Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՓԱՐԹԱՄ ՄԻ ԾԱՌԱՇԽԱՐՀ»

Հունիս 08,2002 00:00

«ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՓԱՐԹԱՄ ՄԻ ԾԱՌԱՇԽԱՐՀ» Զրույց «Հայանտառի» գլխավոր տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ – Վերջին 10 տարիների ընթացքում անտառի մասին խոսում ենք գրեթե արցունքներով՝ ինչպես ազնիվ ու մարդասեր, անձեռակերտ օրենքներով ապրող մի կործանվող արքայության մասին։ Բարոյահոգեբանական իր նշանակությունը նա զիջեց շուկայական արժեքին, որի համար արժե լաց լինել։ – Իզուր։ Անտառը բնավ էլ այնպիսի ողբերգական վիճակում չէ, ինչպես պատկերացնում ու հատկապես ներկայացնում են գրչի մարդիկ։ – Հանգամանքների բերումով ես կարճ ժամանակ աշխատեցի այժմյան Ձեր ղեկավարած ձեռնարկությունում ու տեսա, թե ծառերն ինչպես են հնձվել Ստեփանավանում, Գուգարքում, իմ ծննդավայր Նոյեմբերյանում… – Դա ոչ ոք չի կարող ժխտել. ծանր տարիներ էին եւ գոնե անտառամերձ բնակավայրերի մարդիկ պիտի ապավինեին անտառին՝ փրկվելու եթե ոչ քաղցից, եթե ոչ խավարից, ապա գոնե ցրտից։ – Հասկանում եմ, բայց խոսքը չի վերաբերում վառարանի օրվա պահանջը բավարարելու համար անտառ թեքված գյուղացուն։ Ես խոսում եմ կլանային ավերմունքների մասին… – Այսօր դա էլ է անցած։ Բնապահպանության ոլորտը հիմա զբաղված է վերականգնողական գործունեությամբ, որը հրաշալի արդյունքներ է տալիս։ Նշեմ մի փաստ՝ այս գարնանը հանրապետության տարբեր տարածքներում հարյուրավոր հեկտար ծառատնկումներ են կատարվել բնապահպանական ու տարբեր հասարակական կազմակերպությունների ուժերով։ Անտառի կործանման վտանգն ու վերականգնման անհրաժեշտությունը գիտակցվում ու դրսեւորվում է ժողովրդի բոլոր խավերի կողմից։ – Այս տարվա ձմռանը, երբ դուք նոր էիք պաշտոնավարում, Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը՝ իր բնաշխարհին անսահման նվիրված մի մարդ, մամուլում տագնապ հնչեցրեց տեղի անտառի անտերունչ ավերման մասին։ Այդ մասին խոսեցին նաեւ ուրիշ գրողներ։ Դուք, կարծեմ, ոչինչ չձեռնարկեցիք։ – Ձեր տեղեկությունը ճիշտ չէ։ Այդ հարցով զբաղվել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը, անձամբ մեր նախարարը՝ պարոն Վարդան Այվազյանը։ Զբաղվել եմ ես։ Հարգելով Մովսես Մանուկյանի եւ մյուսների սրտացավ ահազանգը եւ գնահատելով իրական փաստը՝ տեղի անտառտնտեսության գրեթե ամբողջ ղեկավար կազմը ազատվել է աշխատանքից։ Նշանակվել են մարդիկ, ովքեր պիտի որ արդարացնեն մեր վստահությունը։ – Խոսում են, թե Դուք՝ նշանակվելով «Հայանտառի» գլխավոր տնօրեն, սկսել եք կադրերի ջարդ… – Ճիշտ չեն խոսում։ Մենք ունենք աշխատանքային ծրագիր՝ նվիրված հայոց անտառների վերականգնմանը, որ իրագործում ենք նախարարի ղեկավարությամբ։ Ինչպես ցանկացած ոլորտում, այստեղ էլ կան թյուրիմացաբար նշանակված տնօրեններ ու մասնագետներ, ովքեր պարտավոր են իրենց տեղը զիջել արժանավորներին։ Իմ ղեկավարած շուրջ հինգ ամիսների ընթացքում աշխատանքից ազատվել են անտառտնտեսության ութ տնօրեններ։ Եվ այս գործընթացը դեռ չի ավարտված. բոլոր նրանք, ովքեր այս բնագավառում ղեկավար աշխատանքի են նշանակվել սպառողական հոգեբանության թելադրանքով, հարկադրված են հեռանալ։ – Բնականաբար, ճիշտը դա է։ Եվ ա՞յդ է պատճառը, որ մի շարք անտառային տնտեսություններ կքած են պետական պարտքերի տակ, դեռ ավելին՝ տնտեսական գործերով դատարանի վճռով սնանկ են ճանաչված ու անտառները հանձնված են ճակատագրի քմահաճույքին։ – Մեզ համար դա չափազանց ցավոտ խնդիր է, որի լուծումը դեռեւս չի գտնված։ Դատարանի վճռի արդարացիությունը չեմ վիճարկում, բայց արդյո՞ք դա է հարցի լուծման միակ եւ ճշմարիտ ձեւը։ Իմ կարծիքով՝ ոչ։ Օրինակ՝ Եղեգիսի անտառտնտեսությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Մենք մշակել ենք նրա պարտքերի մարման իրական գրաֆիկ եւ այդ ուղղությամբ գործունեություն ենք ծավալել։ Բայց պարզվում է՝ չենք կարող ծրագիրն իրականացնել, որովհետեւ դատարանը նման գործընթաց չի նախատեսում։ Իր կողմից տնտեսությունում կառավարիչ է նշանակել, որի ինքնությանը գուցե մենք դեմ չենք, բայց նա չի կարող իրականացնել անտառային տնտեսավարման որեւէ ձեռնարկ։ Դատարանին հետաքրքրում է միայն պետության հետ նյութական առնչությունը, իսկ անտառի ճակատագիրը, մեղմ ասած, թողնվում է բախտի քմահաճույքին։ Իմ կարծիքով, սա ճիշտ գործելակերպ չէ եւ ենթակա է պարտադիր վերանայման։ – Կադրային ճիշտ քաղաքականությունը ցանկացած ոլորտի հաջողության գրավականն է։ Հետաքրքիր է նորանշանակ ղեկավարի Ձեր կարծիքն այս մասին։ – Ճիշտ եք ձեւակերպում։ Այո՝ կադրերն են որոշում ամեն ինչ։ Նախարարի հետ խորհրդակցելով, նախկինում հանիրավի ազատված մի քանի մասնագետների հրավիրել ենք «Հայանտառում» շարունակելու իրենց գործունեությունը։ Նոր նշանակումների ժամանակ գործում է միայն մեկ սկզբունք՝ իմացությամբ ու պատրաստակամությամբ որքանո՞վ է տվյալ անձը համապատասխանում իրեն վստահվող գործին… – Շուրջ 2 տասնամյակ առաջ Հայաստանի անտառներում մեծ աղետ եղավ. թեղիները սկսեցին զանգվածաբար չորանալ։ Ինչպե՞ս ավարտվեց այդ տխուր երեւույթը, եւ մեր անտառում այսօր նկատվո՞ւմ է նման ողբերգություն։ – Թեղիները չորացան, ու միջազգային ոչ մի կազմակերպություն, համաշխարհային հռչակի ոչ մի գիտնական չկարողացավ կանխել այդ աղետը։ Դա, թերեւս, բնության կամքն էր՝ բնության օրենքով։ Այսօր ուրիշ հոգսի առջեւ ենք՝ սոճիներն են չորանում։ Եվ նույն անզորությունն է, ինչ որ թեղիների պարագայում։ – Գուցե ճիշտ չէ, որ պետք է խառնվել անտառի կյանքի ներքին ընթացքին։ Գուցե անտառը գիտի, թե ինչ է անում։ Խոսենք անտառային տնտեսավարման նոր ձեւերի մասին, եթե այդպիսիք կան։ – Կան։ Ամենաթարմը հատատեղերի աճուրդային կարգով հատկացումն է, որի մասին հրապարակումը վերջերս է արվել։ Այս նախաձեռնությունը, որը հենված է ճշգրիտ մշակված հաշվարկների վրա, ձեռնտու է ե՛ւ անտառին, ե՛ւ այն շահագործողին։ Գաղափարը դեռեւս մարմին չի ստացել, բայց, կարծում եմ, ապագա կունենա։ – Խոսելով անտառի մասին, մենք անդրադառնում ենք միայն ծառերի հետ կապված խնդրին, մոռանալով, որ կա նաեւ ոչ պակաս սրտացավություն պահանջող կենդանական աշխարհը… – Այո, որն ունի լուրջ ուշադրության կարիք։ Մենք վերակառուցել ենք «Հայանտառի» համապատասխան բաժինը, որի գործունեությունն արդեն պտուղներ է տալիս։ Նրա աշխատակիցները եռանդուն պայքար են ծավալել որսագողության դեմ եւ հասել արդյունքի։ Իսկ ընդհանրապես կենդանական աշխարհի վիճակն այնքան էլ մխիթարական չէ, որն արդյունք է ղարաբաղյան պատերազմի։ Պայթյուններից ահաբեկված՝ վայրի կենդանիները հեռացել են իրենց մշտական բնակատեղերից դեպի այլ վայրեր, ուր նոր պայմաններին չհարմարվելով՝ ոչնչացել են, եւ միայն նրանց մի մասն է վերադարձել նախկին հարազատ անտառները։ – Դարձյալ վերադառնանք անտառներին։ Դուք ասում եք, որ այժմ բոլոր ուժերն ու հնարավորությունները բեւեռված են անտառի վերականգնման գործին, սակայն մայրուղիներով առաջվա պես դեպի Երեւան են գալիս անտառանյութով բարձված բեռնատարներ… – Գալիս են, որովհետեւ անտառում հնարավոր չէ բացարձակապես հատումներ չկատարել։ Դրանք արվում են հենց անտառի բարգավաճման համար եւ՝ մասնագիտական ճշգրիտ հաշվարկներով։ Պարզապես մենք չենք կարող մայրուղու եզրին կանգնած ամեն մեկին կետ առ կետ բացատրել այդ անհրաժեշտությունը։ – Ինչպիսի՞ն եք տեսնում հայոց անտառը տասը տարի հետո։ – Տեսնում եմ փարթամ եւ ուժեղ մի ծառաշխարհ՝ ըստ ամենայնի վերագտած իր նախկին պատկերը, լիովին վերագտած, ինչպես դուք էիք ասում, բարոյահոգեբանական իր նշանակությունը։ Մենք գործունեության ծրագիր ենք ներկայացրել կառավարությանը եւ վստահ ենք, որ հավանության կարժանանա։ ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել