Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆուտբոլը եւ մեր իրավունքները

Հունիս 08,2002 00:00

Ֆուտբոլը եւ մեր իրավունքները Անկասկած, այս ամսվա ամենակարեւոր միջազգային իրադարձությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է: Չհաշված, իհարկե, Քոչարյանի այցը Բելառուս՝ փորձի փոխանակման շրջանակներում: Այս հիասքանչ իրադարձություններից առաջինի՝ ֆուտբոլի մասին միայն հիացական խոսքեր կարելի է ասել ու լսել տարբեր երկրների հավաքականների եւ անհատ վարպետների մասին, կանխատեսել դրանցից յուրաքանչյուրի հնարավորությունները: Բայց հայկական կյանքի յուրօրինակությունները հարկադրում են անդրադառնալ ոչ թե Ռոնալդոյի խփած գնդակի կամ Կորեայի ու ԱՄՆ-ի փայլուն հաղթանակներին, այլ մարզական այս մեծ տոնը մթագնող մի փաստի: Հերթական այլանդակության հեղինակները հեռուստաչինովնիկներն են: AATV-ն հերթական անգամ խաբելով իր բազմաթիվ բաժանորդներին (մինչ այդ կամայականորեն անջատվեց «Ա1+»-ի հեռարձակումը) հիմա էլ զրկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նորմալ հետեւելու հնարավորությունից: Խոսքը այն խաղերի մասին է, որոնք եթեր է հեռարձակում հանրային կոչվող հեռուստատեսությունը: Այդ ժամերին AATV-ի բոլոր սպորտային ալիքները սկսում են հեռարձակվել ՀՀՀ-ի լոգոյով: Իսկ ՀՀՀ-ի տեխնիկական հնարավորություններն այնքան թույլ են, որ ամառային անձրեւն ու քամին ուղղակի խափանում են հեռարձակումը (օրինակ, Գերմանիա-Իռլանդիա խաղի ժամանակ): Մի կողմ թողնենք մենաշնորհային ցավով տառապող ՀՀՀ-ի խնդիրները: AATV-ի բաժանորդներիս զայրացնում է մեզ սպասարկող ընկերության անբարեխղճությունը մեր նկատմամբ: Չէ՞ որ հաճախորդի հետ կնքված է համապատասխան երկկողմ պայմանագիր, ուր նշված են կողմերի կոնկրետ պարտավորությունները: Ըստ այդմ, մասնավորապես, հաճախորդը պարտավոր է յուրաքանչյուր ամիս վճարել 20 դոլարին համարժեք դրամ, իսկ AATV-ն պարտավոր է ապահովել որոշակի 25 ալիքի հեռարձակում: Դրանց թվում են նաեւ «ՆՏՎ-ֆուտբոլ», «Եվրոսպորտ» եւ այլ ալիքներ: Սակայն աշխարհի առաջնության օրերին AATV-ն թերի է կատարում իր պարտավորությունները եւ, ինչպես վերը ասացինք, այն խաղերը, որ ՀՀՀ-ն է հեռարձակում՝ մեզ է հրամցնում ՀՀՀ-ի անորակ տեխնիկական մատուցմամբ եւ անճաշակ ու անսպասելի պահերին խցկվող գովազդներով: Վաղուց գաղտնիք չէ, որ մեզանում հասարակական արժեքների սանդղակի վերջին տողը զբաղեցնում է մարդը: Առաջին տեղում են պաշտոնը, փողը, ուժը: Ուստի պատահական չէ, որ սովորական մարդիկ անպաշտպան էակներ են դարձել իշխանության ու փողատերերի ձեռքին: Եվ եթե մենք մեզ չպաշտպանենք, ապա մեր փոխարեն ոչ ոք դա չի անի: Քաղաքացին ու քաղաքացիական հասարակությունը սկսվում է հենց նրանից, երբ նա կարողանում է պաշտպանել իր վճարած փողով իրեն մատուցվող ծառայության որակը: Ու ոչ մի տարբերություն չկա՝ վերաբերում է դա օղուն, գարեջրին, սիգարետին, ձեթին, թե «Ա1+» կամ ֆուտբոլ դիտելու իրավունքին: Է. ԱՐՄԵՆՅԱՆ Տհաճ անակնկալի առաջ կանգնեցին Հայաստանի ընդհանրապես բոլոր ֆուտբոլասերները՝ մենաշնորհային այս արշավների հետեւանքով։ Բոլոր խաղերը դիտելու հնարավորությունից զրկված լինելուց բացի, ստիպված ենք եղածներն էլ դիտել հայ մեկնաբանների մատուցմամբ, որոնք (ինչ172որ տեղ բացառությամբ Կարեն Գիլոյանի) պրոֆեսիոնալիզմով անհամեմատ զիջում են իրենց ռուս գործընկերներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել