Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԵՐԿԻՐԸ

Հունիս 08,2002 00:00

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԵՐԿԻՐԸ Եվ վարկաբեկում անկախության գաղափարը Չնայած իշխանական կառույցներում որոշ պաշտոնատարներ մշտապես խոսում են «ներքաղաքական կայունությունից» (այն ասելով նախ եւ առաջ հասկանալով իրենց «կայուն» վիճակը. չլինի՞ թե հանկարծ «աթոռներից» պոկող լինի), այդուհանդերձ, հենց իշխանական կառույցներում որոշ ապաշնորհ եւ «կայունասեր» ղեկավարների մեղքով էլ խաթարվում է երկրի կայունությունը, մեծանում սոցիալական լարվածությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այս մարդիկ հաջողությամբ վարկաբեկել են ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանություններին։ Նրանք, թերեւս, կպաշտոնավարեն նաեւ ապագայում (հնարավոր իշխանափոխությունից հետո) շնորհիվ իրենց… անկայուն (կամ՝ ճկուն) քաղաքականության։ Հենց նրանց ապաշնորհ գործունեության շնորհիվ էլ ժողովրդի զայրույթն ավելի հաճախ ուղղվում է պետության եւ առհասարակ ակախության գաղափարի դեմ։ Հետաքրքիրն այն է, որ վայ-իշխանավորները իրենց ամբարտավան ու ինքնագոհ կեցվածքով, ժողովրդի հոգսերի հանդեպ անտարբերությամբ էլ հրահրում են ժողովրդին՝ ընդդեմ պետության, իսկ երբ ընդդիմությունը սկսում է խոսել ժողովրդի հոգսերից, ընդդիմությանը մեղադրում են… ժողովրդին հրահրելու համար։ Շարունակաբար թմբկահարվող տնտեսական աճի (որը, պաշտոնական վիճակագրության տվյալներով, Լոռու մարզում կազմել է 16,8 տոկոս) պայմաններում նախատոնական օրերին անգամ վայ-ղեկավարները գոնե իրենց «կայունությունը» պահպանելու նպատակով չեն նպաստում, որ ժողովուրդը ստանա իր հասանելիք նպաստն ու «մի բուռ» թոշակը, որին առավել մեծ անհամբերությամբ պարբերաբար սպասում են նաեւ զանազան ոլորտների վարձահավաքներ ու «պարտքացուցակը» ձեռքին «խանութպաններ», վաշխառուներ։ Արդյունքում՝ Նոր տարին, Մայիսի 1-ը կամ Մայիսի 28-ը ոչ պատշաճ դիմավորող քաղաքացին կարոտով հիշում է անցյալն ու հայհոյում… պետությանը եւ ոչ թե այն ղեկավարին, որն այդ օրերին իր համար հանգիստ քեֆ է անում՝ «ախպերական» շրջապատով՝ չվճարված աշխատավարձերի, թոշակների ու նպաստների (բանկերում ըստ նպատակահարմարության պտտվող) հաշվին եւ իմաստուն-իմաստուն կարծիք հայտնում, թե «Աղքատ չլինելու գաղտնիքը շատ աշխատելն է»։ Եթե տնտեսությունն «աննախադեպ» աճում է, ինչո՞ւ ժամանակին չեն վճարվում կենսաթոշակները, նպաստներն ու աշխատավարձերը։ Չէ՞ որ թոշակառուների թիվը պարբերաբար կրճատվում է՝ արտագաղթի ու մահացությունների հետեւանքով։ Շատերը թոշակի տարիքի չեն հասնում։ (2001թ. Լոռու մարզում հաշվառվել է 59.123 կենսաթոշակառու՝ 2000թ. 61.835-ի դիմաց)։ Հիշեցնենք, որ նպաստառուների թիվն էլ պետության կողմից սահմանափակվեց։ Չնայած նպաստ ստանալու հայտ էին ներկայացրել Լոռու մարզում 17.457-ը, սակայն դրա իրավունքը նվաճել են 11.451-ը (այս տարվա մայիսի դրությամբ)։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ, օրինակ, ՀՀ նախագահի՝ Վանաձոր կատարած այցի նախօրեին հնարավոր է լինում թոշակների շուտափույթ բաշխում, մնացած ամիսներին՝ ոչ։ Գուցե այն պատճառով, որ այդ օրերին սոցիալական լարվածությունը թուլանա, բողոքի ցույցեր չլինե՞ն։ Եզրակացությունը սա է. ներքաղաքական վիճակը ապակայունացնողները հենց իշխանական կառույցներում ինչ-ինչ ուժեր են, որոնք, թերեւս, այդ կերպ նպատակ են հետապնդում հուսալքել, թուլացնել ժողովրդին, դարձնել առավել «կառավարելի». չէ՞ որ առջեւում զանազան մակարդակի ընտրություններ են, եւ, ժողովուրդը ինչքան խեղճ լինի, այնքան հեշտությամբ «կկոտրվի»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել