Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐՎԱԳՆԵՐ 9/9ա ՇԵՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունիս 08,2002 00:00

ԴՐՎԱԳՆԵՐ 9/9ա ՇԵՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ Շենքը շահագործման պետք է հանձնվեր 1998-ին «Սեւուկը» յուրացրել է փողերը եւ անհետացել 1998 թ. սկսվեց Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 9/9 ա բնակելի բարձրահարկ շենքի շինարարությունը, որը պետք է ավարտվեր նույն թվի դեկտեմբեր ամսին: Շահագործման հանձնելու ժամկետը մի քանի անգամ հետաձգվելուց հետո էլ այն առայսօր անավարտ է: Շինարարությունն իրականացնում էր «Հայուրալսիբշին» կազմակերպությունը (նախագահ՝ Լեւոն Հարությունյան): «Ելնելով տրված խոստումներից եւ հաշվի առնելով, որ «Հայուրալսիբշինը» աղետի գոտում միակ ռուսական կազմակերպությունն է, ժամանակին իր համեստ ներդրումն է ունեցել քաղաքի վերակառուցման գործում եւ նկատի ունենալով ձեռնարկության ֆինանսական վիճակը՝ մեր կողմից չկիրառվեցին պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները: Ցավոք, մեր մեղմ մոտեցումը ոչ մի կերպ չգնահատվեց: Ներկա դրությամբ «Հայուրալսիբշինի» կողմից կատարված աշխատանքների փաստացի վճարումները կանխավճարի տեսքով եւ կատարողականը շինարարության սկզբից կազմում է 380մլն դրամ, իսկ փաստացի վճարումները կանխավճարի տեսքով եւ կատարողականի դիմաց կազմում է 390մլն դրամ: Ձեռնարկությունը, բացի օբյեկտի շահագործման ժամկետների խախտումից, չի փակել նաեւ 1998թ. ստացած կանխավճարի պարտքը՝ 10 մլն դրամ, եւ օբյեկտի շինարարական աշխատանքները դադարեցվել են»,- նշեց Հրայր Կարապետյանը: 2001թ. մարտին չարաբաստիկ 9/9ա շենքի պատվիրատուն՝ քաղաքապետարանը որոշում է դիմել Շիրակի մարզի դատախազություն՝ խնդիրը կարգավորելու եւ մեղավորներին պատժելու համար: Քաղաքապետարանի կողմից ուղարկված նամակի հիման վրա դատախազությունում նախատեսված նյութերով նշանակվում է մասնագիտական ստուգում, որն իրականացնում են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մասնագետները: Արդյունքում պարզվում է, որ շինարարության ընթացքում «Հայուրալսիբշինի» նախագահ Լեւոն Հարությունյանի (մականունը՝ «Սեւուկ») կողմից արձանագրվել է խոշոր գումարի յուրացման դեպք: 2001թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 90 հոդվածի 4-րդ մասով հարուցվում է քրեական գործ՝ «Հայուրալսիբշինի» նախագահ Լեւոն Հարությունյանի կողմից Սայաթ-Նովա 9/9ա շենքի 157քմ ազատ տարածքը «Հենրիկ» ֆիրմայի տնօրեն Մաթեւոս Մարկոսյանին հատկացնելու դիմաց 10մլն 770 հազար դրամ արժողությամբ 52.68տ ամրաններ ստանալու համար: Սրանք շենքի շինարարության մեջ ամրագրված չեն եղել, եւ գումարը յուրացվել է: Լ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հանրապետական հետախուզում, ավելի ճիշտ, գործերն արդեն հանձնվել են Ինտերպոլին: Այս ամբողջ պատմությունում ամենախայտառակ դրվագը, ճիշտն ասած, քաղաքապետարանի ուշացած դիմումն է դատախազությանը եւ վերջինիս վճռական գործողությունների 6-ամսյա ձգձգումը: Այս մտքի հետ երկու կառույցներն էլ բնականաբար համաձայն չէին: Ըստ պրն Կարապետյանի, իրենք մեկ անգամ եւս հավատացել էին Լ.Հարությունյանի 2001թ. հուլիսին «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում արած հայտարարությանը, որ վերջինս մեկնում է Մոսկվա, որպեսզի տեղում լուծի գումարային խնդիրներն ու ապահովի ձեռնարկության հետագա գործունեությունը: Իհարկե, ոչ ոք չէր ենթադրում, որ այս անգամ «Սեւուկը» վերջնականապես «կթռնի»: Չնայած քաղաքում բոլորը խոսում են, որ նա Մոսկվայում է: «Եթե ինձ թույլ տային աշխատել եւս մեկ տարի, ես ավարտին կհասցնեի շենքի շինարարությունը»,- սա քաղաքապետարանի ճարտարապետության եւ շինարարության բաժնի նախկին պետ, հետագայում «Հայուրալսիբշին» Պ/Ձ փոխտնօրեն Ռաֆիկ Հակոբջանյանի խորին համոզմունքն էր եւ նրա հետ կայացած զրույցի ամփոփումը: Իսկ նույն բաժնի ներկայիս պետ Հրայր Կարապետյանի կարծիքով, եթե բնակիչները մուծեն 7մլն դրամ, ապա մնացած 4 մուտքը եւս կհանձնվի շահագործման ու Սայաթ-Նովա 9/9ա շենքի շինարարությունը կարելի կլինի համարել ավարտված: Այսօրվա դրությամբ սա դեռեւս հարց է: $300՝ բանալու դիմաց Քաղաքի կենտրոնում բնակարան ունենալու հույսը 14 տարի փայփայած թվով 59 բնակիչների մի մասի մեջ կասկածներ կան ոչ միայն շենքի շինարարության ավարտման, այլեւ սեփական բնակարաններին տեր դառնալու հետ կապված: Նրանցից Լիդա Գյոդակյանը, եթե շարունակի պայքարը, թերեւս տեր դառնա վիճակահանությամբ իրեն հասած 3 սենյականոց բնակարանին. «Իմ բնակարանը գտնվում է այն մուտքում, որը շահագործման հանձնվեց 2000թ. ապրիլի 16-ին, սակայն մինչ օրս ոչ բանալի են տվել, ոչ՝ օրդեր: 1998-ին 50 դոլարի չափով պահանջվող մուծումը կատարել եմ, 1999թ. մուծել եմ տրամադրված վարկի մեկ տոկոսը, չնայած սրան, 2000թ. դեկտեմբերի 12-ին քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնից ստացել եմ զգուշացում, որ եթե մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 25-ը չկատարեմ ինձ հասանելիք կանխիկ գումարի վճարումը, կզրկվեմ բնակարան ստանալու իրավունքից: Հիմա էլ 300 դոլար են ուզում, որպեսզի բնակարանիս բանալիները տան»: Կանխիկ գումարի վճարումից հրաժարվելու մի քանի բնակիչների հայտարարությանը, որ իրենք թոշակառու են եւ չեն կարող վճարել, բնակիչներից ստեղծված հանձնաժողովի քարտուղար Աիդա Գրիգորյանը խորհուրդ է տվել հրաժարվել բնակարաններից. «Չունեք՝ հրաժարվեք, սա հարուստների շենք է,- իսկ հետո էլ արդարացման կարգով ավելացրեց,- բա որ կենտրոնում եք տուն ստանում»,- մոռանալով, որ այդ մարդիկ, նույն այդ կենտրոնում են տուն կորցրել: Նույն Աիդա Գրիգորյանը 2 անձով 2 սենյականոց բնակարանի դիմաց ստացել է 3 սենյականոց բնակարան, հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ չմուծելով հավելյալ 1 սենյակի համար նախատեսված 2000 ԱՄՆ դոլարը: Գայանե Թարզյանը 1 սենյականոց բնակարանի բանալին ձեռք բերելու համար պետք է վճարի 250 ԱՄՆ դոլար: «Իմ բնակարանը նույնպես հանձնած մուտքից է: Հերթական ժողովներից մեկի ժամանակ Նուշիկը («Գյումրու վերականգնող» կոոպերատիվի հաշվապահ) հայտարարեց, թե մուծեք՝ ձեր վարկերի գումարներից դուրս կգանք: Նույն ժողովի ժամանակ կոոպերատիվի նախագահ Մկրտիչ Գրիգորյանը ժխտեց, ասելով, որ դա վարկի գումարների հետ կապ չի ունենալու: Այդ օրվա ժողովը ավարտվեց Նուշիկի ու Մկրտիչի կռվով, եւ մենք այդպես էլ չհասկացանք, որ մուծենք՝ մեր վարկի գումարներից դուրս գալո՞ւ են, թե՞ չէ»: Հաջորդ օրը, երբ Գայանեն հայտնել է, որ չի կարող վճարել պահանջվող գումարը, վերջինիս առաջարկել են հրաժարվել բետոնե հատակից, դռներից, պատերի գաջապատումից եւ այլն: Երբ Գայանեն այդ ամենը փորձել է գրավոր վավերացնել, 3 ամիս ձգձգելուց հետո հանձնաժողովի նշված երեք անդամները մոռացության են տվել իրենց պահանջը: Աիդա Թումանյանը, որը շահագործման հանձնված մուտքերից թիվ 59 բնակարանի բնակարանատերն է, իր մեկ սենյականոցի տերն է դարձել վիճակահանությամբ, միայն թե այդ բառի ոչ ուղիղ իմաստով, քանզի նախնական համարը, որը բաժին էր ընկել տիկին Թումանյանին, ոչ թե 59 էր, այլ 58 եւ սենյակների թիվը ոչ թե մեկ էր, այլ երկու: Ինչեւէ, տիկին Աիդան եւս պահանջվող դոլարները չունենալու պատճառով տան բանալիները կարող է տեսնել միայն երազում: Ասում են, որ այսպես ասած «տարբերություն» կա ոչ միայն բնակարանատերերի, այլեւ բնակարանների բնակմակերեսների միջեւ: Օրինակ, բնակչուհի Ամալյա Սիմոնյանի 2 սենյականոց բնակարանը 8-10 քմ-ով զիջում է մնացած 2 սենյականոցներին: Հետաքրքիր է՝ ում բնակարանի համար են ոտնահարվել վերջինիս բնակարանատիրոջ իրավունքները: Հաջորդ աչք ծակող փաստն այս շենքում այն է, որ հանձնաժողովի անդամները, չգիտես ինչ հրաշքով, վիճակահանությամբ տեր են դարձել 2-րդ հարկի լավագույն դիրք ու առավելագույն քանակությամբ սենյակներ ունեցող բնակարաններին: «Գյումրու վերականգնող» կոոպերատիվի նախագահ Մկրտիչ Գրիգորյանը, որը բոլոր տեսակի խնդիրները լուծում է «եթե բողոքեք, դուրս կմնաք ցուցակներից» զգուշացումով, 4 սենյականոց բնակարան ունի նույն այդ շենքում, շահագործման չհանձնված մուտքերից մեկում եւ, լավատեղյակ մեկի պնդմամբ, ոչ միայն կատարել է ներքին հարդարման աշխատանքները, այլեւ հասցրել վաճառել (վերջին փաստը «Գյումրու վերականգնող» կոոպերատիվի նախագահ Մկրտիչ Գրիգորյանը ժխտեց): Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Հովհաննես Փորսուղյանը, կիսավարտ 4-րդ մուտքի 2-րդ հարկում արդեն իսկ բնակվում է: Ուրեմն ինչն է պատճառը, որ 18 բնակիչներից 4-ը երկու տարի է չեն կարողանում ստանալ բնակարանների բանալիները: Ինչպես է ստացվել, որ Սայաթ-Նովա 9/9ա շենքում կան սենյակների նույն թվային քանակությամբ, սակայն իրարից տարբեր բնակմակերես ունեցող բնակարաններ, որոնց համար վարկային գումարը, այսինքն՝ 1քմ-ի արժեքը, նույնն է: Կամ ինչի համար բնակարանները բաշխել վիճակահանությամբ 1998-ին Գյումրու «Շախմատի տանը», եթե օրենքներից ու սեփական իրավունքներից գլուխ չհանող բնակչին բաժին հասած բնակարանը հնարավոր է փոխել, պատճառաբանելով, որ նրան հասնում է այնքան, որքան կորցրել է: Այնինչ, բնակարանների բաշխման այդ կարգը հաստատվել է միայն 1999թ. հունիսի 10-ին, ՀՀ կառավարության թիվ 432 որոշմամբ: Սայաթ-Նովա 9/9ա շենքը ամբողջությամբ կհանձնվի շահագործման, եթե հայթայթվի պակասող 7-ից 10 մլն դրամ գումարը: Սույն շենքի բնակարանների բանալիները գտնվում են «Գյումրու վերականգնող» կոոպերատիվի հաշվապահ Նուշիկի մոտ, բնակիչները դրանք կարող են ստանալ միայն պակասող 7մլն-ը հավաքելուց հետո: Շենքի ճակատագիրն առայժմ անհայտ է, ակնհայտը այս շինության մեջ շահագործման հանձնված 2 մուտքն են: Եթե 14 տարի բնակարանի սպասող բնակիչները չգտնեն անհրաժեշտ գումարը, ապա, ամենայն հավանականությամբ, բնակարանները կտրամադրվեն ավելի վճարունակ քաղաքացիների: ԵՐԱՆՈՒՀԻ ՍՈՂՈՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն Հոդվածն ամբողջությամբ կարդացեք www.heng.am հասցեում: Հ. Գ. Բնակիչների՝ իրենց իրավունքները պաշտպանելու միակ նախաձեռնությունը՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանին դիմումն էր: Իսկ 2002թ. փետրվարին այս խնդրին լրատվամիջոցների անդրադարձից հետո ապրիլին, առանց բնակիչների համաձայնության, կոոպերատիվի նախագահ Մկրտիչ Գրիգորյանին փոխարինում է վարչության անդամ Հովհաննես Փորսուղյանը: «Էշը չէ՝ պոչը»,- կասեին գյումրեցիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930