Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Ջհանգիրյանը լռում է

Հունիս 08,2002 00:00

Իսկ Ջհանգիրյանը լռում է Երկուշաբթի ԱԺ-ում, խորհրդարանի կանոնակարգ-օրենքի համաձայն, պետք է քննարկվի նախագահ Ռ.Քոչարյանի պաշտոնանկության հարցը: Այս շաբաթ համառ լուրեր էին պտտվում, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ու ԱԺ «Միասնություն», «ՀՅԴ» եւ այլ՝ այդ հարցում խիստ շահագրգիռ, պատգամավորական խմբերի ղեկավարների հետ ծանրութեթեւ են արել Քոչարյանի պաշտոնանկության քննարկումը տապալելու բոլոր հնարավոր ճանապարհները: «Ինստրուկտաժն», ըստ մեր տեղեկությունների, արվել է բարձր մակարդակով: ԱԺ-ում հատկապես «Հոկտեմբերի 27»-ի համատեքստում ծնված՝ նախագահի պաշտոնանկության հարցի քննարկմանը սկիզբ դնելուն զուգահեռ, «27»-ի գործով ընթացքող դատաքննության ժամանակ, տուժող օրենսդիրները հանդես եկան ցուցմունքներով, որոնք ոչ այլ ինչ էին, քան ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ՝ հասցեագրված երկրի նախագահին եւ Դաշնակցությանը: Տուժող պատգամավորներից ե՛ւ Վ. Դալլաքյանը, ե՛ւ Ա. Բարսեղյանը, ե՛ւ Գ. Թադեւոսյանը նույնիսկ որոշակի վարկածներ առաջ քաշեցին՝ կապված ե՛ւ ԶԼՄ-ների հրապարակումների, ե՛ւ քաղաքական առանձին ուժերի, ե՛ւ կոնկրետ գործիչների հետ: Ավելի վաղ Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի՝ «27»-ի կազմակերպմանն առնչություններ ունենալու մասին հայտարարել էր նաեւ ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը՝ ակնարկելով, թե գոյություն ունեն իրեղեն, բայց դեռեւս ի հայտ չեկած ապացույցներ, որոնք կարող են լույս սփռել «27»-ի ամբողջական բացահայտման վրա՝ ոճրագործության կազմակերպմանն առնչություններ ունեցողներին ի հայտ բերելու իմաստով: Որ դրանք կան՝ վկայում են գործի նյութերում առկա եւ դատաքննությամբ ձեռքբերված ցուցմունքները: Իսկ դրանով, այսպես կոչված՝ «անջատված մասով», ինչպես հայտնի է, արդեն շուրջ երկու տարի Զինդատախազությունն, իբր, զբաղված է: Բայց, ի տարբերություն «27»-ի մայր գործի, այս դեպքում հանրությանը բացարձակապես ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ անջատված մասով նախաքննությունը պարբերաբար երկարաձգվում է: Թե ինչո՞ւ, կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, ինչո՞վ է պայմանավորված այդ երկարաձգումը՝ պարոն զինդատախազը լռում է, թեեւ նույն ինքը՝ Գագիկ Ջհանգիրյանը ժամանակին դեմ չէր ոչ ասուլիսներին, ոչ հրապարակումներին եւ ոչ էլ զոհերի հարազատներին նախաքննության ընթացքի մասին որոշակի տեղեկություններ տրամադրելուն: Հայտնի չէ նաեւ, թե անջատված մասով արդյոք հարցաքննվե՞լ են վերը հիշատակված եւ որոշակի վարկածներ առաջ քաշած օրենսդիրները: Կամ քննարկվո՞ւմ է արդյոք «27»-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ոճրագործությանը առնչությունների վարկածը, որի մասին այսօր ոչ միայն հասարակությունն է խոսում, այլեւ արդեն տուժող օրենսդիրներն իրենք: Թերեւս՝ ոչ, եւ ճիշտ այնպես, ինչպես մինչ օրս չեն հարցաքննվել ոչ «կասկածող» Մ.Սաղաթելյանը, ոչ «27»-ին վերաբերող ձայներիզին մասին որոշակի տեղեկություններ ունեցող ՆԳՆ գործակալ «Շեյթանը»: Թերեւս, պետք է ենթադրել, որ «27»-ի անջատված մասը կամ միայն միֆ է, կամ Գ.Ջհանգիրյանն է կաշկանդված այնպես, ինչպես կաշկանդվել էր 2000-ի ապրիլին, երբ Ռ.Քոչարյանը նրան այդպես էլ թույլ չտվեց մասնակցել ԱԺ լսումներին: Համարե՞լ, որ անջատված մասով «գրասենյակը մեռավ»՝ կարող է ասել միայն Գ.Ջհանգիրյանը, որը դեռ լռում է: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել