Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՑԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիս 08,2002 00:00

ԿԱՆԱՑԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դատական խարդավանքների արդյունքում Ալեֆտինա Տեր-Մանուելյանցի ընտանիքը զրկվել է տնից, որտեղ ապրում էին 18 տարի: Անօրինականությունների հիմքը դրել է Սպանդարյան ժողդատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը, որը մեկ վճռով ե՛ւ լքյալ տան կարգավիճակն է փոփոխել, ե՛ւ տան համար նոր սեփականատեր է գտել՝ Մարինե Կակոյանին: Դատաքննությանը հետեւողները միանշանակ պնդում են, որ ՀՀ գլխ. դատախազության եւ ՆԳՆ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ոչինչ չեն խնայել տիկնոջ բարեկեցությունն ապահովելու համար: «82թ. Բաքվից ընտանիքով տեղափոխվել ենք Երեւան, տուն էինք փնտրում գնելու նպատակով: Ինձ տվեցին Նեւրիկ Մինասյանի հեռախոսահամարը՝ ասելով, որ ցանկանում է վաճառել Իսրայելյան փողոցի 34 տան իր բաժինը: Տունը գնել եմ Նեւրիկ Մինասյանից, որն այդ տանը գրանցված միակ անձն է եղել եւ 82թ.-ից բնակվել ենք այնտեղ»,- պատմեց Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը: Նրա ասելով, գնելուց առաջ դիմել են իրավախորհրդատուի, որը բացատրել է, թե հնարավոր չէ տան առուվաճառք ձեւակերպել, քանի որ լքյալ շինություն էր համարվում եւ ընդգրկված չէր բնակելի տների ֆոնդում: «Տունը գնելու միակ երաշխիքն այն էր, որ 84թ. նա գրանցեց որդուս: Այն ժամանակ տղաս ուսանող էր եւ նրան հնարավոր էր ժամանակավոր գրանցել»,- հայտնեց տիկին Տեր-Մանուելյանցը: 91թ. Սպանդարյան շրջխորհրդի գործկոմի որոշմամբ Տեր-Մանուելյանցին իբրեւ Իսրայելյան 34 տան փաստացի տիրապետող գրանցել են նշված բնակարանում: Գրանցելու համար հիմք է հանդիսացել նաեւ հաշվետեխնիկական մարմինների տված տեղեկանքը, որ Իսրայելյան փողոցի 34 տունը անօրինական կառույց է եւ ոչ ոքի անվամբ գրանցված չէ: Տեր-Մանուելյանցին տան սեփականատեր ճանաչելու Երեւանի քաղաքապետի 98թ. մարտի 12-ի որոշումը մինչեւ կներկայացնեին Կադաստրին՝ սեփականության վկայագիր ստանալու համար, տունն արդեն նոր սեփականատեր ուներ: Վերադարձ «արմատներին» Արեւի լույսից զրկված, մեկդարյա կենսագրություն ունեցող Իսրայելյան 34 հասցեի հողաշեն այս տունը, որ համարվում է 1902-05 թ.թ. կառույց, թերեւս հետաքրքրի իբրեւ Հին Երեւանից մնացած հիշողություն: Սակայն արդեն 9 տարի դատական վիճաբանության թեմա է դարձել ո՛չ թե տունն իբրեւ անցյալի հիշողություն պահպանել-չպահպանելու, այլ՝ նրան սեփականության իրավունքով տիրանալու հարցը: Հորաքրոջ՝ Նեւրիկ Մինասյանի մահվանից չորս տարի հետո (նա մահացել է 89թ.) եղբոր աղջիկը՝ Մարինե Կակոյանը, որն այդ տարիներին աշխատել է Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում, փորփրել է իր արմատները եւ պարզել, որ նախնիները կես դար առաջ, ինչ-որ ժամանակահատվածում բնակություն են հաստատել Կոմսոմոլի (ներկայիս՝ Իսրայելյան) փողոցի 34 տանը: «Տունը մի թուրքից գնել է տատիկս: Տունն էլ տան նման չի, որ մենք այդքան տարի նյարդեր քայքայեցինք դրա համար»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց Մարինե Կակոյանը: Նրա ասելով, ուսուցչուհի Ալեֆտինա Տեր-Մանուելյանցի առնչությունը տան հետ այն է եղել, որ հորաքրոջ կենդանության ժամանակ նրան վստահվել է ընդամենը տան մաքրությունը: Ապա ավելացրեց, որ տ. Ալեֆտինան հորաքրոջը խնդրել էր ժամանակավոր գրանցել որդուն, որովհետեւ նա սովորում էր Բրյուսովի ինստիտուտում եւ Էջմիածնի խճուղում գտնվող իրենց տնից դժվար կլիներ ինստիտուտ հասնելը: «Ես այստեղ հարս եմ եկել 45թ., սա լքյալ շինություն էր եւ մինչ օրս մենք գրանցված բնակվում ենք, որովհետեւ չի հաջողվել տուն ստանալ»,- պատմում է Իսրայելյան 34 հասցեի ամենատարեց բնակիչը՝ Հայաստան տատիկը: Նա հիշում է, որ «ովքեր տուն էին ստանում՝ նրանց այլեւս թույլ չէին տալիս բնակվել այդ հասցեում: Բայց մարդիկ կան, որոնք, չգիտես ինչպես, կարողացան իրենցից հետո վաճառել»: Ըստ տնային գրքի, այս հասցեում մշտական բնակության իրավունքով բնակվել է Մ. Կակոյանի հորաքրոջ ընտանիքը: Նրանց 51թ. հողամաս է հատկացվել Վարդաշենի տարածքում, 72թ. նաեւ բնակարան են ստացել Մարգարյանց 29 հասցեում: Տարիներ հետո Ն. Մինասյանին հաջողվել է վերագրանցվել Իսրայելյան 34 հասցեում: 95թ. տեղի ունեցած դատաքննության ժամանակ վկաները՝ հարեւանները, դատարանում հայտնել են, որ Ն. Մինասյանն արդեն 25 տարի այդտեղ չէր ապրում, եւ 82թ. վիճելի տանը բնակություն են հաստատել Տեր-Մանուելյանցները մինչեւ 94թ.-ը՝ երբ նրանց առաջին անգամ վտարեցին: «Սա լքյալ շինություն է, այստեղից բոլորը տներ են ստացել ու գնացել, ոմանք կարողացան շինությունը պահել կամ վաճառել»,- հայտնել են նրանք: Տան կարգավիճակը ճշտված չէր, բայց… Իսրայելյան 34 տունը, որտեղ ավելի քան 18 տարի բնակվում էին Տեր-Մանուելյանցները, Սպանդարյան ժողդատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի 98թ. մայիսի 21-ի վճռով նոր սեփականատեր ունեցավ՝ Մարինե Կակոյանը: Կակոյանները վերջին անգամ դատարանում բողոքարկել էին Երեւանի Անշարժ գույքի կադաստր կենտրոն ՊՓԲԸ գործադիր տնօրենի մերժումը, որին դիմել էին Իսրայելյան 34 տան նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Տնօրեն Ա. Բագրատյանի գրության համաձայն, Կակոյանների դիմումը մերժվել է տան կարգավիճակը պարզված չլինելու պատճառով: Աիդա Հովհաննիսյանն արդեն իսկ մեկ անգամ՝ 1995-ին, 34 տան բնակիչներին մասնակից չդարձնելով Կակոյանների ներկայացրած հայցապահանջի՝ իրավական նշանակություն ունեցող փաստը ճանաչելու քննությանը, ճանաչել էր Կակոյանների սեփականության իրավունքը: Նրա կայացրած վճիռը ԳԴ-ի քաղ. կոլեգիան բեկանել էր վիճելի տանը հաշվառված եւ փաստացի բնակվող Տեր-Մանուելյանցներին դատաքննությանը մասնակից չդարձնելու եւ ապացույցների անբավարարության պատճառով: Սակայն այս անգամ նույնպես անտեսելով ե՛ւ ընտանիքի գոյությունը, ե՛ւ Երքաղխորհրդի գործկոմին որպես կողմ չներգրավելով դատաքննությանը, Կակոյաններին ճանաչել է տան սեփականատեր: Իր կայացրած վճռի պատասխանատվությունը նա վերագրել է ԳԴ-ի դատական կոլեգիայի 97թ. հունվարի 23-ի որոշմանը: «Դատական կոլեգիան հայցի քննության ժամանակ պարզել է նաեւ, որ ըստ արխիվային գործում եղած տվյալների, վիճելի տունը Ռամազանովի կողմից հայցվորուհու մորը վաճառելու ժամանակ եղել է օրինական կառույց եւ որպես սեփականություն ձեւակերպված է եղել Ռամազանովի անվամբ»,- իր վճիռը հիմնավորել է դատավորը: Դատարանն անտեսել է Կադաստր պետի գրությունը, որով բազմիցս տեղեկացրել է. «Քաղ. Աննիկ Կակոյանի եւ Ռամազանովի միջեւ 1946 թ. կնքված առուծախի պայմանագիր Իսրայելյան 34 տան արխիվային գործում չի պահպանվում»: Նշենք, որ դատական կոլեգիան եզրակացություններ անելու իրավասությամբ օժտված չի եղել երբեք: ՀՀ գլխավոր դատախազի հսկողական բողոքի հիման վրա ընդամենը բեկանել է Սպանդարյան ժողդատարանի 95թ. հոկտեմբերի 12-ի վճիռը եւ նրա խնդրանքով հայցը թողել է առանց քննության՝ շահագրգիռ անձանց հնարավորություն տալով ընդհանուր հիմունքներով հայց հարուցել դատարան: Նման հայցով հետագայում կողմերը դատարան չեն դիմել, քանի որ Հակոբ Կակոյանը 97թ. հուլիսին մահացել է, իսկ Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը ԳԴ-ի որոշման մասին տեղեկացել է միայն 99 թ.: Մեզ չվերապահելով ձեռագրաբան փորձագետի դերը, այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազի անունից ներկայացված հսկողական բողոքը ոչնչով չի հիշեցնում նախկին դատախազ Արտավազդ Գեւորգյանի ստորագրությունը: Այսինքն, դատական վեճն այդպես էլ իր լուծումը չի ստացել: Հետեւաբար, Սպանդարյան ժողդատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը չէր կարող առանց տան կարգավիճակը ճշտելու Կակոյաններին սեփականատեր ճանաչել: Իրավաբանների գնահատմամբ, Աիդա Հովհաննիսյանի վճիռը միանշանակ անօրինական է: Մեջբերենք նրանցից մեկի կարծիքը: «Հայցն անառարկելիորեն ենթակա էր մերժման, քանի որ Կակոյանները տունը դիտելով որպես ժառանգաբար իրենց հասանելիք գույք, չեն ունեցել այն ժառանգատուների սեփականությունը համարելու որեւէ փաստաթուղթ: Այն հաստատող բոլոր դատական վճիռները բեկանված են եղել»: Ինչեւէ, նոր սեփականատերը՝ Մարինե Կակոյանը, արդեն որոշում է ազատվել Տեր-Մանուելյանցներից՝ կորցրած ճանաչել նրանց բնակտարածության իրավունքը: Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 99թ. փետրվարի 26-ին քննել է նրա եւ Տեր-Մանուելյանցի հակընդդեմ հայցը եւ երկուսի պահանջն էլ մերժել է: Երկուսն էլ վերաքննիչ բողոք են ներկայացրել, սակայն առաջին ատյանի դատարանի «սխալը» չկրկնելու համար՝ ըստ որի Մ. Կակոյանի հայցը մերժվում է, քանի որ «Տեր-Մանուելյանցի բնակտարածության օգտագործման իրավունքը դատական կարգով դադարեցնելու համար օրենքով սահմանված փոխհատուցում հայցվորի կողմից չի առաջարկվել», քաղ. գործերի վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարածյանը կորցրած է ճանաչել Տեր-Մանուելյանցների բնակտարածության իրավունքը Երեւան քաղաքի Իսրայելյան 34 հասցեում: Եվս մեկ հաջողության հասնելուց հետո Մ. Կակոյանը դիմել է դատարան՝ այս անգամ «խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին՝ ազատել բնակարանն իրենց իրերից»: Վտարելու խնդիր չկար այլեւս, որովհետեւ շրջափակման մեջ դնելով արդեն իսկ հարկադրել էին լքել տունը: Դատախազությունն իր պատկերացումներն է ունեցել 93թ.-ից սկսած դատավարությունների ընթացքում կողմերը մեկընդմեջ «հաղթություն» ու «պարտություն» են գրանցել: Իրավաբանները գնահատելով գործի նյութերը, հիմնավորում են, որ ժողդատարանի մյուս վճիռների դեպքում, որոնք կայացվել են հօգուտ Կակոյանների, նույնպես առկա է եղել քաղ.դատ.օր.-ի մի շարք պահանջների անտեսումը, բայց դատախազությունը չի բողոքարկել: «Մնացի զարմացած, որ Սպանդարյան ժողդատարանի 95թ. հոկտեմբերի 12-ի վճիռը, որը կայացվել էր իմ օգտին, բեկանվել է: Դատարանում հայտնեցին, որ բեկանվել է ՀՀ գլխավոր դատախազի հսկողական բողոքի հիման վրա»: Դատախազության նման «ուշադրության» եւ օպերատիվության «գաղտնիքը» պարզելու համար ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի օգնությունն է հայցել: Վերջինիս գրությանն ի պատասխան 15.03.99թ. ՀՀ գլխ. դատախազի տեղակալ Արամ Խաչատուրյանը հայտնում է. «Դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ մեկ այլ գործով ՀՀ ԳԴ-ի քաղ. գործերի դատական կոլեգիայի 97թ. հունվարի 23-ի որոշմամբ հաստատված է, որ վիճելի տունը Ռամազանովի կողմից հայցվորուհու ամուսնու մորը՝ Ա. Կակոյանին, վաճառելու ժամանակ, եղել է օրինական կառույց եւ որպես այդպիսին ձեւակերպված է եղել նրա անվամբ»: Մեկ օր հետո՝ 16.03.99թ. Ա. Խաչատուրյանը եւս մեկ վճռաբեկ բողոք է գրում, հանկարծ գիտակցելով, որ դեռ անելիք ունի այդ ուղղությամբ՝ Սպանդարյան դատարանի 09.01.96թ. որոշումով Ա. Տեր-Մանուելյանցի բնակտարածության օգտագործման իրավունքը վերականգնված է, որն անհապաղ բեկանել է պետք: «Դատախազության աշխատակիցների հետ ստուգեցինք՝ մատյաններում նամակ-բողոք չկար, որին հղում անելով Ա. Խաչատուրյանը վճռաբեկ բողոք էր բերել: Նրանք էլ էին զարմացած, թե ինչո՞ւ պետք է իրար հաջորդած հանրապետության գլխավոր դատախազները բան ու գործը թողած՝ իմ գործին հետամուտ լինեին»,- ասում է Ալեֆտինան: Մեծ քաղաքի մեր անկյունը Տեր-Մանուելյանցներին տնից վտարել են երեք անգամ: «Առաջին անգամ վտարեցին 93թ.-ին: Գնացել էի թաղային լիազորի մոտ ինչ-որ տեղեկանքի համար: Նա ինձ հայտնեց, որ եկել են տնից վտարելու: Շտապեցի Սպանդարյանի ժողդատարան եւ հասա այն պահին, երբ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը աշխատակիցներին ցուցում էր տալիս՝ կամովին չազատելու դեպքում իրերը հանեն փողոց եւ տունն ազատեն: Իմ խնդրանքը՝ ժամանակ տրամադրել, որպեսի պարզեմ ինչո՞ւ են վտարում՝ չլսեց: Վերադարձա տուն եւ փորձում էի ինչ-որ կերպ պահպանել փողոց նետված կահույքը, ինձ հուշեցին, որ դատարանից կասեցման որոշում բերեմ: Իրերը փողոցում թողնելով, ոտաբոբիկ, շփոթահար, վազեցի ԳԴ եւ աշխատակիցների միջոցով ԳԴ նախագահ Տարիել Բարսեղյանին տեղեկացրի կատարվածի մասին՝ հայցելով նրա միջամտությունը: Տ. Բարսեղյանը կասեցման որոշում կայացրեց, որը ներկայացրի Սպանդարյան դատարանի նախագահ Տ. Սահակյանին, սակայն նա անտեսելով որոշումը՝ կարգադրեց իրերը բակ նետել»,- տնից առաջին անգամ վտարելու պատմությունը վերհիշում է տիկին Ալեֆտինան: «Դուրս շպրտելուն էլ ձեւ կա: Ալեֆտինային դուրս գցեցին շորերը պատռելով, ոտքերից քաշ տալով: Հետեւից դուրս նետեցին ամանեղենը, բայց ոչ արժեքավորները: Նրա տանը թանկարժեք իրեր կային, որը շատ քչերը կարող են ունենալ: Սարսափելի էր այդ ամենը, ես լաց եղա: Ալեֆտինան մեկ ամիս մեր տանն էր մնում, աղջիկը՝ մյուս հարեւանի»,- պատմում է հարեւանուհին: Տիկ. Ալեֆտինան ավելացրեց, որ առավոտյան կրկին ներկայացել է ԳԴ նախագահին, որն իրեն լսելուց հետո հսկողական բողոք է բերել: ԳԴ-ի քաղ. գործերի դատական կոլեգիան կրկին բեկանել է ժողդատարանի վճիռը եւ ուղարկել նոր քննության: Սպանդարյան դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը 95-ին քննել է հայցը՝ կրկին դատաքննությանն իրենց մասնակից չդարձնելով: «Մեզ նորից վտարեցին տնից, իրերը մնացին փողոցում եւ, պարտադրված չնչին գումարով վաճառեցի ճաշասենյակի ու ննջասենյակի կահույքը, իսկ մնացյալը՝ տեղավորեցի հարեւանների մոտ, մենք նույնպես նրանց մոտ էինք ապրում»,- ավելացրեց Ալեֆտինան: ԳԴ նախագահի բողոքի հիման վրա այս վճիռը նույնպես բեկանվել է, նոր դատաքննությամբ վերականգնվել են նրանց իրավունքները եւ 96թ. վերահաստատվել են տանը: Պարզվում է, դա վերջին վտարումը չէր: 98թ. դեկտեմբերյան մի օր տնից դուրս են եկել եւ այլեւս չի հաջողվել ներս մտնել: «Մեր բացակայությամբ կոտրել էին տան դուռն ու փականը փոխել: Դրանից առաջ անջատեցին հոսանքը, ջուրը, գազը, հեռախոսը»: Շարունակելի ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ Հետաքննող լրագրողների ընկերակցության www.heng.am էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930