Լրահոս
Օրվա լրահոսը

10 ՏԱՐԻ ԱՆՑ

Հունիս 08,2002 00:00

10 ՏԱՐԻ ԱՆՑ Սվետլանա Նավասարդյանը կրկին բեմ բարձրացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երկարատեւ ընդմիջումից հետո «Արամ Խաչատրյան» համերգասրահում մենահամերգով հանդես եկավ անվանի դաշնակահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանը։ Չցանկանալով պատճառաբանել այս համերգասրահում տարիների իր լռությունը, դաշնակահարուհին ասաց. «Երջանիկ եմ, որ վերադարձա իմ համերգասրահը։ Հարցեր կային, որ կարգավորվել են հիմա։ Երեւի տարիներ անց կտեղեկացնեմ։ Իսկ ընդհանրապես Հայաստանում եմ, իմ տանը, իմ աշխատանքին»։ Համերգը՝ նվիրված ականավոր երաժիշտ-մանկավարժ, պրոֆեսոր Վաչե Ումր-Շատի ծննդյան 80-ամյակին, այն հազվագյուտ երեկոներից էր, երբ անվերապահությամբ կարելի էր մոռանալ ուրիշ կուլտուրական երկրների ավելի նախանձելի գեղարվեստական պայմանները եւ միջավայրը ու ապրել մեծ արվեստագետ-երաժշտի անկրկնելի կատարման, այս կամ այն երկի անխառն շնչով։ Այսօր արդեն իր գոհունակությունը հայտնելով ֆիլհարմոնիկի տնօրինությանը, դաշնակահարուհու խոսքերով. «Կարծես վերականգնվում է մենահամերգների ավանդույթը մեզանում։ Այս առումով հիշեցի 60-70-ական թվականների ֆիլհարմոնիկ համերգասրահի ոսկե շրջանը։ Կվերադառնա՞ն արդյոք…»։ Ի դեպ, 1966 թվականի նոյեմբերի 23-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում համերգավար Հրայր Համբարձումյանը հայտարարեց դաշնակահարուհի, այնժամ միայն մեկ միջազգային մրցույթում դափնի շահած Սվետլանա Նավասարդյանի առաջին բեմելը, առաջին մենահամերգը։ Առաջին՝ Շումանի անվան միջազգային մրցույթին հաջորդեցին նրա մասնակցությունը երեք հեղինակավոր՝ Բախի, Էլիզաբեթ թագուհու անվան եւ Սիդնեյում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթներին։ Այդ ժամանակից ի վեր Ս. Նավասարդյանը հանդես եկավ աշխարհի ավելի քան 40 երկրներում, համագործակցելով տարբեր ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի, դիրիժորներ Սվետլանովի, Գերգիեւի, Խանջյանի, Բաշմետի, Էտտիի, Դեֆոսեի, Քյոլեռի, Սթարի եւ այլոց հետ, մասնակցել Վենետիկի, Լյուքսեմբուրգի, Փարիզի, Գրանադայի, Օսակայի եւ այլ փառատոների։ Դաշնակահարուհու ծավալուն երկացանկը ներառում է դաշնամուրի ու նվագախմբի համար գրված ավելի քան 60 կոնցերտ, այդ թվում՝ Բախի, Մոցարտի, Բեթհովենի բոլոր կոնցերտները, ինչպես եւ մոնոգրաֆիկ ծրագրեր՝ նվիրված Բախի, Մոցարտի, Շումանի, Շոպենի, Բրամսի, Դեբյուսիի, Պրոկոֆեւի, Բարտոկի, Հինդեմիթի եւ այլոց ստեղծագործությանը։ Նրա կատարողական գործունեությունը մեծապես նպաստեց հայ կոմպոզիտորների դաշնամուրային երկերի ստեղծմանը, որոնցից շատերը նվիրված են իրեն։ Հիշենք, որ 1989 թվականին կայացավ Ս. Նավասարդյանի՝ որպես դիրիժորի առաջին բեմելը Երեւանի կամերային նվագախմբի հետ։ «Դիրիժորությունը ինձ համար չիրականացված երազանք է։ Թեպետ պետք է ասեմ, որ կին դիրիժոր առանձնապես չեմ սիրում։ Այսուհանդերձ, դիրիժորի մտածելակերպը իմ մեջ է։ Գործիքների արքան՝ դաշնամուրը, ինքնին մի ամբողջ նվագախումբ է, դաշնամուրի երկն էլ՝ պարտիտուր, եթե ի զորու ես այն վերծանել, ինչպես, օրինակ, կյանք կոչվածը…»։ Այսօր Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորը նաեւ բարձրագույն վարպետության դասընթացներ է վարում Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի ուսումնական հաստատություններում։ Անկեղծ ասած, դյուրին չէ զրուցել մեծ ինտելեկտի տեր երաժշտի, մարդու հետ։ Մեջբերենք դաշնակահարուհու աֆորիզմներից մեկը. «Իսկական արվեստին ոչինչ չի սպառնում։ Վերջինիս ստեղծողը՝ արվեստագետը մխրճված լինելով հողի մեջ, ձեռքերով պահում է երկինքը»։ Մեր հանդիպման վերջում, տաղանդավոր մարդուն հատուկ, նա կտրուկ շեղում կատարեց, ասելով. «Մարտ ամսին վերադառնալով Փարիզից, անակնկալի եկա՝ տեսնելով մեր օպերային թատրոնի շենքը, ավելի ճիշտ՝ տարածքը… աչքերիցս արցունքներ թափվեցին ու մտածեցի, որ միշտ չէ, որ ծառերը կանգնած են մահանում…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Մեր «ամենամեծ» քաղաքում այլեւս կապրենք երջանիկ րոպեներ, հաղորդակցվելով դաշնակահարուհու մենահամերգներին, ասել է թե՝ մեծ արվեստին։ Հանրահայտ ճշմարտություն է՝ մեծ է այն քաղաքը, որում ապրում է մեծագույն մարդը եւ թող որ նրանում ընդամենը մի քանի խարխուլ խրճիթներ լինեն, միեւնույն է, դա աշխարհի ամենամեծ քաղաքն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել