Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իտալացիների արկածները Երեւանում

Հունիս 08,2002 00:00

Իտալացիների արկածները Երեւանում Երեւանի խմելու ջրի համակարգը կառավարող «Էյ Յութիլիթի» ընկերության աշխատանքային «էլիտան» լրագրողներին ներկայացրեց վերջին ամիսների իր նվաճումները։ Սկսենք կառուցվածքային փոփոխություններից՝ բոլորովին վերջերս պաշտոնանկ են արվել շահագործման ութ տեղամասերի երկար տարիների հնացած փորձով ու «իրենց դարն ապրած» պետերը։ Տեղամասերը վերանվանվել են մասնաճյուղեր, որոնք արդեն ունեն «երիտասարդ, էներգիչնի» տնօրեններ։ Հավանաբար այն պատճառով, որ վերջինների մտածողությունը ոչ թե կոմունիստական է, այլ՝ շուկայական, եւ լավ են պատկերացնում «ջուրն ապրանք է ու գին ունի» գաղափարախոսությունը։ Խիստ ակտիվացել է աշխատանքը համատիրությունների, ԲՇՏ-ների ու տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ։ Հիշեցնենք, որ ջրմուղի նոր քաղաքականությամբ իրենց աշխատանքը պետք է սահմանափակվի մինչեւ համայնք մտնելը։ Մնացածը տեղական կառավարման օղակների խնդիրն է, այսինքն. ինչքան ջուր կառնեն, ինչքան գումար կհավաքագրեն, ինչքան խողովակ կփոխեն եւ այլն։ Բայց արի ու տես, որ շատ համատիրություններ ու ԲՇՏ-ներ չեն ուզում օգտվել օրենքով ամրագրված իրենց լիազորություններից եւ հրաժարվում են իրենց վրա վերցնել այդ պարտականությունը։ Չնայած այն բանին, որ յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց գանձվող 56 դրամից «Ջրմուղն» իրենց է թողնում 36 դրամը՝ հենց ծախսեր անելու եւ նույնիսկ օգուտներ ունենալու համար։ Թերեւս հենց այդ պատճառով էլ «Էյ Յութիլիթին» մի քանի օր առաջ Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքները կարգավորող Մաշտոցի տեղամասը, շահագործման համար, երկու տարվա պայմանագրով տրամադրել է մասնավոր մի ընկերության։ Վերջինս դրա դիմաց (ինչպես կարգն է) գրավի տեսքով վճարել է կանխիկ գումար՝ մոտ 1,5 ամսվա ջրօգտագործման միջին գումարի չափով։ Այսինքն, այն 36 դրամից օգտվելու է այս ընկերությունը, ջրային ցանցի բարելավման եւ, ինչու չէ, նաեւ շահույթ ստանալու ակնկալիքով։ Հաջորդ ձեռքբերումը վարձավճարների գանձման տոկոսի կրկնակի ավելացումն էր՝ 10-20։ Ընկերությունը դա վերագրում է ոչ թե վարչարարական մեթոդներին, այլ բացատրական աշխատանքի ճիշտ կիրառմանը։ Այս մեկնաբանության «ճիշտն ու անճիշտը» կարող են որոշել նաեւ ընթերցողները։ Նշենք միայն, որ «ջրի մարդ» երեւույթն աստիճանաբար դատապարտված է «լույսի մարդու» հեռանկարին, այն է՝ չեն լինի, կլինեն միայն օպերատիվ ստուգողներ։ Ինչ վերաբերում է հաշվիչներին, ապա երկրի նախագահի օրերս ստորագրած հրամանագրով նախատեսվում է դրանց տեղադրման կանոնակարգ, ըստ որի, բնակչության տարբեր խավերի համար, տարբեր պայմաններով հասնելու ենք պարտադիր «հաշվիչայնացման»։ Նույն տարբերակված պայմաններով հաշվիչներ կունենան նաեւ բյուջետային ու մասնավոր հիմնարկները։ Հաշվիչների տեղադրումից հետո ընկերությունը գուցեեւ վերանայի սակագինը՝ աստիճանաբար այն հասցնելով 56-200 դրամ՝ օգտագործված խմելու ջրի 1 խմ-ի դիմաց։ Ի դեպ, հաստատվեց նաեւ խոսակցությունն այն մասին, որ 1997-ից մինչեւ 2002-ի հունվար գոյացած վճարային պարտքերը սառեցված են, այժմ պարտադիր են միայն ընթացիկ պարտքերի վճարումները։ Իսկ ինչ անել սառեցված պարտքերի հետ՝ կառավարությունը դեռ «մտմտում» է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել