Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՊԻՏԻ ՓԱՐԱՏՎԵՆ

Հունիս 08,2002 00:00

ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՊԻՏԻ ՓԱՐԱՏՎԵՆ Ընդամենը երկու օր առաջ փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը, որ ստանձնել է ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի պաշտպանությունը, ստացել է դեռ մայիսի 31-ին իր պաշտպանյալի նկատմամբ կայացված դատավճիռը: Նույն օրը` մեկնաբանելով Մ.Սաղաթելյանին 7 տարի ազատազրկման դատապարտելու մասին դատավոր Վ.Լալայանի կայացրած վճիռը, պրն Գրիգորյանն այն «ցինիզմ» էր որակել: Երեկ վերջինս ասաց, թե իր այդ գնահատականը, առավել եւս` դատավճռի ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո, ամրապնդվել է: Իսկ դատավճիռը նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրական եզրակացության, մեղադրական ճառի ուղղակի կրկնօրինակն է՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս: «Ցավոք, դատավճռի մեջ տեղ են գտել արտահայտություններ, որոնք հակառակ Քրդատօրի 365 հոդվածի պահանջների, այդպես էլ պատճառաբանված չեն: Օրինակ՝ ինչո՞ւ է Մ.Սաղաթելյանին առաջադրված այս կամ այն մեղադրանքը դատարանը համարել հաստատված, երբ պաշտպանական կողմը դրանց առնչությամբ առարկություններ էր ներկայացրել, ինչո՞ւ է դատարանը դրանք անհիմն գնահատել՝ փոխարենն ընդունելի համարելով մեղադրականի պնդումները»,- ասաց Ռ.Գրիգորյանը՝ նկատի ունենալով իր այն առարկությունները, որոնք վերաբերում էին առաջադրված մեղադրանքներում հանցակազմի բացակայությանն ու Քրդատօրի բազմաթիվ հոդվածների պահանջների, առանձին դեպքերում՝ նյութական իրավունքին առնչվող խախտումներին, որոնք առկա են գործի նյութերում եւ դատավճռում: Փաստաբանը շարունակում է պնդել, որ Մ.Սաղաթելյանին վերագրված մեղադրանքների որեւէ դրվագում, գործողություններում հանցակազմ չկա: Մենք դրանք, փաստաբան Ռ.Գրիգորյանի օգնությամբ, հիմնավորել ենք բազմաթիվ հրապարակումներով, ուստի՝ չենք անդրադառնա: Բայց չենք կարող շրջանցել մի փաստ, որը տեղ էր գտել եւ մեղադրական եզրակացության մեջ, կա նաեւ դատավճռում: Խոսքը 95-ին Բուսաբանական այգում գնդապետներին բռնությունների ենթարկելու դրվագին է վերաբերում: Այդ դրվագով իբրեւ տուժող էին ճանաչվել քաղաքացիներ Յուրա Մխիթարյանն ու գնդապետ Ժորա Գրիգորյանը: Վերջինս այդ դեպքերի ժամանակ ծեծի ենթարկված սպաներից միակն էր, որ ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել. ջարդվել էր նրա ծնոտը: Սակայն դատաքննության ընթացքում երկուսի տված ցուցմունքներից պարզ դարձավ, որ Մ.Սաղաթելյանն անձամբ նրանց չի ծեծել, բայց, չգիտես ինչու, թե՛ մեկը, թե՛ մյուսը ՔՊԻՎ նախկին պետի գործով տուժողներ են ճանաչվել: Մեր այն հարցին, թե կոնկրետ Ժ.Գրիգորյանին այս գործով որպես տուժող ճանաչելը պայմանավորված չի՞ եղել արդյոք նրանով, որ ծեծի ենթարկված մյուս անձինք միայն թեթեւ մարմնական վնասվածքներ ունեին, իսկ այդ մասով պատժաչափն այլ էր պահանջվելու, իսկ Ժ.Գրիգորյանի դեպքում հասցված մարմնական վնասվածքը «ծանրերի» թվին էր դասվում, փաստաբան Ռ.Գրիգորյանը նկատեց. «Միանգամայն ճիշտ եք նկատել: Դա ֆոն ստեղծելու, հասարակական կարծիք ձեւավորելու նպատակ է ունեցել: Երբ այս տուժողներն իրենք դատարանում հայտարարեցին, որ Մ.Սաղաթելյանն իրենց չի ծեծել, նույնիսկ այդ դեպքում նրանց ծեծված լինելու հանգամանքը տեղ է գտել դատավճռում եւ ըստ այդմ ապացուցված համարվել Մ.Սաղաթելյանի մեղքը: Սա ուղղակի աբսուրդ է»: Ըստ նրա՝ կայացված դատավճիռը Մ.Սաղաթելյանին առաջադրված բոլոր մեղադրանքների մասով հակասում է Քրդատօրի 365 հոդվածի մասնավորապես 2-րդ կետի պահանջներին՝ «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա եւ կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը՝ ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասի 1-4 կետերում (1. ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը, 2. այդ արարքը համապատասխանում է արդյոք Քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին, 3. ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը, 4. ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ եւ, եթե այո, ապա Քրօրի որ հոդվածով, մասով, կետով է նախատեսված այն) նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»: «Ահա օրենքի այդ պահանջները դատարանը խախտել է առաջադրված մեղադրանքների բոլոր դրվագներով, որոնց վերաբերյալ ես ավելի մանրամասն եւ հիմնավորված նշելու եմ վերաքննիչ դատարանին ներկայացվելիք իմ բողոքում»,- ասաց նա: Անդրադառնալով իր պաշտպանյալին մեղսագրված «ակնհայտ սուտ մատնության նախապատրաստություն» մեղադրանքին՝ նա ասաց. «Ինձ համար անհասկանալի մնաց այն, որ նախաքննական մարմինը Մ.Սաղաթելյանին մեղադրել է այդ հանցանքի մեջ այն ձեւակերպմամբ, թե նա «27»-ի կազմակերպիչների վերաբերյալ սուտ տվյալները հավաքում էր Ազգային ժողովին ներկայացնելու համար: Նույն միտքը գրված է նաեւ դատավճռում: Այդ ձեւակերպումն ինքնըստինքյան արդեն բացառում է հանցակազմի գոյությունը, ինչն, ըստ էության, ընդունել են եւ նախաքննական մարմինը, եւ դատարանը: Դա ինքնին ենթադրում էր, որ այդ մասով գործն անմիջապես պետք է կարճվեր, բայց ոչ: Բանն այն է, որ ԱԺ-ին կամ այլ պետական կազմակերպությանը հանձնած նմանատիպ տվյալները օրենսդրությամբ սուտ մատնություն համարվել չեն կարող: Օրենքը սահմանում է, թե որն է «սուտ մատնությունը», իսկ դա ֆիզիկական անձանց հաղորդումներն են՝ բանավոր կամ գրավոր, որոնք ուղղված են բացառապես հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին: Վերջ: ԱԺ-ն այս շարքում չկա: Ինձ համար անհասկանալի է. եթե ընդունում եք, որ Մ.Սաղաթելյանը «27»-ի մասին հավաքած տվյալները տալու էր ԱԺ-ին, ինչո՞ւ են դա «սուտ մատնություն» համարում: Ես չեմ էլ ուզում հիշեցնել, որ եւ Մ.Սաղաթելյանն է հայտարարել, եւ «Շեյթան» ծածկանունով գործակալ Հ.Գրիգորյանն ինքն էլ է պնդել, որ իմ պաշտպանյալը փորձում էր ձեռք բերել ոչ թե «27»-ի կազմակերպիչների վերաբերյալ սուտ, կեղծ տվյալներ, այլ՝ իսկական»: Ի դեպ, առաջիկա երկուշաբթի ԱԺ-ում պետք է քննարկվի Քոչարյանի պաշտոնանկության հարցը, որի հիմքում ընկած է հենց «27»-ի գործն ու այն կասկածները, որոնք դեռ «27»-ից անմիջապես հետո կային մասնավորապես ոճրագործությանը նախագահի առնչությունների կամ մեղսակցության շուրջ: Դարձյալ կասկածներ, որոնց մասին օրենսդիրներից շատ առաջ հրապարակայնորեն հայտնել է Մ.Սաղաթելյանը: «Հիմա ի՞նչ, Քոչարյանին կասկածող օրենսդիրներն է՞լ պետք է դատվեն»: Այս հարցին փաստաբանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ ոչ թե նրանք պետք է դատվեն, այլ Մ.Սաղաթելյանն է՛լ չպետք է դատվեր: Նրանց ասածի, հայտնած կասկածների մեջ հանցակազմ չկա: Մարդն ազատ է մտածելու, իր կարծիքն ու կասկածները հայտնելու մեջ եւ եթե պահանջում է դրանք ստուգել՝ դա հանցագործություն չէ: Չեմ կարծում, թե մեր երկրում շրջող այդ կասկածները ստուգելը ի վնաս այն անձանց է, ում մասին խոսք է գնում, տվյալ դեպքում՝ Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի: Հակառակը, այդ կասկածները պետք է պահանջվեր ստուգել եւ ողջ լրջությամբ ու բազմակողմանիորեն եւ մեկընդմիշտ պատասխան տրվեր ու վերջ դրվեր դրան: Այլապես ստացվում է, թե այդ հանգամանքը կարող է օգտագործվել, այսօր՝ Մ.Սաղաթելյանին, վաղը՝ ինձ կամ այլոց կալանավորելու համար: Ասում են՝ կասկածներ ունես, եւ ասում են հանրապետության այն մասին, ովքեր նման կասկածնե՞ր ունեն: Մ.Սաղաթելյանը, ինչպես որեւէ այլ քաղաքացի, իրավունք ունի իր նախաձեռնությամբ, թեկուզ սիրողական մակարդակով հետաքննություն կատարել եւ նյութեր հավաքել: Դա ինքնին հանցագործություն չի: Հիմա կա կասկած, որը Մ.Սաղաթելյանը պահանջում է ստուգել. ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են խառնվել իրար, ինչո՞ւ են այստեղ հանցագործություն փնտրում: Չկա հանցագործություն: Կա այդ խնդրի վերաբերյալ մարդկանց մի մասի անտարբեր վերաբերմունք, մյուս մասի շատ շահագրգիռ վերաբերմունք»: Անդրադառնալով այն հարցին, թե վերաքննիչ դատարանից որեւէ ակնկալիք ունի՞, պրն Գրիգորյանը հայտարարեց. «Կարծում եմ, որ պետք է գտնվի գոնե մեկը, որ համարձակություն ունենա իրերն իրենց անուններով կոչել»: Բայց հաշվի առնելով, որ խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, նման համարձակություն ունենալու համար էլ համապատասխան քաղաքական մթնոլորտի առկայություն է պետք: Հուսանք, որ մինչեւ ՔՊԻՎ նախկին պետի գործը մտնի վերաքննիչ, քաղաքական մթնոլորտը Հայաստանում այլ եւ ավելի առողջ կլինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930