվել հանքային ջրի բիզնեսով: Սփյուռքահայ գործարարը հավանաբար հասկանում էր, որ Հայաստանում չի կարելի մտնել գործարարության մի ոլորտ, ուր սեփական շահ ունեն հայաստանցի պաշտոնյաները: Կոնկրետ օրինակ հենց այդ պահին կար: Ինչպես պայքարել մրցակցի դեմ Նոր սեփական ձեռնարկություն կառուցող քաղաքապետը չէր կարող թույլ տալ, որ «Ջերմուկ» ՓԲԸ-ն անխափան գործեր: Տեղական՝ ենթակա եւ ոչ այնքան էլ ենթակա բոլոր կառույցները հանձնարարական են ստանում պայքարել ապագա մրցակցի դեմ: Օրինակ, 99-ի դեկտեմբերին քաղաքապետը գրություն է ուղարկում (N 77) Ջերմուկի էլցանցի տնօրենին: Գրությունը նոր խոսք է կառավարման արվեստում եւ արժանի է մեջբերման: «Ջերմուկ քաղաքում ջեռուցման վարձերի հավաքագրման նպատակով քաղաքապետարանի պահանջով աշխատավորական կոլեկտիվներում կատարվում են աշխատավարձից պարտադիր վճարումներ: Սակայն հանքային ջուր լցնող արտադրամասերը խուսափում են այդ պահանջի կատարումից, որի հետեւանքով վերջիններիս մոտ աշխատող քաղաքացիներից ջեռուցման վարձերի հավաքագրումը ձախողվում է»: Անկեղծ ասած՝ դժվար է հրաժարվել այս գրությունը մեկնաբանելու գայթակղությունից: «Աշխատավորական կոլեկտիվ» արտահայտությունից ակնհայտ է, որ մեր տեղական ինքնակառավարիչները դեռ չեն հասկացել, որ նոր տնտեսական հարաբերությունները սեփականության նոր ձեւեր են ծնել: Բայց «քաղաքապետարանի պահանջով» բառակապակցությունն իսկ ի ցույց է դնում տեղական կառավարչի հզոր ձեռքը: Հետո ինչ, որ արտասահմանցի սեփականատերերը չեն հասկանում, թե ինչու պիտի կատարեն ուրիշի գործը: Հետո ինչ, որ նրանք ընդհանրապես չեն ենթարկվում անօրինական հրամաններին: Քաղաքապետը «աջակցության կարգով» էլցանցի պետին խնդրում է «անջատել գործարանի էլեկտրաէներգիան»: Հիմնավորելով, որ ձեռնարկության աշխատակիցները չեն վճարել բնակարանների ջեռուցման վարձը: Ընդունելություն եւ անհասկանալի հետեւանքներ Եվ այսպես, սփյուռքահայ գործարարներ Կայծակ Զեյթլյանը եւ Գեւորգ Օսկանյանը 2000-ի գարնանը վերջնականապես համոզվում են, որ «Աշոտ Արսենյանը ամեն ինչ արեց «Ջերմուկ» ՓԲԸ-ի պիտակը վերաբեկելու եւ մաքսիմում ձեւով թուլացնելու ընկերության ֆինանսական դիրքը»: Նրանք ընդունելություն են խնդրում ՀՀ նախագահից: Հայկական Զարգացման գործակալության տնօրեն Գագիկ Եղիազարյանը Օսկանյանին, դատարան դիմելու փոխարեն, խորհուրդ էր տվել դիմել նախագահին: 2000-ի հունիսի 12-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունում է գործարարներին: Դժվար է ասել, թե ընդունելության կազմակերպման գործում ինչ դեր ունի այն փաստը, որ Գեւորգ-Ջանիկ Օսկանյանը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հորեղբայրն է: Հանդիպման ընթացքում նախագահին փոխանցվում է գործարարների երկէջանոց դիմումը, ինչպես նաեւ Գեւորգ Օսկանյանի «Իրադարձությունների ժամանակագրություն» վերնագրված 15 էջանոց փաթեթը` կից բազմաթիվ փաստաթղթերով: ՀՀ նախագահը իրավապահ մարմիններին հանձնարարում է քննություն սկսել: Իսկ այն, ինչ տեղի է ունենում հետո, պարզապես անհասկանալի է: Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը քննություն է սկսում: Նախագահի հետ հանդիպումից ուղիղ 4 օր անց Գեւորգ- Բեդրոս, Գեւորգ-Ջանիկ Օսկանյանները եւ Աշոտ Արսենյանը եռակողմ համաձայնագիր են ստորագրում: Այն վավերացված է Երեւանի թիվ 1 նոտարական գրասենյակում: Համաձայնագիրը ստորագրող բոլոր կողմերը հայտարարում են, որ իրար հանդեպ ոչ մի գույքային, գումարային պարտք ու պահանջ չունեն: «Ես` Աշոտ Արսենյանս, եւ մենք` Գեւորգ-Բեդրոս եւ Գեւորգ Օսկանյաններս, հայտարարում ենք, որ մինչեւ սույն համաձայնագիրը մեր միջեւ եղած բոլոր բանավոր պայմանավորվածություններով եւ գրավոր համաձայնություններով ստանձնած իրավունքներով ու պարտավորություններով միմյանց հանդեպ ոչ մի տեսակի գույքային ու գումարային պարտք ու պահանջ չունենք»: Կրկնենք, որ այս տեքստը ստորագրվում է երկրի նախագահի աջակցությունը խնդրելուց 4 օր հետո: Որոշ ժամանակ անց ստորագրող կողմերը կարծես թե մոռացել են իրենց համաձայնագիրը: 2000-ի նոյեմբերին Գեւորգ Օսկանյանը հեռուստաալիքներից մեկի եթերում բողոքում է Արսենյանից: Իսկ Արսենյանը մինչեւ հիմա էլ «Ջերմուկ» ՓԲԸ-ին գրություններ է ուղարկում: «Նախապահանջ» վերտառված 24.05.01 գրությամբ նա «Ջերմուկ» ՓԲԸ-ից պահանջում է իրեն «վերադարձնել 273 մլն 983 հազ. 36 դրամ»: Ըստ գրության, Արսենյանն ընկերությանը 1997-1998թթ. որպես փոխառություն տրամադրել է մոտ 151 մլն դրամ եւ այն փոխառության տոկոսադրույքի հաշվարկով դարձել է մոտ 274 մլն: Մեծ փողերը մեծ կրքեր են ծնում: Երեւի նաեւ տրամաբանության ու բարոյականության սեփական կանոններ են սահմանում, որոնք հասկանալի չեն մյուսներին: Հնարավոր է, որ նաեւ այս պատճառով է մինչեւ հիմա «Ջերմուկ» ՓԲԸ-ի շուրջ իրավիճակը մնում լարված եւ սեփականատերերի պարտք-պահանջներն իրար հանդեպ որեւէ կերպ չեն հստակվում: Նոր սեփականատերերի մուտքը Վեճերի ու տարաձայնությունների այս ամբողջ ընթացքում հանքային ջրերի գործարանը համարյա անխափան աշխատում է: Բաժնետերերի միջեւ եղած վեճերը բնականաբար անդրադառնում են ձեռնարկության ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա՝ դրանք կտրուկ վատանում են։ Եվ սա առաջին հերթին պայմանավորված է ներքին խառնաշփոթով, որը եւս խճողված պատմություն է եւ առանձին ներկայացման կարիք ունի: Այս պատմությունն էլ քիչ թե շատ հասկանալի դարձնելու համար արժե սկսել այն պահից, երբ հայտնվում են նոր սեփականատերեր` Օսկանյանն ու Սաբունջյանը: Նոր բաժնետերերը փորձում են իրենց ձեռքը վերցնել ձեռնարկության մենեջմենթը: Կառավարումն իրենցով անելու քայլերը միշտ չէ, որ կատարվում են օրենքով նախատեսված ընթացակարգով: Սփյուռքահայ գործարարները, որ մինչ այդ Արսենյանին էին մեղադրում ՀՀ օրենսդրությունը խախտելու հարցում, հիմա իրենք էլ են որդեգրում նույն գործելակերպը: ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել