Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ՓՈՂՈՎ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ

Հունիս 08,2002 00:00

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ՓՈՂՈՎ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ Մեղադրում է համալսարանի դասախոսը Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն ֆակուլտետի դասախոսական կազմի ընտրությունների անօրինականության մասին առանձին ահազանգը ճշտելիս ամենեւին չէինք ակնկալում, որ ընդհանրապես այս եւ թերեւս նաեւ մյուս բուհերում անցկացվող դասախոսական կազմի ընտրությունների օրինականությունը շատ կասկածելի է։ Պարզվում է, որ այս բուհում ընտրություններն անցկացվում են դասախոսների ընտրության կարգի մասին Բարձրագույն դպրոցի 1987թ. թիվ 500 հրամանի համաձայն, այսինքն՝ ԽՍՀՄ օրենքներով ու հրամաններով, որոնք Հայաստանի Հանրապետության համար վաղուց օրինական հիմք չեն։ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ ԽՍՀՄ այդ կանոնակարգերը վաղուց ուժը կորցրած են ճանաչվել եւ բուհը դրանցով առաջնորդվելու իրավունք չուներ։ Բայց երբ փորձեցինք ճշտել, թե այդ դեպքում ինչո՞վ պետք է առաջնորդվեր բուհի ղեկավարությունը, պարզ դարձավ, որ ոչ մի հստակ օրինական հիմք չկա, այնպես որ բուհին երեւի այլ բան չէր էլ մնում, քան հույսները դնել ԽՍՀՄ կանոնակարգերի վրա։ ԿԳ փոխնախարար Ա. Ավետիսյանի տեղեկացմամբ՝ բուհը պետք է առաջնորդվեր 1999թ. ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի հրամանով հաստատված՝ ՀՀ պետական բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի ձեւավորման ժամանակավոր կանոնակարգով։ Բուհի ռեկտոր Միսակ Դավթյանի ներկայացմամբ՝ իրենք առաջնորդվել են այդ կանոնակարգի սկզբունքներով, սակայն քանի որ ընտրությունների ընթացակարգ չկա, ԽՍՀՄ կարգն են օգտագործել։ Նման ժամանակավոր կարգ կա նաեւ դեկանների ընտրության համար, որտեղ հստակ տրված է ընտրությունների անցկացման ողջ ընթացակարգը՝ ով է ընտրում, ինչ կազմով, ինչ արդյունքներով եւ այլն։ Սակայն պրոֆեսորադասախոսական կազմի ձեւավորման կանոնակարգում այդ մասին ոչինչ ասված չէ։ Միայն այսպիսի կետ կա, որ «Պրոֆեսորադասախոսական կազմի ձեւավորման գործընթացում պաշտոնի հավակնորդների ներկայացրած փաստաթղթերի ցանկը, ներկայացման ժամկետը, հավակնորդների գործերի քննարկման ընթացակարգը, մրցույթի անցկացումը, կոնտրակտավորումը եւ պաշտոնում հրամանագրումը սահմանվում են համապատասխան կարգերով»։ Սակայն նման կարգեր չկան, չեն ստեղծել, երեւի մոռացե՞լ են։ Ի դեպ, այդ ժամանակավոր կարգերը հաստատվել են ԿԳ նախկին նախարարի հրամանով, քանի որ այլ օրինական հիմք ընտրությունների համար չկա։ «Կրթության մասին» ՀՀ օրենքով է նախատեսվում, որ բուհի ռեկտորի, դեկանի, ամբիոնի վարիչի ու դասախոսի պաշտոնները ընտրովի են, սակայն այդ կետը ուժի մեջ պետք է մտնի միայն բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումից հետո, որը դեռ չկա։ Իսկ այդ ժամանակավոր կարգերը նույնիսկ հաստատված չեն արդարադատության նախարարության կողմից, մինչդեռ ընդունված ընթացակարգով համակարգին առնչվող տարատեսակ կարգերը օրինական ուժ են ստանում միայն այդ գերատեսչության գրանցումից հետո։ Այնպես որ, դեռ պարզ չէ, արդյո՞ք այդ ժամանակավոր կարգերը իրենք օրինական ուժ ունեն։ Բացի այդ, օրենքը գերակա է գերատեսչական նորմատիվ ակտերի նկատմամբ, իսկ օրենքով ընտրություններ չպետք է լինեն։ Հետաքրքիր է, որ բուհերի ռեկտորների ընտրության ժամանակավոր կարգ չկա եւ ԿԳՆ-ն այժմ օրենսդրական փոփոխությամբ է այդ հարցը լուծում։ Հիշեցնենք նաեւ, որ ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակ, երբ մամուլը գրեց, որ մինչեւ բարձրագույն կրթության մասին օրենք ունենալը այդ ընտրությունները անօրինական են, Երեւանի տնտեսագիտության ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը «Առավոտին» տված հարցազրույցում նկատել էր, թե այդ ինչո՞ւ միայն ռեկտորների ընտրության ժամանակ աղմուկ բարձրացավ, երբ դասախոսներին, դեկաններին եւ ամբիոնների վարիչներին արդեն քանի տարի ընտրում են առանց օրենքի, այսինքն՝ անօրինական։ Կոնֆլիկտը լուծելու փոխարեն՝ մեղմել են Այսքանից հետո, թվում է անիմաստ է քննարկել առանձին բուհի առանձին ֆակուլտետում դասախոսական կազմի ընտրության կանոնակարգի խախտումները, սակայն այս մասին ահազանգող տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն ֆակուլտետի դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու Ելենա Խաչատրյանի բողոքը միայն այդ ընտրությունների օրինականությանը չի առնչվում։ Այդ ընտրությունների արդյունքներով տիկին Խաչատրյանը դուրս է մղվում բուհից եւ իր մեկնաբանությամբ՝ դրա իրական պատճառը իր անհանդուրժողականությունն է ֆակուլտետում տիրող անօրինականությունների եւ չարաշահումների նկատմամբ։ Մեզ հետ զրույցում տիկին Խաչատրյանը պնդեց, որ ֆակուլտետում ծաղկում է կաշառակերությունը, հիմնականում փողով են նշանակում քննությունները, իսկ ազնիվ դասախոսներին մեղադրում են, թե «դուք ձեր ժամերը փչացնում եք»։ «Այս մթնոլորտում ուսանողը ի՞նչ դաստիարակություն է ստանալու»,- մտահոգվում է նա։ Ռեկտորին ուղղված մի շարք նամակներում Ե. Խաչատրյանը գրում է, որ ֆակուլտետի դեկան Կլիմենտ Անանյանը չի հանդուրժում ինքնուրույն եւ սեփական կարծիք ունեցող դասախոսներին, «որոնց համար անընդունելի է դեկանի կողմից կարեւոր արժանիք համարվող ստորաքարշությունը, քծնանքը եւ խառնակչությունը։ Իսկ դեկանի աշխատանքի սկզբունքը եղել եւ մնում է շանտաժը, ստախոսությունը, «բաժանիր՝ որ տիրես» սկզբունքին լավ տիրապետելը»։ Նաեւ դեռեւս 2002թ. հունվարին ահազանգում է, որ դասախոսական կազմի 2002թ. փետրվարի 16-ի ընտրություններում դեկանը հաշվեհարդար է տեսնելու այդ ինքնուրույն կարծիք ունեցող դասախոսների հետ։ Այս բովանդակությամբ մի շարք այլ դիմումների տակ ստորագրել է նաեւ ութ դասախոս, այդ թվում՝ չորս դոցենտ եւ մեկ ամբիոնի վարիչ՝ նշելով նաեւ, որ ընտրությունները տեղի են ունենալու կանոնակարգի կոպիտ խախտումներով։ Ի պատասխան, բուհի ռեկտորը կարգադրել է ձեւավորել ընտրություններն անցկացնող մարմնի՝ ֆակուլտետի խորհրդի նոր կազմ՝ թույլ տրված կանոնակարգային խախտումները ուղղելու համար եւ հավաստիացրել, որ ընտրությունները կընթանան օբյեկտիվ։ Արդյունքում՝ տիկին Խաչատրյանը չի վերընտրվել իր պաշտոնում, իսկ ռեկտորին ուղղված դիմումը, որտեղ ասվում է, որ ընտրությունները խախտումներով են անցկացրել, ստորագրել է ոչ միայն տիկին Խաչատրյանը, այլեւ այն դասախոսները, որոնք վերընտրվել են իրենց պաշտոնում։ Այդ դիմումում նաեւ մեղադրում են բուհի ռեկտորին, որ ժամանակին համապատասխան միջոցներ ձեռք չառնելու, խախտումները չուղղելու պատճառով 2002թ. մայիսի 6-ին կայացած Ե. Խաչատրյանի կրկնակի ընտրության ժամանակ այդ խախտումները դարձյալ կրկնվել են եւ տիկին Խաչատրյանը էլի չի ընտրվել։ Կրկնակի ընտրություններ անցկացնելու ռեկտորի որոշումից տիկին Խաչատրյանը դժգոհ է, քանի որ այդ որոշումը ընդունվել է հաշվի առնելով նրա մասնագիտական կարողությունները, վաստակը եւ ուսանողների դիմումը (մոտ 200 ստորագրությամբ)։ Մինչդեռ, նրա պնդմամբ, նախորդ ընտրության արդյունքները չեղյալ պետք է համարվեին, քանի որ անօրինական էին։ Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան, ռեկտոր Միսակ Դավթյանը չհամաձայնեց, որ ինքը քայլեր չի ձեռնարկել այդ խախտումների ուղղությամբ։ Կոնկրետ քայլերը մատնանշելու մեր խնդրանքին ի պատասխան, ռեկտորն ասաց, թե արդեն չի հիշում ինչ է արել, դա վաղուց է եղել։ Այնուամենայնիվ ասաց, թե նշված բազմաթիվ խախտումներից թերեւս մեկը կարող է որպես խախտում ընդունել։ Այդ մասին ռեկտորը պատկերացում է կազմել դեկանի եւ բողոքող դասախոսների հետ ունեցած զրույցներից։ Հարցին՝ ինչո՞ւ մի հանձնաժողով չէր կազմվել, որ մանրամասն ստուգեր՝ արդյոք կա՞ն խախտումներ, պարոն Դավթյանն ասաց, թե այժմ կկազմեն։ Նաեւ միայն այսօր է ռեկտորը համաձայնել, որ տիկին Խաչատրյանի ընտրության հարցը կարելի է ներկայացնել բուհի մեծ խորհրդի քննարկմանը, ինչը տիկին Խաչատրյանն առաջարկել էր իր առաջին ընտրությունից հետո՝ գտնելով, որ դեկանի մարդիկ են հիմնականում ընդգրկված ֆակուլտետի խորհրդում եւ դրա համար ինքը չի ընտրվի։ Բուհի ռեկտորը խոստովանեց, որ ինքն էլ անձամբ գոհ չի եղել ընտրության արդյունքներից, քանի որ դասախոսին իր պաշտոնում կարելի է չվերընտրել միայն լուրջ նախադրյալների դեպքում, իսկ տիկին Խաչատրյանի դեպքում այդպիսիք չկան, հակառակը՝ նա լավ մասնագետ է։ Դրա համար է ռեկտորը կրկնակի ընտրություններ նշանակել եւ շատ է զարմացել, որ տիկին Խաչատրյանը նորից չի ընտրվել։ Ռեկտորը նաեւ ասաց, որ Ե. Խաչատրյանին դեմ տրամադրված դասախոսները, որ ֆակուլտետի խորհրդում մեծամասնություն են կազմում, նույնիսկ բողոքել են, որ ռեկտորը ճնշում է գործադրում իրենց վրա՝ պահանջելով ընտրել տիկին Խաչատրյանին։ Մ. Դավթյանը նկատեց, որ չբեկանելով ընտրությունների արդյունքները, փորձել է ավելի մեղմ տարբերակ գտնել կրկնակի ընտրություններ նշանակելու համար, քանի որ «սա, ի վերջո, ինտելեկտուալ կոլեկտիվ է» եւ չի ցանկացել կոնֆլիկտը սրել։ Ի դեպ, ոչ ոք չի ժխտում, որ պարոն Դավթյանը շատ պարկեշտ անձնավորություն է, լավ մասնագետ ու մտավորական, սակայն բուհի ղեկավարը նաեւ ուժեղ կազմակերպչական կարողություններ պետք է ունենա եւ, կոնֆլիկտը մեղմելու փոխարեն, լուծի այն։ Հիշեցնենք, որ մանկավարժականում առկա անմխիթար վիճակի եւ արձանագրված բազմաթիվ խախտումների պատճառով ԿԳՆ-ի կոլեգիայի նիստում, դեռեւս 7-8 ամիս առաջ, Է. Ղազարյանի նախարարության օրոք, դրվել էր պարոն Դավթյանի պաշտոնավարության նպատակահարմարության հարցը, որը, նախարարի փոփոխությունից հետո, մոռացվեց։ Տիկին Խաչատրյանը զարմանում է, ինչո՞ւ ինքը չի ընտրվում, իսկ իրենց ֆակուլտետի դեկանի կինը, որ անցյալում դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ կաշառակերության համար, ընտրվել է եւ այժմ դասախոսում է կենսաբանության ֆակուլտետում։ Միսակ Դավթյանը նկատեց, որ օրենքի տեսակետից խախտում չկա, պատիժը կրած մարդը իրավունք ունի աշխատել, իսկ ընտրությունը կատարում են խորհուրդները, որտեղ ընդգրկված են այդ ֆակուլտետների դասախոսները։ Պարոն Դավթյանը «դատարկ խոսակցություններ ու սուտ» որակեց տիկին Խաչատրյանի մյուս բազմաթիվ մեղադրանքները դեկանի հասցեին, բայց հարցին՝ ստուգե՞լ եք դրանք, դարձյալ ասաց, թե հանդիպել են, զրուցել են։ Իսկ տիկին Խաչատրյանը պնդում է, որ ինքը փաստեր ունի։ Ի պատասխան կաշառակերության մասին մեղադրանքների, պարոն ռեկտորը տեղեկացրեց, որ ինքը բազմաթիվ անգամ հարցրել է ուսանողներին այս մասին, ոչ ոք չի բողոքել։ Արդյո՞ք ուսանողները անկեղծ կպատասխանեին։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան, ռեկտորը համաձայնեց, որ նման դեպքերը հեշտ չեն ապացուցվում նույնիսկ իրավապահ մարմինների կողմից։ «Ատանկ բաները չեն նկատվում» Իսկ տեխոլոգիա եւ ձեռնարկչություն ֆակուլտետի դեկան Կլիմենտ Անանյանը ֆակուլտետում կաշառակերության մեղադրանքի առթիվ նախ ասաց, թե երեք տարի առաջ, երբ ինքը նշանակվեց դեկան, բոլոր լաբորատորիաները վերանորոգեց. «Եթե կաշառակերություն կար էլ, իհարկե, դա այնպիսի բան է, որ ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր՝ «ատանկ բաները չեն նկատվում»։ Կարող է կար դեռ այն ժամանակ, երբ տիկին Խաչատրյանը գուցե գիտեր կամ տեղյակ էր, կամ ինքը մասնակից էր։ Այսօր, եթե ինքը՝ Խաչատրյանը նույնիսկ կասի, որ նման բան կա, ուրեմն ահավոր անպարկեշտ պետք է լինի, եթե այդպիսի բան ասի»։ Պրն Անանյանն արդարացավ, որ այս առումով իրենց ֆակուլտետը բուհի այն ֆակուլտետներից է, որտեղ կաշառակերության հետ կապված երեւույթները ինչքան հնարավոր է նվազագույնի են հասցված։ Պրն Անանյանը ժխտեց նաեւ տիկին Խաչատրյանի մեղադրանքները, որ ոչ միայն դասախոսների, այլ նաեւ դեկանի ու ամբիոնի վարիչի ընտրությունները անցել են Կ. Անանյանի ճնշման ներքո եւ խախտումներով, եւ որ նա խորհուրդները ձեւավորում է իր համակիրներով։ Թեեւ չժխտեց, որ ամբիոնի վարիչի ընտրության ժամանակ իր թեկնածուին է պաշտպանել (որն, ի դեպ, մինչ այդ վերջին 5-6 տարիներին բիզնեսով է զբաղվել՝ հեռանալով մանկավարժությունից), բայց ժխտեց այն մեղադրանքը, որ ստիպել է տիկին Խաչատրյանին քվեարկել իր թեկնածուի օգտին։ Տեղեկացնելով, որ բացի 4-5 դասախոսից, ֆակուլտետի մոտ երկու տասնյակ մյուս դասախոսները դեմ են տիկին Խաչատրյանի հետ աշխատել, պարոն Անանյանը պատճառները այսպես բացատրեց. «Իմ կարծիքով, տիկին Խաչատրյանը դասախոսների ու աշխատակիցների կողմից չի ընդունվում իր վարքագծի հետ կապված։ Բոլորի նկատմամբ ամբարտավան կեցվածք ունի։ Կարող է ցանկացած պահի ցանկացած դասախոսի կամ ամբիոնի վարիչի, դեկանի վիրավորել ամենավերջին բառերով»։ Պարոն Անանյանի կարծիքով՝ ուսանողների հետ էլ տիկին Խաչատրյանը ձեւական բարի է, իրականում «շատ կոպիտ եւ դաժան կեցվածք ունի նրանց նկատմամբ»։ Իսկ որ մոտ 200 ուսանող ստորագրել է ի պաշտպանություն Ե. Խաչատրյանի, պարոն Անանյանը դա «կազմակերպած ստորագրահավաք է» համարում։ Ռեկտորին պարոն դեկանը ասել էր, թե ինքն էլ կարող է նման ստորագրություններ հավաքել, արդեն Ե. Խաչատրյանի դեմ։ Սակայն արդյո՞ք նպատակահարմար է այս պատմության մեջ ուսանողներին եւս ներքաշել։ Այս առաջարկը նաեւ ռեկտորին էր խիստ զայրացրել, որը պահանջել էր ուսանողներին հանգիստ թողնել։ Բայց պրն Դավթյանը համաձայնեց, որ թերեւս կարելի է ֆակուլտետի դասախոսների եւ ուսուցման մասին ուսանողների շրջանում անանուն հարցում անել, ինչպես արդեն երկար ժամանակ պահանջում է Ե. Խաչատրյանը։ Սակայն միայն հարցումները բավարար չեն եւ լավ կլիներ, որ արծարծված հարցերին նաեւ ԿԳ նախարարության պաշտոնյաները արձագանքեին եւ փաստերը ստուգվեին համակողմանիորեն։ Նաեւ անհրաժեշտ օրենսդրական դաշտը ապահովեն, որ բուհերը ԽՍՀՄ օրենքներով չշարժվեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930