Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հողն է կանչում

Հունիս 08,2002 00:00

Հողն է կանչում Այսօր Արցախի բազում հիմնահարցերից է հայրենի հողից փախած արցախահայերի վերադարձի կազմակերպումը։ Դեռեւս 1994-ից ԼՂՀ կառավարությունը ունի «Վերադարձ Արցախ» ծրագիր։ Ըստ այդ ծրագրի, հայերի վերադարձը Արցախ կատարվում է ԼՂՀ կառավարության միջոցներով։ Վերադարձողներից նրանք, ովքեր չունեն բնակարան, բնակարան է հատկացվում, սեփական տնտեսություն ստեղծելու համար տրվում է հողամաս, ովքեր ցանկանում են նոր տուն կառուցել՝ տրվում է հողամաս եւ օգնում են շինանյութերով։ Բոլոր վերադարձողներին տրվում է 200 հազար դրամ վարկ (20 տարով, 0,5 տոկոսադրույքով)։ Այդ գումարով նրանք կարող են անասուններ գնել, ձեռք բերել տնային անհրաժեշտ իրեր։ Վերաբնակիչը միաժամանակ օգտվում է մի շարք այլ արտոնություններից։ Այսպես։ Ընտանիքի գլխավորին տրվում է 20 հազար դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ 5000-ական դրամ։ Վերաբնակիչները հինգ տարով ազատվում են բոլոր տեսակի հարկերից։ Այս օրերին աշխարհով մեկ սփռված հայկական համայնքները առանձնակի հոգատարություն են տածում Ադրբեջանից փախած, օտարության մեջ դեգերող հայերի հանդեպ, օգնում նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ Արցախ։ Միայն այս վերջին տարիներին այդ համայնքների օգնությամբ 164 հայ ընտանիք է տեղափոխվել Արցախ եւ մշտական բնակություն հաստատել։ Եվ ինչքան լավ է, որ «փախստականի» պիտակ ստացած մեր հայրենադարձներին Արցախում ընդունում են սրտանց, հոգեհարազատ, որպես հայրենադարձների։ Այո, շատ ուրախալի է, որ դեպի Արցախ հայրենադարձությունը սկսվել է։ Միայն վերջին երկու տարում Հյուսիսային Կովկասից, Ազով-սեւծովյան մի շարք քաղաքներից եւ Ռուսաստանի այլ վայրերից Արցախ է վերադարձել շուրջ հիսուն արցախահայ։ Նրանք հիմնականում բնակություն են հաստատել Մարտակերտի շրջանի ազատագրված իրենց գյուղերում։ Այս վերադարձողներին առանձնակի օգնություն են ցույց տալիս տեղի հայ համայնքներին կից ստեղծված «Արցախ» հայրենակցական-բարեգործական միությունները՝ նրանց տրամադրելով ճանապարհածախս, նյութական այլ օգնություն։ Քիչ չեն նաեւ այն հայերը, որոնք բնակվելով Հայաստանում, ցանկություն են հայտնում տեղափոխվել Արցախ, դառնալ Արցախի մշտական բնակիչներ։ Վերջին մի քանի տարում Հայաստանից Արցախ են տեղափոխվել հարյուրավոր ընտանիքներ։ Իհարկե, նրանց մեջ քիչ չեն նաեւ արցախահայերը, որոնք պատերազմի արհավիրքներում ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։ Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ վերաբնակեցման բաժնից, միայն 2002 թ. ծրագրված է Հայաստանից Արցախ տեղափոխել ավելի քան 100 ընտանիք։ Այս օրերին շատերն են ցանկություն հայտնում տեղափոխվել եւ վերաբնակվել Արցախում։ Նրանց թիվը, բաժնում կատարված հաշվումներով, հասնում է հազարի։ Անշուշտ, պետք է նշել, որ այս օրերին Արցախ վերադառնալը, Արցախում բնակություն հաստատելը մեծ հայրենասիրություն է։ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ-ՔՅՈԽՈՒՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել