«ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո Ռուբեն Հայրապետյանը շնորհավորանքների հեղեղից ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել։ Պայմանավորվեցինք զրուցել հաջորդ օրը։ Զանգահարեցի։ Սովորականի պես զբաղված էր։ Գնացել էր նայելու մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականի մարզումները։ Թիմը նախապատրաստվում է մոտ օրերս Մոսկվայում կայանալիք ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների պատանեկան խաղերին։ Հարցազրույցի համար մի կողմ քաշվեցինք, բայց անընդհատ աչքի պոչով նայում էր, թե ինչ է կատարվում դաշտում։ Զրույցը կարճ, բայց ըստ էության ստացվեց։ – Պարոն Հայրապետյան, Ձեր նախընտրական ծրագրում նշել եք, որ Հայաստանում ֆուտբոլը ոչ մի քայլ առաջ տանել հնարավոր չէ, եթե արմատական փոփոխություններ չլինեն։ Որո՞նք են լինելու այդ ոլորտում Ձեր առաջին քայլերը։ – Նկատի ունեմ նախ եւ առաջ մեր մարզիչներին։ Ճիշտ է, նրանցից շատերի մակարդակը Հայաստանի չափանիշներով բարձր է, սակայն իրականությունն այն է, որ նրանք միջազգային ոչ մի չափանիշի չեն համապատասխանում։ Մասնավորապես խոսքը վերաբերում է մեր ազգային հավաքականների մարզիչներին։ Ֆուտբոլն աշխարհում հսկա քայլերով առաջ է ընթանում, իսկ մերոնք այստեղ մնացել են նույն մակարդակին։ Նույնը կարելի է ասել պատանեկան ֆուտբոլով զբաղվողների մասին։ Ի դեպ, այս թեմայով, արդեն առիթ եղել է, եւ ես բացարձակ հայտարարել եմ. «Հայաստանում չկան այնպիսի մակարդակի մարզիչներ, որ կարողանան հայկական ֆուտբոլն առաջ տանել»։ Արմատական փոփոխությունները սկսվելու են հենց այս ոլորտից։ Հիմա այն մասին, թե այս ուղղությամբ ինչ կարելի է անել։ Նախ, անհրաժեշտ է արմատախիլ անել ինքնահավանությունն ու ինքնասիրահարվածությունը։ Հարկավոր է, որպեսզի մարզչական կորպուսում ներարկվի մասնագիտական առումով փոխադարձ հարգանք։ Ի՞նչ է կատարվում հիմա։ Յուրաքանչյուրը մտածում է, թե ինքն է ամենալավը։ Սա իմ համոզմամբ ինքնակործմանման ամենակարճ ուղին է։ Իհարկե, չեմ ուզում ասել, թե մեր մարզիչները ոչինչ չգիտեն։ Նրանց մեջ կան իրոք արժանավորներ։ Բայց դա չի նշանակում, թե այդպիսիք իրենց մասնագիտական իմացությունները բարձրացնելու կարիք չունեն։ Սրան զուգահեռ մենք էլ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ մեր մարզիչներին օգնելու, աջակցելու իրենց որակը բարձրացնելու հարցում։ Դրա համար ֆեդերացիան ունի համապատասխան միջոցներ եւ մեթոդներ։ Թեկուզ միայն այն, որ թե՛ ՖԻՖԱ-ն, թե՛ ՈՒԵՖԱ-ն եւ թե՛ զարգացած ֆուտբոլ ունեցող երկրները պատրաստ են ըստ ամենայնի օգնության ձեռք մեկնելու այս հարցում։ Ես գտնում եմ, որ այդ խնդրով պետք է զբաղվի ֆեդերացիան։ – Բայց այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արդեն արվել են, ու սպասվող արդյունքը, կարծես, չկա։ Օրինակ, ՈՒԵՖԱ-ից մասնագետներ են եկել, սեմինարներ, դասընթացներ են կազմակերպվել… – Դասախոսություն լսելով մարզչություն չես սովորի։ Դա լավագույն դեպքում կբարձրացնի տեսական գիտելիքները։ Մարզչությունը գործնական աշխատանք է։ Հարկավոր է հմտությունները խորացնել գործնական աշխատանքում։ Հարկավոր է, որպեսզի մեր մարզիչները տեղերում վերապատրաստվեն, մեկ-երկու ամսով մեկնեն, ասենք, Եվրոպայի լավագույն ակումբներ։ Նույնը՝ նաեւ մրցավարների, բժիշկների հարցում։ Հենց հիմա ինձ տարբեր ակումբներից առաջարկում են այս նպատակներով մարդ գործուղել։ Մերոնք չեն ուզում։ Իսկ հիմա, թող վատ իմաստով չընկալվի, կպարտադրենք։ – Իսկ եթե շարունակեն հրաժարվե՞լ։ – Տուժողն իրենք կարող են լինել։ Մոտ ժամանակներս ոլորտում ատեստացիա ենք անցկացնելու։ Բարձրակարգ մասնագետները, որոնք կաշխատեն, ասենք, հավաքականների հետ՝ լիցենզիա կստանան։ – Նշելով նաեւ ֆեդերացիայի եկամուտների հիմնական աղբյուրները՝ դուք ասում եք, որ դրանք մեծացնելու համար պետք է բարձրացնել հավաքականների եւ ակումբների վարկանիշը։ Բայց դրա համար նախ պետք է լավ խաղ ցուցադրել։ Իսկ դա հնարավոր է համապատասխան գումարներ ներդնելու դեպքում։ Ֆեդերացիան ունի՞ այդպիսի միջոցներ։ Չմոռանանք նաեւ դաշտերի, բազաների, մանկապատանեկան մարզադպրոցների եւ Ձեր ծրագրերի մեջ մտնող այլ գործունեությունները։ – Կբավարարեն, բայց դա միանգամից չի լինի։ Պարզապես, հարկավոր է եղած գումարները ճիշտ նպատակաուղղել, ծախսել խելամիտ ու թույլ չտալ որեւէ յուրացում։ Սա ես հաստատ անելու եմ։ Իհարկե, նաեւ պետք է գործին մոտենալ ստեղծագործաբար, մասնագիտորեն, որոնել եւ գտնել ֆինանսավորման այլ աղբյուրներ։ Օրինակ, հովանավորչական գործունեություն ծավալել։ Տեսեք, հիմա «Լոտո» ֆիրման ազգային հավաքականին մատակարարում է մարզազգեստ, որոշակի քանակով։ Իսկ հավաքականի վարկանիշը բարձրանալու դեպքում նա ինքը կցանկանա ընդլայնել հովանավորության շրջանակները։ Օրինակ, «Ադիդասն» Արգենտինայի հավաքականին ապահովում է ոչ միայն մեծ քանակությամբ մարզազգեստով, այլեւ տարեկան $ 121 մլն է տալիս։ Էլ չեմ ասում ֆուտբոլասերներին տրվող մարզաշապիկների անսահմանափակ քանակության մասին։ Կան նաեւ տարբեր ծրագրեր, որոնք իրականացվում են ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ համագործակցությամբ։ Շատ կարեւոր ու լուրջ են նաեւ գովազդները, հեռուստատեսային իրավունքները։ – Նախագահ ընտրվելուց անմիջապես հետո հրավիրված առաջին իսկ ասուլիսում Դուք ասացիք, որ սերտ համագործակցություն եք հաստատելու լրատվամիջոցների հետ։ Ավելի մանրամասն խոսենք այդ մասին։ – Այս հարցը շատ եմ կարեւորում։ Ֆեդերացիան այսուհետ աշխատելու է բաց։ Ցանկացած ինֆորմացիա, ընդհուպ՝ մինչեւ ֆինանսական գործունեություն, մատչելի է լինելու։ Պիտի կոչ անեմ բոլոր ԶԼՄ-ներին՝ ակտիվորեն մասնակցեն մեր երկրում ֆուտբոլային անցուդարձին։ Անհրաժեշտության դեպքում քննադատեք, սկսած ֆեդերացիայի նախագահից՝ մինչեւ ֆեդերացիայի վերջին աշխատողը, մարզիչները, մրցավարները, ֆուտբոլիստները, անգամ մանկապատանեկան տարիքի։ Միայն թե քննադատությունը լինի ճիշտ, գործին օգնող. թող մանրամասն վերլուծեն ցանկացած հանդիպում։ Հատկապես՝ հավաքականների։ Դրանից կշահենք բոլորս, նախ եւ առաջ՝ ֆուտբոլը։ Ով էլ լինի, եթե իր հասցեին ճիշտ քննադատություն է արվում, անպայման կմտածի ու հետեւություններ կանի։ Մտածում եմ նաեւ հնարավորություններ ստեղծել մեր ակումբների ու հավաքականների արտագնա հանդիպումների ժամանակ պատվիրակության կազմում մեր ակտիվ մարզական լրագրողներին ընդգրկելու մասին։ Լրագրողները նաեւ պատմություն են ստեղծում, մեր մարզական պատմությունը։ Ու դա չհասկանալ, դրան չնպաստել չի կարելի։ – Ինչպե՞ս եք պատկերացնում ֆեդերացիայի հարաբերությունները պետական կառույցների, ՀԱՕԿ-ի հետ։ – Ջերմ, գործնական՝ ի շահ ֆուտբոլի եւ ընդհանրապես՝ սպորտի։ Ամեն ինչ լավ կլինի։ Համոզված եմ։ – Դուք շոշափելի ներդրումներ եք անում ոչ միայն ֆուտբոլում, սպորտում, այլեւ մյուս ոլորտներում։ ՀՖՖ նախագահ դառնալուց հետո բարեգործ Ռուբեն Հայրապետյանը շարունակելո՞ւ է իր գործը։ – Շատ նուրբ ոլորտի անդրադարձաք։ Ինչ անում եմ, բացարձակապես ինքնագովազդի կամ անուն հանելու հետ կապ չունի։ Սրտիս թելադրանքով է։ Ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու է։ Հարցազրույցը վարեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ