Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ

Հունիս 08,2002 00:00

ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ Այս հրապարակումը չէր հայտնվի մամուլում, եթե առողջապահության նախարարը, հակածխախոտային արշավ սկսելով, ամբոխավարական ճառերի քիչ տրվեր: Հնչում են է՛լ ենթադրություններ ու համոզվածություն, թե «Գովազդի մասին» օրենքում կատարվող փոփոխությունը խորհրդարանում դիմադրության կհանդիպի, է՛լ անհասցե բարոյագիտության դասեր, թե «ոչ կոռեկտ է շահի մասին խոսել, պետք չէ շահն ու առողջությունը նժարներին դնել, մարդկանց առողջությունը գերակա է», է՛լ մարտական նախապատրաստություն-բացահայտումներ, թե ԱԺ-ում օրենքն «անցկացնելու» լավագույն ձեւը «լրջագույն վիճակագրություն» ներկայացնելն է: Հուզվել կարելի է: Հայաստանում, խորհրդարանում, նույնիսկ ծխախոտ ներմուծող-արտադրողների շրջանում որեւէ մեկը դե՞մ է ծխախոտի գովազդ արգելելուն: Ո՞վ է նախաձեռնությանը հակադրվել կամ գոնե ընդդիմախոսել, որ առողջապահության նախարարությունն ու կառավարությունը իբր թե հիվանդությունների թվի աճով ու գենոֆոնդի ապագայով մտահոգ` պայքարի դրոշ են թափահարում: Ում դե՞մ: Ոչի՞նչ, որ իրենք հակառակորդ չունեն: Պատկերացնում եմ, կառավարությունում ու նախարարությունում սրտի ինչ կսկիծով են կարդալու ներքոշարադրյալ տողերը. «Գրանդ Տոբակո» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը ոչ միայն կողմնակից է ծխախոտի գովազդը արգելելուն, այլեւ դեռ 2000-ի հունիսին անձամբ պաշտոնական նամակով դիմել է առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանին. «Հայ-կանադական «Գրանդ Տոբակո» ՀՁ ՍՊԸ-ն կարեւորում եւ առաջնային է համարում մեր ազգի առողջության պահպանման հարցը, ուստի պատրաստակամություն է հայտնում ներդնելու իր ֆինանսական միջոցներն ու մասնագիտական կարողությունները` աջակցելու ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարվող ծխելու դեմ ուղղված հետեւողական քաղաքականությանը զանգվածային լրատվամիջոցներում եւ հեռուստաեթերում»: Նամակը թողնվել է անարձագանք: Ինչու՞, թեմա՞ն էր անհետաքրքիր, թե՞ առաջարկվող ֆինանսներն էին ավելորդ: Մեկ տարի անց՝ 2001-ի սեպտեմբերին, «Գրանդ Տոբակոյի» կողմից նոր նախաձեռնություն է ցուցաբերվում՝ երկկողմ համաձայնագրի նախագիծ է պատրաստվում եւ ուղարկվում առողջապահության նախարարություն, որով «Գրանդ Տոբակոն» պարտավորվում է. «2.1.1 Մշակել եւ ներդնել ծխելու դեմ պայքարի ծրագրեր, 2.1.2 Բնակչության լայն խավերի եւ գործարար մարդկանց ուշադրությունը գրավել ծխելու վնասակար ազդեցության վրա»: Առողջապահության նախարարությունից ընդամենն ակնկալվում է. «2.2.1 Աջակցել «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ին իրականացնելու ծխելու դեմ պայքարի ծրագրերը, 2.2.2 Անհրաժեշտության դեպքում «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ին ապահովել մասնագիտական խորհրդատվությամբ»: Նախարարության պատասխանը նորից լինում է ձայն բարբառո յանապատի: Թող ծխելու դեմ պայքարի առաջամարտիկ դարձած նախարարը բացատրի, թե ինչու՝ չկային հիվանդություննե՞ր, մտահոգությո՞ւն, թե՞ նախանձախնդրություն: Չթվարկենք պրն Վարդանյանի նույնաբովանդակ մնացյալ քայլերը, որովհետեւ դրանք բոլորն էլ միտումնավոր անարձագանք են թողնվել: Ուղղակի ճշմարտությունը պետք է ասվի՝ եթե մինչ այժմ ծխախոտի գովազդը չի արգելվել Հայաստանում, ապա՝ «շնորհիվ» առողջապահության նախարարի կամ նախարարության: Քիչ է ասել՝ անհամոզիչ է, ուղղակի երեսպաշտություն է, երբ կառավարության չինովնիկներն այսօր հասարակության մասին մտահոգվողի կեցվածք են ընդունել, ծխախոտ արտադրողներին էլ ըստ հարկի ջանալով իրենց ազնիվ մղումների հակառակորդ ներկայացնել: Նույնն պատկերն է եւ ներմուծողների պարագայում: Խորհրդարանում հարկ կլինի դիմադրություն հաղթահարե՜լ, չգիտես ինչ հեքիաթնե՜ր… Խորհրդարանում դիմադրության մասին անհիմն ենթադրություններ տարածելով՝ պարզ է, թե ում են անուղղակի ակնարկում: Նախ «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանին, թերեւս ինչ-որ տեղ էլ՝ «Արսօյլի» նախագահ Գուրգեն Արսենյանին: Սակայն զավեշտական չէ՞ր լինի, եթե չինովնիկները, թեկուզ կառավարական պորտֆելներ ունեցող, որ տարիներով անկարող են տարրական աշխատավարձերի վճարման խնդիր լուծել, ավելի ժամանակ, միջոցներ կամ շահագրգռություն ունենային որեւէ հասարակական խնդրով զբաղվելու, քան մարդիկ, որոնց վաղուց հաջողությունն է ուղեկցում թե՛ բիզնեսում, թե՛ հասարակական կյանքում: Եթե չինովնիկները Առողջապահության համաշխարհային կազմակերպության ճնշման ներքո ծխելու վնասների մասին թութակելուց անցել են գործի, թող գիտակցեն, որ իրենք միայն եզրափակում են պայքարելու պատրաստակամ անձանց շարքերը: Խաչատուր Սուքիասյանն իր խոսքերով «ողջունում է եւ լիովին դրական է վերաբերվում ծխախոտի գովազդը սահմանափակող օրինագծին, որ ներկայացվելու է ԱԺ: «Դա վաղուց պետք է արվեր, նույնիսկ ուշացել ենք: Մեզանում էլ պետք է հաստատվեն, գործեն եւ հարգվեն նորմերը, որ ընդունված են աշխարհում: Միանշանակորեն պետք է սահմանափակվի ուղղակի գովազդը, հակագովազդն էլ պետք է համապատասխանեցվի ներկայացվող պահանջներին: Միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է՝ հակագովազդում չի կարող հակագովազդ իրականացնող ընկերության անուն հնչել, այլապես դա ստացվում է անուղղակի գովազդ: Ես կողմնակից եմ ներկայացված սահմանափակումների օրինագծին եւ ծխելու դեմ պայքարին ընդհանրապես»: Գուրգեն Արսենյանի վերաբերմունքը «Գովազդի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններին նույնպես դրական էր: Մնում է միայն սպասել ու տեսնել, թե խորհրդարանում ում են համոզելու գոնե ձեւի համար Արարատ Մկրտչյանին հակաճառել, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա «դիմադրություն հաղթահարել՝ լրջագույն վիճակագրություն ներկայացնելով»: Թե՞ կառավարությունում կընդունեն, որ իրենք հողմաղացների դեմ են պայքարում: Այն էլ՝ բավականին զավեշտական կերպով: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930