Լրահոս
Օրվա լրահոսը

Միանշանակ պետք է հարցաքննվի

Հունիս 08,2002 00:00

Միանշանակ պետք է հարցաքննվի «Հոկտեմբերի 27» քրգործի նախաքննության ժամանակ նկարագրելով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը, ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը ասել էր. «Ես այնքան լարված էի, որ չէի լսել, որ ահաբեկիչները հայերեն էին խոսել»։ Եվ երբ «լսեցի հայերեն հայհոյանքներ եւ խոսակցություններ, այդ ժամանակ հասկացա, որ ահաբեկիչները հայեր են եւ կարելի է լեզու գտնել…»։ Պատգամավորը, ըստ իր նախաքննական ցուցմունքի, այդ օրը ելույթ է ունենում եւ կոչ անում, որ իր «կոլեգաները զենք չօգտագործեն, քանի որ ներսի ահաբեկիչները լավ տիրապետում են զենքին»։ Շարունակենք ծանոթանալ. «Ես իմ շուրջ փորձեցի հավաքել պատերազմական գործողություններին մասնակցած պատգամավորներին, անհրաժեշտության դեպքում մենք ներսից վնասազերծեցինք ահաբեկիչներին… այդ ժամանակ պարզվեց, որ զենք ենք կրում միայն ես եւ Մադաթյան Էդուարդը»։ Նկարագրելով վիրավորների եւ զոհվածների դուրսբերումը, այս պատգամավորը գրել էր նաեւ. «Օգտվեցին մի շարք պատգամավորներ եւ կառավարության անդամներ ու դահլիճից դուրս էին փախել»։ «Ժամը քսանչորսի սահմաններում պատգամավոր Վրեժ Շահգելդյանը կազմակերպեց, դրսից հաց բերեցին, ինքը դուրս գալով այն բերեց ներս եւ բոլորս միասին օգտվեցինք այդ հացից, ահաբեկիչները նույնպես»,- շարունակել է նա։ Խոսելով զենքը հանձնելու մասին, նա գրել էր նաեւ. «Հանգստացնում էի ասելով. միայն հարկավոր է ձեր մոտի եղած զենքերը հանձնել, որպեսզի կարողանան ճշտել ձեր զենքո՞վ են զոհվել մարդիկ, թե՞ մեկ ուրիշի»։ Ինչ վերաբերում է դահլիճում կրակողներին, նա նաեւ գրել էր. «Դահլիճում մերթընդմերթ կրակոցներ լսվում էին, իմ կարծիքով կրակողները Կարենը եւ Դերոն էին»։ Ահաբեկիչներից ոչ մեկի ձեռքին նռնակ չէր տեսել, սակայն «դահլիճի ետեւի մասում, երբ պառկած էի, երկու անգամ պայթյուն լսել եմ»։ Նա լսել էր նաեւ «երկուստեք կրակոցներ, բայց թե ով ում էր կրակում՝ չեմ կարող ասել»։ Այս ամենից հետո ապագա տուժողը, որը ելույթ էր ունեցել եւ հայտնել, որ «ներսի ահաբեկիչները լավ տիրապետում են զենքին», կատարվածի մասին նշել էր. «Ես կարծում եմ, որ այս ակտը անկազմակերպ, տհաս, ֆանատ հանցագործների կատարած ակցիա է, բայց այն հանգամանքը, որ այսքան անգրագետ կազմակերպված օպերացիայի արդյունքում այդքան զոհեր եւ վիրավորներ կան, դա ոչ թե հանցագործների կողմից լավ օպերացիայի արդյունք է, այլ ազգային ժողովը չհսկելու, պահակային ծառայությունը վատ կատարելու եւ թիկնապահների ապաշնորհ գործողությունների արդյունք»։ Դատաքննական ցուցմունքն այս նույն հարցերի վերաբերյալ էապես տարբեր է։ Եվ հետաքրքիր է, գնահատման դեպքում ո՞րն է լինելու արժանահավատը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել