Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԵՆՔ

Հունիս 08,2002 00:00

ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԵՆՔ Թերթերի համաշխարհային ասոցիացիայի (WAN) հերթական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Եվրոպայում գտնվելը հարմար առիթ էր մեր երկրում եղած-չեղածը լավագույն որակվածի հետ համեմատելու համար։ Այսպիսով, Եվրոպայում (Բելգիա, Ֆրանսիա) հայտնվելու առաջին իսկ օրերից հասկանում ես, որ «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» արտահայտությունը հումորի սուր զգացում ունեցողների համար է։ Սակայն ի վնաս մեր երկրի, առաջին համե մատությունը տրանսպորտն ու ճանապարհներն են։ Ավելի ճիշտ՝ տնտեսության այս ենթակառուցվածքը ոչ մի համեմատության չի դիմանում։ Հիշյալ երկրներում կիսախարխուլ կամ շոգեքարշի ծուխ արձակող որեւէ ավտոմեքենա չես գտնի։ Իսկ գնացքում, ինքնաթիռում, ավտոբուսում, ավտոմեքենայում հանգիստ կարող ես գրավոր գրել։ Մեքենաներն այնտեղ «շնչահեղձ» լինելով առաջ չեն շարժվում, սլանում են։ Անխտիր բոլորը։ Քաղաքների, արվարձանների, պուրակների մաքրությունը աչք է ծակում։ Հատկապես աղբառատ Երեւանից հետո Բելգիայի Բրյուգե փոքրիկ քաղաքում, թվում է, երբեք աղբ չի էլ լինում։ Մինչդեռ այստեղ զբոսաշրջիկները տեղացիներից միշտ շատ են։ Ընդհանրապես Բելգիայի քաղաքները թե մաքուր են, թե գեղեցիկ։ Օրինակ, դժվար է Բրյուգեի, Անտվերպենի որեւէ կետում հայտնվել ու չշշմել տեսարանի գեղեցկությունից։ Ամեն ինչ այնքան կոկիկ է կազմակերպված, որ դժվարությամբ ես հասկանում, թե այդտեղ, ասենք, շինարարություն է ընթանում։ Մեր երկրի հետ ակնհայտ տարբերություններից մեկն էլ այն է, որ եվրոպական երկրներում սրճարանների մատուցողները աշխույժ են, հաճախորդների հետ միշտ կատակներ են անում, հաղորդակցվում։ Իսկ բացօթյա սրճարանները կարծես թե մի առանձին հաստիք էլ հաճախորդներին «բռնել-սրճարան գցելու» համար ունեն։ Հայաստանում սրճարանների ու ռեստորանների մատուցողները նույնն են, հիմնականում «սառը», բայց բարձրակարգ։ Խանութների աշխատողները քաղաքավարի բարեւում, ընտրություն կատարելիս օգնում են բոլոր հաճախորդներին եւ նույնիսկ ապրանք չգնելու դեպքում «մուննաթ չեն գալիս»։ Կարեւորն այն է, որ, օրինակ, օծանելիքի խանութներում կարող ես նախօրոք բույրին ծանոթանալ (Հայաստանում, որպես կանոն, փակ են), անկախ գնից եւ գնել-չգնելուց։ Իսկ որ զբոսաշրջության համար ամենագլխավորն է, տեսարժան վայրերը գրեթե ամեն քայլափոխի են։ Որոնց շնորհիվ, այստեղ հնարավոր ամեն ինչի հաշվին փող են աշխատում թե՛ պետությունը, թե՛ քաղաքացիները։ Սակայն, բարեբախտաբար, բոլոր ոլորտներում չէ, որ Հայաստանը զիջում է Ֆրանսիային եւ Բելգիային։ Հատկապես սպասարկման ոլորտում անկախ Հայաստանի տարիներին ստեղծվածը բարձր հիմքի վրա է եւ նոր լինելու հաշվին ինչ-որ տեղ գերազանցում է եվրոպականին։ Օրինակ, վերջին տարիներին Հայաստանում կառուցված հյուրանոցները եւ ռեստորանները եվրոպական նույն կարգիների (ըստ աստղերի թվի) հետ համեմատած, միանշանակորեն չեն զիջում, երբեմն շատ ավելի բարձրակարգ են թե դիզայնի առումով, թե գույքի, թե սպասարկման։ Օրինակ, Փարիզն իրեն կարող է թույլ տալ քաղաքի կենտրոնում հյուրանոց ունենալ, որում գտնվելը նախորդ դար է քեզ տեղափոխում, սրբիչները բավականաչափ մաքուր, իսկ ծառայողը քաղաքավարի չեն։ Ավելին, Փարիզում, Բրյուգեում, Բրյուսելում տարվա որոշակի ժամանակաշրջանում հյուրանոցները գերհագեցած են։ Տաքսիներն ավելի վատ վիճակում են։ Հայաստանում այս ոլորտի միակ ակնառու խնդիրը մեքենաների տեխնիկական վիճակն ու տեսքն են։ Ուշանալու դեպքերը կարծես թե բացառված են, գինն էլ համեմատաբար մատչելի է։ Իսկ հիշյալ քաղաքներում կարող ես տաքսի պատվիրել ժամը 9-ի համար, որը եթե համաձայնի, կներկայանա 9.40-ին, որովհետեւ զբոսաշրջիկները շատ են, չեն հասցնում բոլորին սպասարկել, փողոցները ծանրաբեռնված են մեքենաներով։ «Snack bar»-երում (բիստրո) կուտակված անվերջանալի հերթերը վկայում են ոչ միայն զբոսաշրջիկների մեծ թվի, այլ նաեւ դանդաղ սպասարկման մասին։ Ամենաուշագրավն այն է, ինչ կատարվում է Change-երում։ 100 դոլարը միեւնույն քաղաքի մի կետում կարող են փոխել, ասենք, 104, մեկ այլ կետում՝ 88 եվրոյով։ Վերջինը, որովհետեւ արտասահմանցիներով լի ու առեւտրային խոշոր կենտրոններից մեկում էր, իսկ, օրինակ, 20 եվրոյի դիմաց կարող են առաջարկել ընդամենը 10-12 դոլար։ Ճիշտ է, Հայաստանում նույնպես տարադրամի արժեքը շուկան է որոշում եւ գործում է, այսպես կոչված, «լողացող կուրս», բայց մեր շուկայում տարադրամը երբեք այդքան տարածության մեջ «լող չի տալիս»։ Ինչը վկայում է նաեւ մեր երկրում արտարժույթի կայուն, բայց դանդաղ ու փոքր ծավալների մուտքի մասին։ Այսպիսով, այն տեսակետը, թե Հայաստանում զբոսաշրջիկները քիչ են, որովհետեւ մեր երկիրը պատրաստ չէ ավելի շատերին ընդունել, անհիմն է։ Փարիզն էլ պատրաստ չէ, բայց ընդունում է։ Իսկ մարդիկ գնում են, որովհետեւ տեսնելու շատ բան կա։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել