Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն էր խանգարո՞ւմ…

Հունիս 08,2002 00:00

ՆԳՆ-ն էր խանգարո՞ւմ… Ժամանակակից արվեստի ցուցասրահում երեկ կազմակերպվել էր «սենսացիոն» ցուցահանդես. առաջին անգամ այստեղ ցուցադրվում էին անչափահասների գաղութի կալանավորների նկարները։ «Նրանց մակարդակը մանկապարտեզի մակարդակից ցածր է, եւ դա հոգեւոր դաստիարակության պակասից է։ Այնպես որ, ճիշտ դաստիարակեք ձեր երեխաներին, ու նրանք հեռու կմնան բանտարկյալի ճակատագրից»,- բացման խոսքում «մտերմաբար» խորհուրդ տվեց այս գործի հեղինակ, «Տրտու» մշակութային-հասարակական կազմակերպության նախագահ Թեմիկ Խալափյանը։ Սրահում երջանիկ դեմքով շրջող օրվա հերոսները ութն էին, բացի մեկից, մնացածի ծնողներն ու ընկեր-բարեկամները չէին եկել։ Նրանց ուղեկցող աշխատակիցներից մեկն ասաց, որ բոլորին զգուշացրել են, «բայց թե ինչու չեն եկել…»։ Նույն աշխատակիցը պատմեց, որ գաղութում ամեն ինչ կա, կամ՝ «չկա» բառը չկա անչափահասների հոգեւոր եւ մարմնական դաստիարակության համար՝ խմբակներ, թատրոն, ժուռնալիստիկայի ու համակարգչային դասընթացներ, սպորտային գույք ու խաղահրապարակներ։ «Միայն ազատություն չկա»,- ասաց նա։ Ի դեպ, արդեն երկրորդ անգամ ազատազրկված 17-ամյա Արտակն էլ հավաստեց, որ հենց ազատության հաճույքը վայելելու համար էլ ինքը չի շարունակել 8-10-րդ դասարաններում ուսումը, որ այդ ժամերին կարողանա ցանք ու ջուր անել, ճագարներին խնամել։ Իսկ Անուշավանը (նույնպես 17 տարեկան), որի ազատման ժամկետին մնացել էր 20 օր, նկարել սկսել էր մի քանի ամիս առաջ, այս ցուցահանդեսին մասնակցելու համար։ Նրա նպատակը մի քանի ժամով դուրս գալը չէր (նույնիսկ սիրած աղջկան չէր տեղեկացրել), այլ ուղղակի «հավես է նկարելը»։ Չնայած իրենք մինչեւ այս ցուցահանդեսը ոչ նկարչության դասատու են ունեցել, ոչ էլ ջրաներկ ու գուաշ։ Ընդհանրապես, այս ցուցահանդեսը անչափահասների գաղութում իրականացվող ծրագրի առաջին մասն է։ Մյուս անգամ նրանք մտադիր են հասարակությանը «զարմացնել» «Սասունցի Դավիթ» ներկայացման ցուցադրումով, որին այժմ նախապատրաստվում են։ Արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը հպարտ էր հատկապես, քանի որ վերջապես հնարավոր եղավ գործնականում ապացուցել, որ կալանավայրերը ՆԳՆ-ից իրենց նախարարության ենթակայությանը հանձնելը ինքնանպատակ չէր, եւ իրենք դեռ շատ բան պիտի փոխեն գաղութների կյանքում։ Օրինակ, արդեն չկա նախկին ոստիկանական ռեժիմը, այսինքն, ռեժիմը խիստ է, բայց պահպանվում է կալանավորների արժանապատվությունը։ «Մենք նրանց չենք ստորացնում՝ մեկ, եւ երկու՝ չարությամբ չենք լիցքավորում, որն անարդար վերաբերմունքի արդյունք էր։ Շուտով հատուկ համազգեստներ կտանք աշխատակիցներին ու ընդհանրապես շատ բան է փոխվելու»,- ասաց նա։ Անշուշտ, դա չի նշանակում, որ պատիժները սահմանափակվում են անկյուն կանգնեցնելով։ Տղաներից մեկը պատմեց, որ «երբ խելոք չենք մնում՝ ծեծում են, խոնավ պադվալ են գցում, պիտի իրանց հակառակ բան չասես, այդ դեպքում կյանքը վատ չէ, յոլա գնում ենք»։ Անշուշտ, տղայի անունն այս դեպքում էական չէ, բարդություններ էլ թող չունենա՝ անկախ իր ասածի ճիշտ ու սխալից։ Վերջում ասենք, որ ցուցահանդեսային մեկժամյա հաճույքը վայելելուց հետո պատանիները պահակախմբի ուղեկցությամբ իջան շենքի տակ գտնվող բացօթյա սրճարան, այժմ էլ պաղպաղակի հաճույքը վայելելու։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել