Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Հունիս 08,2002 00:00

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ Թէ ինչո՞ւ է այսօր ժողովուրդը դժգոհ հայկական բանակից, պատճառները շատ են, սակայն նշեմ գլխավորները: Մեր գեներալները, փնտրելով արագ եւ չհոգնեցնող լուծումներ, փոքրացրին եւ տեղայնացրին խորհրդային բանակի կառույցը: Դրանով իսկ նրանք նպաստեցին, որ մեր բանակում իշխող դառնան խորհրդայինի անառողջ հարաբերությունները, սակայն ավելի դաժան եւ այլասերված: Սովետական բանակին հատուկ է կայսերական տիպը: Նրանում զինվորը հրաման կատարող է՝ զուրկ սեփական կամքից: Հայ զինվորը չի կարող այդպես կաղապարված լինել: Այսօրվա բանակը հարիր չէ մեր ազգին եւ նրա նպատակներին: Բոլոր օղակներում, դժբախտաբար, գերիշխում են կաշառակերությունն ու հովանավորչությունը (բացառությունների մասին չէ խոսքը), գաղութային նիստուկացը: Փոխանակ զորակոչվող երիտասարդը կազմավորվի որպես զինվորական պարտքին գիտակից եւ մարտունակ տղամարդ, կատարվում է ճիշտ հակառակը, նա այլասերվում է բանակային կյանքի անընդհատ քրեականացող եւ ապազգայնացող մթնոլորտում: Զորամասերում, վերահսկողությունից դուրս, իշխում են հանցավոր հեղինակությունները, իսկ հրամանատարները օգտագործում են նրանց՝ ստորաբաժանումները կառավարելու համար: Արդյունքում՝ սպաները հեղինակազրկվում են, ստորաբաժանումները վերածվում են խուժանի, սպանությունները դառնում են վիճակագրական օրինաչափություն, զինվորը հաճախ հայտնվում է ստրուկի կարգավիճակում: Միաժամանակ առկա են իրենց տանը ծառայող մեծահարուստների զավակներ: Հրամանատարական կազմի ապազգայնացումը եւ արագ հարստացումը փաստացի իրողություն է: Պաշտոնները ձեռք են բերվում հարստանալու եւ գազանային հակումներին ընթացք տալու նպատակով: Այս բոլորը զինվորների մեջ ավելացնում է ատելությունը բանակի, ծառայության, ղեկավարության եւ հայրենիքի նկատմամբ: Այս շարունակվող հոգեբանական անկման պայմաններում բանակի մարտունակության մասին խոսելը համազոր է ինքնախաբեյության կամ նույնիսկ զառանցանքի, քանի որ գոյություն չունի բանակային առողջ ոգի, իսկ այդ մարտունակ ոգին կրողները ծառայությունից վերադառնում են կոտրված եւ նվաստացած: Եթե նայենք այսօրվա մեր առաջին դասարանցիների քանակին, ապա հստակ կդառնա բոլորիս, թե որքան է լինելու մեր բանակի հերթափոխը տասը տարի անց: Ես չեմ ուզում այդ տեղեկությունը հրապարակել, սակայն մեր ղեկավարները, տիրապետելով այդ թվերին, ոչինչ չեն ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ: Ավելին, օրենքի նոր նախագիծ են դնում շրջանառության մեջ, «այլընտրանքային ծառայություն» անունով, որը հաստատ տապալելու է մեր զինծառայության համակարգը՝ կազմալուծելու է բանակը … Սրան միանգամայն համահունչ են պաշտպանության նախարարի ինքնավստահ հավաստիացումներն (ս/թ մարտ ամսին, ԱՄՆ մեկնելու նախօրյակին) այն մասին, թե ինքը համոզված է, որ պատերազմ չի լինելու: Լսելով նրա ելույթը, էլ ավելի համոզվում եմ. այս մարդիկ որոշել են, որ Հայաստանին այլեւս բանակ պետք չէ: Ակնհայտ է, որ այս ծրագիրը թելադրված է օտարի կողմից՝ մեզ տկարացնելու, խեղճացնելու, անպաշտպան թողնելու նպատակով, վերջում՝ ամորձատելու համար մեր նորանկախ պետությունը…. Իսկ մեր ղեկավարությունը կարծես հնազանդ աշակերտի նման ենթարկվում է այս բոլորին: Տարածաշրջանային մերօրյա պայմաններում հայկական բանակը երբեք չի կարող նմանվել կամ համեմատվել եվրոպականների հետ: Դրանց նմանակելն է հավանաբար պատճառը, որ այսօր քննարկվում է այլընտրանքային ծառայության մասին նախագիծ: Առաջարկված նախագծի հեռանկարային նպատակները շատ պարզ են՝ առնվազն ինձ համար… Հեղինակները ուզում են ապագայում հասնել նրան, որ վճարելով օրենքով սահմանված գումարը, հնարավորին չափ մեծաթիվ երիտասարդներ ազատվեն ծառայությունից՝ ինչը արդեն չեն էլ թաքցնում: Իսկ ներկայումս ո՞վ է ձգտում, որ իր զավակը ծառայի մեր բանակում: Բոլորն էլ մի ելք գտնելով գումարը փորձելու են ճարել եւ ազատվել ծառայությունից: Արդյունքը կործանարար է լինելու մեր ազգի համար: Զինծառայությունը մեր երիտասարդների համար պարտադիր պետք է լինի ոչ միայն ռազմարվեստին տիրապետելու նպատակով, այլ նաեւ հայրենասեր, ֆիզիկապես եւ հոգեպես առողջ սերունդ պատրաստելու համար, որոնք իրենց հերթին պետք է շարունակեն եկող սերունդների հետ նույն աշխատանքը: Այս նոր նախագիծը ընդունելով՝ տկարացնում ենք մեր բանակը, զորքի քանակը զգալիորեն նվազում է, վերացնում ենք մեր պահեստազորքը, ինքնըստինքյան բաժանում ենք մեր ժողովրդին երկու մասի, սոցիալական անարդարությունը դառնում է օրենք: Մոռանում ու անտեսում ենք՝ ժողովուրդը երբեք չի հանդուրժի յուրայինների կողմից հաստատված անարդարությունը: Այսինքն, բոլորն էլ ձգտելու են օգտվել աղանդավորների համար գրված այս օրենքից եւ խուսափել ծառայությունից: Ուստի մեր ղեկավարությունը փոխանակ նոր օրենքներ մշակի հատուկ աղանդավորների համար, պետք է շատ արագ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի արմատախիլ անի աղանդավորական բոլոր շարժումները մեր երկրում: Հայաստանի պետությունը տարածաշրջանում կայուն տեղ ապահովելու, իր անվտանգության խնդիրները լուծելու, իր ազգային իդեալներին հասնելու համար կարիք ունի մարտունակ, ոգեկան ուժով առաջնորդվող, իր կոչմանը հարիր զինվածությամբ, ազատագրական գաղափարներով առաջնորդվող բանակի: Մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար պետք է աշխատենք տարածաշրջանում լինել հզոր եւ թելադրող պետություն: Պետք է մտածենք ու գործենք միայն այս ուղղությամբ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այսօրվա մեր բանակը կրկնօրինակն է տեխնիկական հզորության եւ մարդկային քանակի վրա հիմնված սովետական բանակի, նա չի կարող բավարարել անվտանգության մեր պահանջները: Պարտադիր առաջին քայլը պետք է լինի մեր բանակի, զորանոցների ու զորամիավորումների այսօրվա կառուցվածքի հիմնավոր ձեւափոխությունը: Այն պետք է համապատասխանեցվի մեր ազգային նկարագրին եւ մեր երկրի աշխարհագրական պայմաններին: Փոփոխություններ հարկավոր են նաեւ մարտական եւ կարգապահական կանոնագրքերում՝ նկատի առնելով ի մասնավորի հետեւյալ հանգամանքները. – Հայ զինվորը գիտակցական կարգապահության հակում ունի. – Հայ զինվորը մահվան մեջ սիրում է հավասարություն (մեջբերում մեր մեծերից). – Հայ զինվորի մեջ ապրում է գաղափարական մարտիկը, որի շնորհիվ էր, որ հաղթեցինք Արցախյան պատերազմում։ Ներկայիս զորահավաքի մեթոդը նույնպես չի արդարացնում իրեն. ուստի կարիք ունենք զորակոչի կարգի փոփոխության, ուր զինվորը ինքն իրեն պետք է զգա իբրեւ կամավոր։ Մեր սպայակազմը ամբողջությամբ պետք է պատրաստվի միայն ու միայն հայկական ռազմական ինստիտուտում. ինստիտուտ ասելով ես նկատի չունեմ այն անհասկանալի հաստատությունը, որը այդ անունով հանդես է գալիս ներկայումս եւ որ ինքնին պատասխանատվություն է կրում սպայական մեր ներկա կազմի անմխիթար վիճակի համար։ Պետք է հրաժարվել ռուսական, հունական, ամերիկյան ռազմական ուսումնարաններից, բացառությամբ որոշ տեխնիկական մասնագիտություններից, որոնք պահանջում են ռուսական զենքի օգտագործում: Հայ սպան կոչված է նաեւ մտավորական լինելու, եւ դա մեր ղեկավարության խնդիրն է: Անհրաժեշտ է ամեն տարի ձեւավորել մի քանի արհեստավարժ զորամիավորում, աստիճանաբար կրճատել պարտադիր ծառայության ժամկետը՝ մինչեւ 12 ամիս: Այլընտրանքային ծառայության մասին օրենքների վրա ժամանակ կորցնելու փոխարեն մտածենք բանակում տիրող նեխած մթնոլորտի վերացման մասին, զինծառայությունը ավարտող զինվորը պետք է դժվարությամբ բաժանվի արդեն հարազատ դարձած զորամասից: Ամենակարճ ժամկետում անհրաժեշտ է արմատախիլ անել կաշառակերությունը: Բանակային կենտրոնաձիգ կառույցում դա անելու համար բավական է, որ բարձրագույն հրամանատարությունը խստորեն արգելի, օրինակ ծառայի եւ հետեւողական լինի: Ընթերցողին կարող է պարզունակ թվալ իմ այս միտքը, սակայն ես համոզված եմ, որ ամեն ինչ վերեւից է սկսվում.254 երբ ինքը՝ ղեկավարը մաքուր է, իրավունք ունի եւ ունակ է նույնը պահանջել իր ենթականերից: Ընդ որում, կոռուպցիայի դեմ պայքարը նախընտրելի է սկսել հենց բանակից եւ ապա ուժային մյուս օղակներից: Անընդունելի են բանակայինների շքեղ մեքենաները, երբ ժողովրդի զգալի մասը չքավոր է: Կարեւորում եմ նաեւ կադրային ճիշտ քաղաքականությունը, ուր մասնագիտական գիտելիքներից առաջ պետք է կարեւորվեն գաղափարական եւ բարոյական չափանիշները։ Շատ ավելի հեշտ կլիներ, եթե այսօր ունենայինք իսկապես ամբողջական ազգային դպրոց… Չկա առայժմ եւ հետեւաբար բանակը այսօր կոչված է լրացնելու նաեւ դպրոցի թերությունները… Բարեփոխումների ընդհանուր համատեքստում ավելորդ է զինվորական ոստիկանության կամ դատախազության գոյությունը: Բանակայիններին առնչվող քրեական գործերը նույնպես պետք է քննվեն քաղաքացիական դատարաններում։ Նշածս առաջարկությունները բոլորովին նոր մտքեր չեն: Բանակի կազմավորման առաջին իսկ օրերից այս մասին բազմիցս խոսվել է: Հույս կար, որ կստեղծվի մի հանձնաժողով, որը, գործելով անվտանգության խորհրդին կից, կլուծի բարձրացված խնդիրները: Սակայն մինչ օրս այդպես էլ չունեցանք իրական անվտանգության խորհուրդ։ Հատկապես մեզ նման ազգերի համար հայրենիքի պաշտպանությունը առաջին հերթին նշանակում է սեփական ընտանիքի, ունեցվածքի, հողի, ինչպես նաեւ ցեղակցի պաշտպանություն: Հայրենիքը պաշտպանելու իրավունք ունի ամեն մարդ: Եթե մենք ուժեղ եւ մասնագիտացած բանակ չունենանք, չենք կարող պաշտպանվել: Եթե ընտանիքի ավագը չի կարող երաշխավորել ընտանիքի ապահովությունը, ուրեմն նա տանտեր դառնալու իրավունք չունի: Այս պարզ հիմքով է սկսվում բանակում ծառայելու կարեւորությունը: Պատրաստելով առողջ սերունդ, պատրաստած ենք լինում մեր ազգի համար ընտանիքի առողջ հայրեր: 1991 թվին հայերիս հնարավորություն տրվեց ստեղծելու հայկական ազգային պետություն, սակայն, տարբեր հանգամանքների բերումով, մինչ օրս այն չի կայացել: Քանի որ չկայացած պետությունը չի կարող բանակ ունենալ, անհրաժեշտ է այսօր իսկ սկսել պետության ազգայնացման գործընթացը, որը արդեն իսկ տասը տարի ուշացել է՝ այլեւս ուշանալու տեղ չկա: Որպես զինվորական, երբեք չէի ուզի նման թեմաներ քննարկել մամուլով: «Այլընտրանք» չունենալով է, որ դիմել եմ այս ձեւին, նպատակ ունենալով այս մտահոգությունների շուրջ փորձել ձեւավորել հասարակական համախմբում: Միգուցե այս քայլով կարելի կլինի իշխանություններին սթափեցնել: ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել