Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալներն աշխարհի առաջնություններում

Հունիս 08,2002 00:00

Սկանդալներն աշխարհի առաջնություններում Ֆուտբոլի ամեն մի աշխարհի առաջնություն պատմության մեջ մնացել ու հիշվում է նաեւ սկանդալային իրադարձություններով։ Լա՞վ է, արդյոք, դա, թե՞ վատ, միանշանակ դժվար է պատասխանել։ Համենայնդեպս, տարիների հեռվից դրանք վերհիշելը հետաքրքիր է։ 1930, Արգենտինա-Մեքսիկա՝ 6։3 Հանդիպման բոլիվիացի մրցավար Սաուսեդոն այս հանդիպումում նշանակեց ռեկորդային թվով 11 մետրանոց տուգանային հարվածներ՝ 5, ընդ որում, չորսը մեքսիկացիների դարպասին։ Հանդիպման վերջին րոպեներին մեքսիկացի կատաղած ֆուտբոլասերները ներխուժեցին խաղադաշտ, որպեսզի հաշվեհարդար տեսնեն մրցավարի հետ։ Սաուսեդոն, փախչելով ինքնադատաստանից, ընթացքում հնչեցրեց սուլիչը՝ ազդարարելով խաղի ավարտը։ 1934, Իտալիա-Չեխիա՝ 2։1 28-ամյա շվեդ մրցավար Իվան Էկլունդը, որն աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը սպասարկած ամենաերիտասարդ մրցավարն է, խաղից առաջ գտնվել է Մուսոլինիի օթյակում, որտեղ «Դուչեն» նրան սիրալիր ընդունելություն է ցույց տվել։ Դրանից հետո ամբողջ հանդիպման ընթացքում Էկլունդն առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել իտալացիների հանդեպ, որի համար հետագայում ստացել է «Հռոմեական կոմս» մականունը։ 1938, Շվեյցարիա-Գերմանիա՝ 4։2 Խաղավարտից հետո Գերմանիայի ազգայնական պաշտոնյաները պարտության համար մեղադրեցին իրենց երկրի հավաքականի կազմում հանդես եկող ավստրիացի հինգ ֆուտբոլիստներին (դրանից երկու ամիս առաջ Գերմանիան անեքսիայի էր ենթարկել Ավստրիան)։ Ֆուտբոլիստներին մեղադրանք ներկայացվեց խաղը դիտավորյալ տանուլ տալու պատճառաբանությամբ։ 1954, Հունգարիա-Բրազիլիա՝ 4։2 Աշխարհի առաջնությունների պատմության մեջ սա ամենակոպիտ խաղերից մեկն էր։ Դաշտից հեռացվել է չորս ֆուտբոլիստ։ Ծեծկռտուքի համար 71-րդ րոպեին մրցավարը դուրս է հրավիրել նաեւ Բոժեկին ու Նիլթոն Սանթոսին։ Հանդիպման ավարտից հետո էլ ֆուտբոլիստները չեն հանգստացել ու մեծ տուրուդմփոց են սարքել արդեն հանդերձարանում։ 1962, Չիլի-Իտալիա՝ 2։0 Ամբողջ հանդիպման ընթացքում թիմերն անընդհատ վիճում էին, բախվում, կռվում։ Սակայն անգլիացի մրցավար Քեննի Ասթոնը պատժում էր միայն իտալացիներին։ 42-րդ րոպեին իրավիճակը հասավ աբսուրդի։ Չիլիացի Լեոնել Սանչեսը հարվածեց իտալացի Դավիդի դեմքին եւ մրցավարը դրան ավելացրեց… կարմիր քարտը, ասես, լրացնելով պակասը։ Այս խաղը հետագայում ստացավ «Ճակատամարտ Սանտյագոյի համար» անվանումը։ 1966, Անգլիա-Արգենտինա՝ 1։0 Թերեւս աշխարհի առաջնությունների ամենասկանդալային հանդիպումն է։ 0։0 հաշվի դեպքում գերմանացի մրցավար Կրայտլյայնը դաշտից հեռացրեց արգենտինացիների ավագ Ռատտինային այն բանի համար, որ նա… «այնպես չէր նայել իր վրա»։ Ի նշան բողոքի, արգենտինացիները լքեցին խաղադաշտը։ Միայն 10 րոպե հետո հաջողվեց խաղը վերսկսել եւ հարավամերիկացիները պարտվեցին։ Հետո ավերածություններ եղան հանդերձարաններում եւ օժանդակ մյուս տարածքներում։ Անգլիացիների մարզիչ Ալֆ Ռեմզին հեռուստաելույթում արգենտինացի ֆուտբոլիստներին «անասուններ» անվանեց։ Բուենոս Այրեսում տեղի ֆուտբոլասերները գրոհեցին Անգլիայի դեսպանատունը։ Միջազգային սկանդալ սկսվելու վտանգ առաջացավ։ Անգլիան ՖԻՖԱ-ին առաջարկեց Արգենտինային հեռացնել իր կազմից։ Արգենտինան իր հերթին ցանկանում էր ինքնակամ հրաժարվել աշխարհի առաջնություններին մասնակցելուց։ 1966, Անգլիա-ԳՖՀ՝ 4։2 Սա էլ ամենասկանդալային եզրափակիչ հանդիպումն է։ Շվեյցարացի մրցավար Դինստը, խորհրդային մրցավար (եզրային) Թոֆիկ Բահրամովի առաջարկությամբ 2։2 հաշվի դեպքում լրացուցիչ ժամանակում վիճելի գոլ հաշվեց։ Գերմանացիներն արդարացիորեն համաձայն չէին, քանի որ Հերսթի հարվածից հետո գնդակը հորիզոնական ձողափայտին դիպչելով ընկավ դարպասային գծի վրա։ Դրանից հետո Գերմանիայում բաքվեցի մրցավարին անվանեցին «Միստեր ցվայ-դրայ» (Պարոն 2։3)։ 1978, Արգենտինա-Պերու՝ 6։0 Այս խաղը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Արգենտինա-Պերու եւ Բրազիլիա-Լեհաստան խաղերում որոշվում էր, թե ով է մտնելու եզրափակիչ։ Առաջին հանդիպումը սկսվեց երկրորդից ավելի ուշ, թեեւ երկուսն էլ պետք է սկսվեին նույն ժամին։ Երբ սկսվեց երկրորդ խաղակեսը (Արգենտինան հաղթում էր 2։0 հաշվով), ստադիոնում հայտարարեցին, որ Բրազիլիան հաղթել է 3։1 հաշվով։ Եվ պարզ դարձավ, որ արգենտինացիներին անհրաժեշտ էր հաղթել 4 գոլի առավելությամբ, որն էլ առաջնության կազմակերպիչներն արեցին՝ չհանդիպելով պերուացիների առանձնակի դիմադրությանը։ Հաջորդ օրը Բրազիլիայում ավերվեց Պերուի դեսպանատունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել