Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ դիմի կամ որտե՞ղ է այն պաշտոնյան

Հունիս 08,2002 00:00

Ո՞ւմ դիմի կամ որտե՞ղ է այն պաշտոնյան «1993թ. առայսօր անլուծելի է իմ անօգնական ընտանիքին (զառամյալ մայրս ու 14-ամյա դուստրս) փլուզված շենքի փլատակներից դուրս բերելու հարցը»,- այսպես է սկսել խմբագրությանը հասցեագրված դիմում-բողոքը Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ Լուսինե Խառատյանը։ Կից ներկայացրել է նոտարի հաստատած սեփական տան վճարային ակտի պատճենը՝ կազմված 04.06.1993թ.։ Այնտեղ հասկանալի հայերենով գրված է. «Տեղում փաստացի ուսումնասիրության ենթարկեցին Գետափնյա գյուղի բնակիչ Նազիկ Թեւոսի Խառատյանի փլուզված սեփական տան առկա ֆիզիկական վիճակը։ Ստուգումից պարզվեց՝ հողե աղյուսից շաղախված բնակելի տունը, որը կառուցվել է 1940-ական թվերին, չունի ցոկոլային մաս, տարիների ընթացքում անձրեւաջրերի եւ գրունտային ջրերի ազդեցությունից պատերը խոնավացել են ու աստիճանաբար նստել, որի հետեւանքով պատերին առաջացել են երկայնական ու լայնական ճաքեր։ Իսկ 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ճաքերը լայնացել են եւ 1999թ. տան մի մասը փլուզվել։ Մասնագիտական ստուգումից պարզվեց, որ վերոհիշյալ տունը վտանգավոր է հետագա շահագործման համար»։ Փաստաթուղթը կազմել է մասնագիտական հանձնաժողովը, որին մասնակցել են Մասիսի շրջանի գլխավոր ճարտարապետին կից Ճարտարապետահատակագծման բյուրոյի պետ Գ. Զաքարյանը, Գետափնյայի գյուղխորհրդի նախագահ Հ. Դալլաքյանը, Մասիսի շրջխորհրդի պատգամավոր Ա. Ալեքսանյանը, Ճարտարապետահատակագծման բյուրոյի գյուղխորհրդի պատգամավոր Ա. Ազատյանը։ Չնայած անցած 9 երկար ու ձիգ տարիներին, այդուհանդերձ, փաստաթուղթը ոչ մի ատյանում, մեղմ ասած, բանի տեղ չեն դրել։ Աղետյալների բազմաթիվ դիմում-բողոքներին տեղական ու հանրապետական տարբեր մակարդակներում (ԱԺ, վարչապետ, նախագահի աշխատակազմ, մարզպետարան) ականջալուր չեն եղել։ Ու թե պատասխանել են, ապա դրանք մեր իշխանական տարբեր մակարդակների օրգանական անկարողության լոկ վավերագրերը կարող են համարվել։ Բերենք մի քանիսը։ 31.05.2001թ. Արարատի մարզպետ Ա. Սարգսյանի պատասխանից. «Գետափնյա գյուղը երկրաշարժից տուժած բնակավայրերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ Ձեր կողմից ՀՀ վարչապետին ուղղված խնդիրն առայժմ բավարարել հնարավոր չէ, քանի որ Մասիսի տարածաշրջանը, որտեղ գտնվում է Գետափնյա գյուղը, աղետի գոտի չի համարվում։ Այդ հարցը քննարկվել է գյուղապետի հետ, եւ հնարավորության դեպքում Ձեզ կտրամադրվի համապատասխան օգնություն»։ Անցել է 1 տարի ու քիչ ավելի՝ եւ ոչ մի արձագանք։ 24.05.2002թ. ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության գրությունից տեղեկանում ենք, որ նման ծախսերի համար միջոցներ չունենալու պատճառով նախարարությունն օգնել չի կարող։ Միջոցների բացակայության մասին է նաեւ գյուղապետի 8.11.2001թ. գրությունը։ Իսկ ո՞ւմ եւ ո՞ր երկրին պետք է դիմի ՀՀ աղետյալ քաղաքացին։ Չէ՞ որ ընտանիքին, որը բաղկացած է միայն իգական սեռի անդամներից, օգնելու ճանապարհներ այնուամենայնիվ կլինեն, մնում է բարի կամքի դրսեւորում։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ Երեկ Լ. Խառատյանը Արարատի մարզպետարանի ընդհանուր բաժնից չի կարողացել վերցնել իր իսկ փլված բնակարանի լուսանկարները։ Ասել են՝ ձեր հարցը խոստանում՝ չե՞ն լուծում. դիմեք դատարան։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է Արարատի առաջին ատյանի դատարանը պարտավորեցնում, ասենք, մարզպետարանի շինվարչության պետին՝ կատարելու մարզպետի հանձնարարականը եւ վերանորոգման աշխատանքներ կատարելու վերոնշյալ բնակարանում։ Բայց կարելի է պատկերացնել նաեւ, որ նույնիսկ դրանից հետո Լ. Խառատյանը շարունակելու է իր հարցի լուծման հասցեատիրոջ դեգերումները։ Վերջինը ոչ միայն կարելի է, այլեւ ավելի հեշտ է պատկերացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930