Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԿԱՄ ՎԱՏ, ԿԱՄ ՈՉԻՆՉ

Հունիս 08,2002 00:00

ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԿԱՄ ՎԱՏ, ԿԱՄ ՈՉԻՆՉ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն վերջերս դատապարտելով Հայաստանում աղանդների բացասական դերը, նշեց, որ դրանք մասնավորապես վտանգում են հայոց պետականությունը, խաթարում հայ մարդու քրիստոնեական կերպարը: Գարեգին Երկրորդը լուրջ հիմքեր ունի կարծելու, որ հայն այսպես շատ հեռու չի գնա: Հայ Առաքելական եկեղեցին հաճախ է բողոքում, որ երկիրը քահանաների եւ կրոնական գործիչների պակաս ունի: Ես երբեք չեմ հասկացել այս բողոքի իմաստը: Դա նույնն է, թե ասել, որ երկիրը քաղաքական գործիչների, խառատների, ատամնաբույժների, ֆինանսիստների, լրագրողների, օդաչուների, գերեզմանափորների, անառակների, դերասանների, առաքյալների կամ մարգարեների պակաս ունի: Բոլոր մասնագիտությունների մարդիկ արտագաղթում են, իսկ եկեղեցին քահանայի պակաս ունի: Եթե կասկածենք Աստծո գոյությանը, դա նույնն է, թե ասել, որ երկիրը ձրիակերների պակաս ունի: Բայց մենք չենք կասկածում 33 տարեկանում խաչվածի գոյությանը, քանի որ նա վաղուց ֆիզիկական անձ չէ, այլ՝ հոգեւոր, ինչին Հայ Առաքելական եկեղեցին ոչ մեկից ավելի տեղեկացված չէ: Եկեղեցու մտքով չի անցնում հայտարարել, որ արտագաղթող երկիրը, բնավ ոչ քանակա-կան իմաստով, մարդու պակաս ունի: Կաթողիկոսն իր վերջին հարցազրույցներից մեկում նշեց, որ պետությունը պետք է կարողանա երկրում կանոնակարգել կրոնական մյուս կազմակերպությունների գործունեությունը եւ որ չէր խանգարի վերանայել խղճի ազատության մասին օրենքը: Այսպիսով, պետությունը մեղավոր է հանուն աղանդների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, իսկ աղանդները մեղավոր են, որ Առաքելական եկեղեցուց հավատացյալ են փախցնում: Աղանդները շարունակում են գործել եկեղեցուց եւ պետությունից անկախ, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսը գրեթե շաբաթը մեկ հանդիպում է հանրապետության նախագահին ու չի հետաքրքրվում. «Եթե քո քաղաքացիների վիճակն օր ու գիշեր լավանում է, ու՞ր են փախչում կամ Առաքելական եկեղե-ցու հետ կապ չունեցող ի՞նչ աղանդների են անդամագրվում իմ հավատացյալները»: Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում: Ամենաքոսոտ աղանդն էլ այս երկրում Հայ Առաքելական եկեղեցուն ցույց է տալիս վերջինիս տկարությունը: Հայտնի է, որ վերջին չորս տարում ցանկացած հայ «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» կարգախոսի կրողն է: Նման կարգախոսներն առաջանում են այն ժամանակ, երբ վտանգվում է ակնհայտ ճշմարտությունը: Այսինքն, վերջին չորս տարում մեզ սպառնում է բնավ ոչ մեկ ազգ եւ ոչ մեկ եկեղեցի լինելու վտանգը: Այ-սինքն, քանի որ կարգախոսն առաջացել է, ուրեմն ոմանք ջանացել են վտանգի առաջացման ուղղությամբ: Այսպիսով, ի՞նչը չի կարողանում պատճառաբանել Հայ Առաքելական եկեղեցին իր հավատացյալի համար: Հավատացյալ ասելով, ես մատնանշելու եմ ինձ, թեպետ ես լավագույն օրինակը չեմ թեկուզ այն պատճառով, որ կրոնական իմաստով (ոչ հոգեւոր) Քրիստոսն ինձ համար նույնքան անընդունելի է, որքան ցանկացած կրոնական կազմակերպության ցանկացած գործիչ: Ես բացառապես կառչելու եմ Հայ Առաքելական եկեղեցու փաստարկներից: Ասվում է, որ մենք Հայ Առաքելական եկեղեցու զավակներն ենք: Որպես մարդ, ինձ չափազանց քիչ է հետաքրքրում այդ եկեղեցին: Այդ եկեղեցուն հավատարիմ իմ կերտվածքը ես բնավ չեմ գտնում այդ եկեղեցու մեջ: Ինձ լիովին բավարարում է այն, ինչ Հիսուս Քրիստոսի մասին գրել են Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին, Եղիշե Չարենցը եւ Ավագ Եփրեմյանը: Որովհետեւ իմ սահմանադրական պարտքը չէ մշակույթի միջոցով բացահայտել մի կազմակերպության առաքելությունը իմ կյանքում, որը ոչ թե այս մարդկանց կամ սոսկ մարդու պակաս ունի, այլ քահանաների եւ կրոնական գործիչների, որոնց ամբողջ բառապաշարն այն է, որ Հիսուս Քրիստոսը «մարդեղացավ» եւ Խաչ բարձրացավ մեզ համար: Ոչ մի ազգի որեւէ հոգեւորական ինձ չի կարող ասել, որ Քրիստոսը 33-ին Խաչ բարձրացավ, որպեսզի այս տարվա հունվարի 25-ին Գարեգին Երկրորդը ուղղափառ ժողովուրդների միասնության տարեկան պարգեւն ստացած ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին ասի. «Այս պարգեւը հավելեց վստահաբար մեր ժողովրդի ուրախությունը»: Իսկ ժողովուրդը, ի դեպ, արտագաղթում է: Էլ չեմ ասում, որ ինձ համար վիրավորական է անդամագրվել մի եկեղեցու, որ իմ վրա է «նաղդում» պարգեւի շնորհիվ Արմեն Խաչատրյանին համակած ուրախությունը: Ասվում է, որ աղանդները վնասում են Հայոց պետականությունը: Այս երկրում որեւէ մեկն ինձ կարո՞ղ է փաստարկել, թե ինչ է նշանակում Հայոց պետականությունը, ասենք, մեծամորցի 18-ամյա եհովական Արամ Շահվերդյանի համար: Նա դպրոցում, հնարավոր է, սովորել է այն, ինչ նրան հանձնարարել են: Բայց մարդն օրերից մի օր բանակ մեկնելուց առաջ Հայաստանում «Եհովայի վկաներ» կազմակերպության փոխնախագահ Լյովա Մարգարյանի հետ ծանոթանալուց հետո պարզել է, որ իր հոգեկան կերտվածքը եհովականի է: Եվ Արմավիրի առաջին ատյանի դատարանը Լյովա Մարգարյանի դեմ գործ է հարուցում, քանզի ատոմակայանի քթի տակ ապրող այդ մարդը վտանգ է ներկայացնում երկրի պետականության եւ 18-ամյա Արամ Շահվերդյանի համար: Մինչ այդ Շահվերդյանը դպրոցում անցել է իր հոգում պետականությունն ամրագրելու համար անհրաժեշտ բոլոր ստեղծագործությունները մեր պատմիչներից մինչեւ Րաֆֆի ու Եղիշե Չարենց կամ Հովհաննես Շիրազ: Արամ Շահվերդյանը չի հասկանում, թե իր եհովական լինելն ինչո՞վ է խանգարում Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միասնությունը քո հավաքական ուժի մեջ է» կարգախոսի իրականացմանը: «Բոլորս էլ հայ ենք»,- ահա 10-րդ դասարանն ավարտած պետականակիր երիտասարդի փաստարկը: Արմավիրի առաջին ատյանի կամ հետագայում Վերաքննիչ դատարանում ոչ ոք չի պարզել, թե մինչեւ եհովական դառնալն ինչպիսին է եղել Շահվերդյանի եւ նույն գործով անցնող Առուշանյանի, Ղարիբյանի, Մարտիրոսյանի եւ Գեւորգյանի (բոլորն էլ զինակոչիկ) ընտանիքի սոցիալական վիճակը: Բնականաբար, երկու դատարան չի պարզել, թե ինչ պատմություններ են լսել այս երիտասարդները հայկական բանակի բարքերի մասին: Իսկ դատարանները Լյովա Մարգարյանի արարքի մեջ հանցակազմ չեն գտնում ոչ թե այն պատճառով, որ նրա աղանդը դադարել է վտանգավոր լինել եւ այս կամ այն չափով աղերսվում է փրկչականության ու հայոց պետականության կաթողիկոսի պատկերացումների հետ, այլ, որ Լյովա Մարգարյանն այդ զինակոչիկներին իրենց ծնողների համաձայնությամբ է ներգրավել աղանդի մեջ: Հայտնի է, որ աղանդը խելագարեցնում է: Զորակոչից խուսափող այդ երիտասարդներն ընտրել են խելագարությունը, քանի որ, հնարավոր է, բանակից հայ զինծառայողի կողմից սպանված իրենց եղբոր դիակն են ստացել: Ասվում է, որ աղանդները Հայաստանում ֆինանսավորվում են մասոնների, ամերիկյան Կենտրոնական հետախուզության վարչության կամ իսրայելյան «Մոսսադ»-ի կողմից: Անձամբ ինձ քիչ է հետաքրքրում ԿՀՎ-ի, մասոնների եւ «Մոսսադ»-ի դերը Հայաստանում աղանդների տարածման հարցում: Ինձ քիչ են հետաքրքրում նրանց հնարավորությունները: Ինձ հետաքրքրում է այն, որ եթե Հայ Առաքելական եկեղեցին ոչնչով չի կարող օգնել Էջմիածնի Մայր Աթոռի պատերի տակ ընկած մուրացկանին, գոնե կարողանա նրան ապացուցել, թե իր մուրացկանությունն ինչքանով է ձեռնտու Աստծուն: Ինձ հետաքրքրում է այն, որ այս երկրում ոչ մի մուրացկան որեւէ հոգեւորականի համար այլեւս չի մարմնավորում վերջինիս եղբորը, մորը, կնոջը (կան ամուսնացյալ քահանաներ), բարեկամին եւ, ի վերջո, Աստծո երաշխավորությամբ լույս աշխարհ եկածին: Ինձ այս ձմեռ սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ հեռու, Գրիգոր Լուսավորչի փողոցի գետնանցումում պառկած մուրացկանն է հետաքրքրում մահվան պահին, քանի որ նա անկասկած մեռավ՝ տեսնելուս հաջորդ օրը: Նա գետինը մտնող անցորդներից հաց էր խնդրում: Բայց մահացավ սառած: Ինձ հետաքրքրում են «Ա1+»-ի պատուհանի տակ ապրող երկու բոմժերը, որոնք իրենց բնակավայրից ոչ հեռու մի մանկապարտեզի պահակից անձրեւից պաշտպանվելու տեղ էին խնդրել եւ այն չստանալով, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ելք գտան: Սպանեցին պահակին: Նրանք էլ էին Հայոց պետականության ներկայացուցիչ: Ոչ մի աղանդի չէին անդամագրվել եւ այդ պատճառով չխելագարվեցին: Բայց մարդ սպանեցին: Ասվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին անհրաժեշտ ֆինանսական միջոցները չունի աղանդների դեմ պայքարելու համար: Ինձ մեր եկեղեցու աղքատիկությունը նույնպես չի հետաքրքրում: Հատկապես՝ որ չեմ հավատում դրան: Ինձ հետաքրքրում է այն, որ մեր եկեղեցու սնանկությունը կարողանա ավելի մեծ օգուտ տալ իր հավատացյալին, քան, ասենք, եհովականների հարստությունը: Վերջիններիս կեղծ կարեկցանքն այսօր ավելին է, քան մեր եկեղեցու անկեղծությունն այն մասին, որ գումարներ չունի: Այսինքն, սնանկ է: Ասվում է, որ պետք է վերանայել խղճի ազատության մասին օրենքի ինչ-ինչ դրույթներ: Այսինքն, մյուս կրոնական կազմակերպությունների համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ այս երկրում «չթփրտան»: Այսինքն, ժամանակին մեր պետականությանը փոխարինած Հայ Առաքելական եկեղեցին կարիք ունի, որ պետությունը մի քիչ նեղի ուրիշներին: Այսինքն, սա առաջարկ է պետությանը հավատաքննություն իրականացնելու, քանզի եթե հանկարծ պետության ներկայացուցիչը պարզի, որ, ասենք, Չարենցավանում «7-րդ օրվա ադվենտիստների» ու Եհովայի վկաների թիվը, Աստված ոչ անի, ավելին է, քան Առաքելական եկեղեցու հետեւորդների թիվը, ի՞նչ պետք է անի: Բնականաբար, զեկուցում է վարչապետին կամ նախագահին: Մորմոն բիզնեսմեն Հայնցմանի համար մեր երկրում կանաչ ճանապարհ բացած իշխանություններն արագորեն ճշտում են, որ ադվենտիստները եւ եհովականները Չարենցավանում, ասենք, 3 միլիոն դոլար են ծախսել 3 հազար հոգու իրենց մեջ ներքաշելու համար: Նախագահն անձամբ է պարզում, որ չարենցավանցի առաքելական մուրացկան Հրայրը եւ իր ընտանիքն ադվենտիստ դառնալուց հետո առեւտրական կրպակ է բացել: Կարո՞ղ է աշխատատեղերի բացման ջատագով եւ սեփական հեռուստակապուղի ունեցող «Շողակաթ» հեռուստաընկերությանը Հանրայինով եթեր տրամադրած նախագահը ընկղմվել «Խղճի ազատության մասին» օրենքի մեջ եւ տարբերակներ փնտրել ադվենտիստների գործունեությունն առավելապես սահմանափակելու մասին: Որովհետեւ այդ դեպքում Հրայրը կրկին կդառնա մուրացկան, իսկ հետո՝ դիակ Չարենցավանի վաղուց թալանված ինչ-որ գործարանի պատի տակ: Եվ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող հայտարարել, թե «դա էր իմ ուզածը»: Ըստ էության մենք իբրեւ անգրագետ ենք մտնում հավատի աշխարհ: Պետականությունն այստեղ ավելի մեծ առաքելություն չունի, քան այն, թե ազգությամբ հայը ինչ հոգեկերտվածքով է հանդիպում որեւէ քարոզչի: Եվ հան-կարծ օրերից մի օր նա բացահայտում է, որ այդ կերտվածքով ինքն ավելի կրիշնայական է կամ մանկապիղծ Չարլզ Ռասելի հիմնադրած եւ ընդամենը մոտ 150 տարվա պատմություն ունեցող Եհովայի վկաներից է: Ինձ համար, իբ-րեւ ոչ ամենաանկեղծ հավատացյալի, մեծ հարց է, թե ինչո՞վ է պատճառաբանված Հայ Առաքելական եկեղեցին իր գաղափարախոսությամբ եւ ինչո՞վ պատճառաբանված չէ մանկապիղծի գաղափարախոսությանը կառչած եհովականի այն համոզմունքը, թե սուրբ հոգի գոյություն չունի: Ես, օրինակ, չեմ հասկա-նում, թե ինչու՞ է Աստվածաշունչը բոլոր քարոզիչների ձեռքին դառնում փաստ եւ ոչ թե մշակույթ: Ըստ այդմ, ինչու՞ պետք է Չարենցը եւ Նարեկացին ինձ մոտեցնեն Հայ Առաքելական եկեղեցուն եւ ոչ թե հակառակը: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ, «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել